Parliament.am Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 3-ին այցելեց Արարատի մարզի Զանգակատուն գյուղ. Պարույր Սեւակի թանգարանում ամփոփվեցին ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնի մարզային եզրափակիչ փուլի արդյունքները: Այս տարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող փառատոնը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծներ Պարույր Սեւակին եւ Համո Սահյանին: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ մեծ բանաստեղծի որդին՝ Արմեն Ղազարյանը:
Մինչ արդյունքներն ամփոփելը՝ խորհրդարանի ղեկավարը պատգամավորների, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, փառատոնի ժյուրիի անդամ հայտնի մտավորականների ու արվեստագետների ուղեկցությամբ խնկարկեց ու ծաղիկ խոնարհեց բանաստեղծի շիրիմին, այցելեց Սեւակի տուն, այնուհետեւ թանգարան: Այստեղ էլ մրցույթով եզրափակիչ փուլ անցած վեց դպրոցականներն ԱԺ նախագահի ու ժյուրիի անդամների կողմից ստացան մրցանակներ: Մրցանակակիրները հյուրերի ներկայությամբ մեկ անգամ եւս փայլեցին ասմունքելու իրենց վարպետությամբ, փոխանցեցին արվեստասերներին Սահյանի, Սեւակի բառն ու հույզը: Մինչ այդ թանգարանի բակում Հայաստանի վաստակաշատ դերասաններն ու ասմունքողներն էին կարդում հայտնի ստեղծագործություններ, անցկացնում վարպետաց դաս եւ բանախոսություն: Միջոցառմանն անակնկալ մատուցեց սիրված երգչուհի Սուսաննա Սաֆարյանը՝ կատարելով Պարույր Սեւակի եւ Համո Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մեկական երգ:
Արարատի մարզում 180 աշակերտներից 38-ն էին ստացել երզրափակիչ մարզային փուլում ասմունքելու հնարավորություն. նրանցից 6-ը ստացան մայիսի վերջին կայանալիք՝ հանրապետական փուլին մասնակցության ուղեգիր: Երկու՝ 11-14 եւ 15-17 տարիքային խմբերում առաջին տեղն զբաղեցրին համապատասխանաբար Թամարա Օհանջանյանը եւ Սարգիս Սարուխանյանը, երկորդը՝ Ռաֆայել Գալստյանը եւ Վարդգես Առաքելյանը, երրորդը՝ Լիանա Գրիգորյանը եւ Շուշանիկ Ասատրյանը:
ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց առաջին հերթին ասմունքել սիրող երեխաներին ու պատանիներին՝ ասելով, որ հպարտ է նրանց սերնդով ու գրականության հանդեպ սիրով: ԱԺ նախագահը երախտիքի խոսք ուղղեց նաեւ նրանց ուսուցիչներին ու ծնողներին: ԱԺ նախագահի բնորոշմամբ՝ ոգեւորիչ է փառատոնի մեկնարկից հետո մասնակիցների թվակաքանակի շեշտակի աճը. այն 5 հազարից հասել է արդեն 170 հազարի, ինչը վկայում է մեծ հետաքրքրության մասին: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց նաեւ, որ ծրագիրը շարունակական է լինելու:
Կարդացեք նաև
Միջոցառմանն աջակցելու համար նա շնորհակալություն հայտնեց նաեւ Արարատի մարզպետին, պատգամավորներին, ժյուրիի անդամներին, փառատոնի կազմակերպիչներին: Հովիկ Աբրահամյանը ներկաներին տեղեկացրեց մեկ այլ մտադրության մասին՝ կրկին մտավորականների ու շահագրգիռ մարդկանց մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ՝ հայոց լեզուն պահպանելու եւ, ընդհանրապես, մեր լեզվին՝ որպես ազգի պահպանության կարեւոր հիմքի, պատշաճ ուշադրության արժանացնելու նպատակով: