ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավար Ստյուրատ Դիքսոնը այսօր ասուլիսում ասաց, որ ինքն անձամբ նկատել է, թե ինչպես են ընտրողներին երթուղային տաքսիներով բերում տեղամաս եւ հետ տանում:
«Մեր առաքելության անդամները, որոնք այցելել են տեղամասեր, նկատել են, ես ինքս անձամբ տարբեր տեղամասեր այցելելով նկատել եմ: Սրա ուղղությամբ մեր դիտարկումները կհրապարակենք մեր վերջնական զեկույցում: Ես կցանկանայի ձեզ տեղյակ պահել, որ շատ եվրոպական երկրներում տրանսպորտային միջոցների տրամադրումը ընտրողներին, որ նրանք գան տեղամաս, հազվադեպ հանդիպող երեւույթ չէ: Իմ երկրում շատ ընտրողներ կընտրեն ոչ իրենց համակիր կուսակցության կողմից տրամադրվող տրանսպորտային միջոցից օգտվելը, որ իրենց ռեսուրսները տնտեսեն»,-ասաց պարոն Դիքսոնը:
Նա նաեւ նկատեց, որ տեղամասերում բջջային հեռախոսների օգտագործումը լուրջ խոչընդոտ կարող է դառնալ աշխատանքի համար, եւ պետք է իշխանությունները միջոցներ ձեռնարկեն, դա կանխելու համար:
Պարոն Դիքսոնն ասաց, որ տեղամասերում շրջելիս նաեւ արձանագրել են լրագրողների եւ դիտորդների չափից շատ թվաքանակ եւ տպավորություն են ստացել, որ նրանք աշխատել են կոնկրետ քաղաքական ուժերի եւ դաշինքների համար: Այս մասին, սակայն, նրանք չցանկացան մանրամասնել՝ պնդելով, որ մանրամասները կհաղորդեն իրենց զեկույցում:
Ինչ վերաբերում է տեղամասերում արձանագրված «կարուսելին» եւ բազմակի քվեարկությունների դեպքերին, պարոն Ստյուարտն ասաց, որ հետեւելու են դրանց վերաբերյալ բողոքների զարգացումներին եւ ընթացքը նույնպես ներգրավվելու են իրենց զեկույցներում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ