Կապանի միջով հոսող Ողջի գետում այսօր ձկների մասսայական անկման դեպք է արձանագրվել: Կապանի բնակիչներն առավոտյան նկատել են, թե ինչպես են գետի տարբեր հատվածներում ձկները անշնչացած ջրի երեսին հայտնվել եւ անմիջապես ահազանգել են դեպքի մասին: ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ Վահրամ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ձկների մասսայական անկման պատճառը երեկ գիշեր, ժամը 2-ի սահմաններում, Մեղրի-Երեւան մայրուղու 76-րդ կմ-ում Իրանի Իսլամական Հանրապետության վթարված ավտոմեքենայից Ողջի գետ արտահոսած ժավելի խտահեղուկն է եղել:
Նշենք, որ մայիսի 5-ին՝ գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Կապան- Քաջարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում ժավելի խտանյութ տեղափոխող «Սկանյա» մակնիշի 13B25410 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, որի հետևանքով արտահոսել է ավտոբաքի տարողությունը:
Վահրամ Պետրոսյանը նշեց, որ ձկների անկման դեպքն իրենք դեռեւս արձանագրել են գիշերը ժամը 2-ին, սակայն մթության պատճառով եւ գետի վարար լինելու հանգամանքով պայմանավորված՝ առավոտյան են սկսել աշխատանքներ տանել եւ ահազանգերի հետքերով գնալ: «Այսօր առավոտյան ահազանգերի հետքերով գնացել եւ գտել ենք որոշ քանակի սատկած ձկներ, մի մասն արդեն քշել-տարել է գետը: Սատկած ձկների ընդհանուր թիվը հստակ այս պահին չեմ կարող ասել, հնարավոր է, որ որոշ ձկներ էլ գիշերը գետը քշած-տարած լինի: Այսօր շուկայի կամրջի հարեւանությամբ գետի 20 քմ հատվածից հավաքել ենք մոտ 98 հատ ձուկ, դեռ շրջայցը շարունակում ենք, կարող է դեռ էլի հայտնաբերենք»,-ասաց ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետական տեսուչ Վահրամ Մարտիրոսյանը: Սատկած ձկները հիմնականում կողակ եւ բեղլու տեսակի են եղել: Պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք դեպքից հետո հնարավո՞ր է ձկնատեսակների վերացման խնդիր առաջանա: Վերջինս պատասխանեց, որ ձկնատեսակների վերացման վտանգ չի լինի եւ ժխտեց այդ մտավախությունը: Իսկ արձանագրված դեպքից հետո նմուշներն արդեն վերցրել են եւ ուղարկել լաբորատորիա հետազոտության:
«Ձկնատեսակների վերացման վտանգ չեմ կարծում, որ լինի, որովհետեւ Ողջին լեռնային գետ է եւ ինքնամաքրման հատկություն ունի, ուղղակի վտանգն այն է, որ անկման դեպքը մեծ է եղել, մեծ քանակի ձկներ են սատկել, գետը քշել-տարել է եւ չենք կարողանում հստակ ճշտել: Նախկինում եւս ձկների անկման նման դեպք է եղել Կապանում: Ջրմուղը քլորաջուր էր բաց թողել եւ ջրամբարները մաքրելուց հետո այդ ջուրը լցվել էր քաղաքի մյուս գետը՝ Վաչագանը, եւ գետի ձկնատեսակների մասսայական անկման պատճառ հանդիսացել»- հավելեց Վահրամ Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ