Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Նիկողոսյանը ենթասպայի դիտողությանը սեռական բնույթի հայհոյանքով պատասխանելու համար, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով, մեղավոր ճանաչվեց և որպես պատիժ նշանակվեց 15 օր ժամկետով կալանք, իսկ որպես պատժի սկիզբ կհաշվի նրան կալանքի վերցնելու օրվանից:
Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ՊՆ թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Նիկողոսյանը 2013 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, պահեստանոցից զենք-զինամթերք և անհրաժեշտ պարագաներ ստանալու ժամանակ սկսել է զինվորական գլխարկ փնտրել, ինչը տեսնելով, նշված վաշտի ավագ, ենթասպա Վաչե Միրզոյանն ասել է, որ «պահեստանոցում գլխարկ չկա, տես ով ունի, նրանից վերցրու», սակայն շարքայինը շարունակել է փնտրել, որից հետո ենթասպա Վաչե Միրզոյանը մոտեցել է նրան և ասել. «դուրս արի պահեստանոցից»:
Ենթասպայի դիտողությանն ի պատասխան, Խ. Նիկողոսյանը անպարկեշտ ձևով ստորացրել է նրան տալով սեռական բնույթի հայհոյանքով:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Խաչիկ Նիկողոսյանը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:
Կարդացեք նաև
Դատարանը գտել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան, քանի որ նա անկեղծորեն զղջացել է կատարվածի համար:
«Փաստինֆո»