Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի «մանկական խաղերը», «սոլոն» ու ընդդիմության ձայների կորուստը

Մայիս 06,2013 13:54

«Լավ է, որ կեղծ ընդդիմադիրները ձայներ չհավաքեցին»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Երևանի ավագանու ընտրությունների անցկացումն` այսպիսի կարծիք հայտնեց «Համայնքների ֆինանսիստների միավորման» անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Այնուհետև պարոն Գիմիշյանը շարունակեց. «Ափսոս, որ քիչ էին «Բարև Երևանի» ձայները և ակնհայտ է, որ իշխանությունն ի դեմս ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վարչական ռեսուրսի և ընտրակաշառքի միջոցով կարողացավ ապահովել ակնհայտ մեծամասնությունը: Այս առումով բոլոր գործընթացները հիմնականում բնական եմ համարում: Իհարկե, բացառում եմ, որ ընտրությունները նորմալ, լավագույն ձևով անցկացված լինեն: Ու ոչ էլ կա մի ուժ, որ լրջորեն նման պահանջ է ներկայացնում, բացի խոսելուց: Հասարակությունը մի քանի ամիս առաջ նախագահական ընտրությունների ժամանակ վճռական քայլ կատարեց և տեսավ, որ առանձնակի տրամադրված ուժեր ընդդիմության համախմբման վճիռ կայացնելու փաստով չկան ու ավելի հիասթափված մոտեցավ այս ընտրություններին, ավելի քիչ կարևորեց դրանք, դրա համար էլ արդյունքներն այսպիսին են»:

Մեր այն դիտարկմանը, թե պարոն Գիմիշյանը ԲՀԿ-ին համարեց իշխանություն, այնինչ այդ ուժն իրեն այլընտրանք է համարում, նա այսպես պատասխանեց. «Այդպիսի բան գոյություն չունի: Իրենք երբեք չեն ասել, թե ընդդիմություն են, ՀԱԿ-ից բացի, ոչ ոք նրանց ընդդիմություն չի համարում: Իսկ մյուս բնորոշումները այընտրանք և այլն, մանկական խաղեր են: Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն իշխանության հետ եղել և մնում է ու չի էլ կարող ընդդիմություն դառնալ: Հենց ԲՀԿ-ն ցանկանա դառնալ ընդդիմություն, այդպիսի քաղաքական ուժ Հայաստանում չի լինի և երբեք չի հավաքի ոչ 20, ոչ էլ 30 տոկոս»:

«Հայաստանի համայնքների ասոցիացիայի» նախագահ Էմին Երիցյանն էլ նկատեց, թե այս ընտրություններում կար քաղաքական մրցակցություն և բուն ընտրությունների կազմակերպման համար բոլորը կրում էին կոլեկտիվ պատասխանատվություն, ինչը խախտումների ռիսկերը նվազեցնում էր:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին` Է. Երիցյանն ասաց. «Դրանք կանխատեսելի էին: Ընդդիմության հատվածում սխալ ռազմավարություն էին ընտրել թե՛ քարոզչության, թե՛ ռազմավարության առումով: Ընդդիմությունը չափից ավելի մեծ քաղաքական բովանդակություն էր ներկայացրել և բարձր նոտա վերցրել: Արդյունքում՝ ընտրողները չհավատացին առաջադրված խնդիրներին: Երևանի միջոցով ընդհանուր Հայաստանը փոխելու գաղափարը վստահություն չներշնչեց, ինչը վնասեց ընդդիմադիր ուժերին: Մյուս կողմից էլ արդյունքները կանխատեսելի էին, քանի որ քարոզարշավի ամբողջ ընթացքում բոլորը ՀԱԿ-ի տված ազդակից սկսած քարոզչական առումով սկսեցին սպասարկել ԲՀԿ-ին ու սկսեցին կորցնել իրենց դեմքը` ընտրազանգվածը կողմնորոշելով դեպի ԲՀԿ-ն: Օրինակ` ՀՅԴ-ն, որ հստակ սահմանել էր, թե իր նպատակն է լրացուցիչ ընտրողներին մոտիվացնել, որ քաղաքական մոտիվացիայով գային ընտրության, չափից ավելի մեծ նպատակ էր դրել իր առաջ, ուստի շատերը չհավատացին դրան և այդ տեսակ ընտրողը ընտրության չգնաց: Նույն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Բարև Երևանը» ներկայացան նույն ձևով`հակաքարոզչություն տանելով կոնկրետ անձի շուրջ ու կորցնելով սեփական դեմքը: Ընդդիմությունը բազմադերակատար էր, ինչպես երգչախումբը, որտեղ սոլոն` մենակատարը ԲՀԿ-ն էր, մնացածը զուտ ձայնակցողներ էին, դրա համար կորցրին իրենց ձայները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031