Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր Արտուշ Հակոբյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի, Դավիթ Գալստյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:
Դատավոր Մխիթար Պապոյանը տեղեկացրեց, որ 4 վկաների, որոնց ծանուցագրեր էին ուղարկել, հասցեներն այլ են:
Իսկ վկա ոստիկաններից Արամ Խաչատրյանը խնդրել էր, որ հաջորդ նիստին ներկայանա, կապված այսօրվա ծանրաբեռնվածության հետ, Ռուբեն Դավթյանն էլ արձակուրդում էր, Արարատ Ղազարյանն էլ ազատվել էր ոստիկանության համակարգից եւ ըստ նախնական տեղեկությունների, ընտանիքով տեղափոխվել էր Ռուսաստանի Դաշնություն:Մեկ վկա էլ զինծառայող էր, եւ հունիսին էր զորացրվելու:
Խոսքը Վալերի Սահակյանի մասին էր, ինչի կապակցությամբ պաշտպանական կողմից հնչեց առաջարկ, ծանուցագիրը ուղարկել զորամաս:
Կարդացեք նաև
Սակայն դատավոր Մխիթար Պապոյանը նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ զինծառայողներին մեկ ամիս կտեւի դատարան բերելու համար:
Մեղադրող Ջոն Ֆարխոյանն էլ դատարանին դիմեց, որպեսզի հարցում կատարվի ոստիկանությանը Արարատ Ղազարյանի ազատման հետ կապված:
Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են կազմակերպված խմբով ավազակային հարձակումներ կատարելու, «Լինսի» հիմնադրամի ԾԻԳ պատասխանատու Էդուարդ Բեզոյանի, նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի, նախկին համայնքապետ Աղվան Գրիգորյանի եւ մեծահարուստ այլ պաշտոնյաների առանձնատներից, չհրկիզվող պահարաններից գումարներ, զարդեղեն գողանալու համար:
Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մայիսի 20-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ