Լրահոս
Օրվա լրահոսը

Թարմ մոտեցումների ժամանակը

Մայիս 06,2013 08:14

Հայաստանում ստեղծված անմխիթար վիճակի համար պատասխանատու է նախեւառաջ իշխանությունը, որը ոչ ոչ միայն վերջին 5, այլեւ վերջին 20 տարում չի կարողացել կամ չի ցանկացել ստեղծել մրցակցային քաղաքական դաշտ եւ ազատ շուկայական հարաբերություններ: Կոռուպցիան, արտագաղթը, ընտրությունների մեխանիզմի ոչնչացումը՝ դրա ածանցյալներն են: Բայց այսօր քաղաքական ուժերը փորձում են վարկաբեկել ազատական գաղափարները, եւ դա անում են տարբեր պատճառներով՝ ՀՀԿ-ն դրանով ցանկանում է վարկաբեկել ՀՀՇ-ին («90-ականներին ամեն ինչ քանդեցիք»), իսկ ՀՀՇ-ն (ՀԱԿ-ը) այդպիսով փորձում է «շտկել» իր իմիջը՝ լիբերալիզմից առաջ կպցնելով «սոցիալը»:

Մինչդեռ մեր խնդիրը, իմ կարծիքով, ոչ թե լիբերալիզմն է, այլ՝ դրա անհետեւողական կիրառումը 90-ականներին, ինչպես նաեւ դրա բացակայությունն այսօր: Սկզբունքորեն ճիշտ ուղղություն ընտրած ՀՀՇ-ին եւ Հրանտ Բագրատյանին 90-ականներին արգելակում էին բազմաթիվ հանգամանքներ՝ ոչ միայն պատերազմը, այլեւ տարբեր տեսակի հասարակական բողոքների վախը:

Մի կողմ թողնելով տնտեսությունը (որտեղ այդ ամենը շատ ցայտուն է երեւում), օրինակ բերեմ գիտության ոլորտից: Այն ժամանակ ծրագիր կար վերացնելու Գիտությունների ակադեմիան եւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը: Բայց մտավորականները, ակադեմիկոսներն այնպիսի վայնասուն բարձրացրեցին, որ իշխանությունը չհամարձակվեց դա անել:

Եթե այսօր խորհրդային այդ ռուդիմենտները չլինեին, գիտությունը դրանից միանշանակ կշահեր: Բայց հիմա եթե Արմեն Աշոտյանը դրա մասին կեսբերան ակնարկի, նրան կհամեմատեն բացառապես Աբդուլ Համիդի հետ՝ որպես հայ ազգի եւ հայ մտավոր պոտենցիալի ոխերիմ թշնամի. որովհետեւ կա զառամյալների մի խումբ, որի համար այդ ռուդիմենտար ինստիտուտները հարմար կերակրատաշտ են: Ենթադրում եմ, որ այդ «հասարակական ընդվզումը» կպաշպանի նաեւ ՀԱԿ-ը՝ պարզապես այն պատճառով, որ դա պոպուլիզմ խաղալու եւ իշխանությանը խփելու եւս մի առիթ է:

Ընդդիմությունը պարտավոր է պոպուլիստ լինել, իսկ դրա ամենահեշտ ձեւակերպումը հետեւյալն է. «Նրանք հարուստ են, դուք աղքատ եք, նրանք հարուստ են, որովհետեւ ձեզ թալանում են: Նրանց հարստությունը պետք է բաշխել ժողովրդի մեջ»: 20 տարուց ավելի է՝ այդ «շիրա տալն» իր անվրեպ ազդեցությունն է թողնում Ազատության հրապարակում հավաքված մարդկանց վրա, շոյում է նրանց ականջը, բորբոքում է նրանց՝ առանց այդ էլ բորբոքված ուղեղները:

Իհարկե, ընդդիմադիր քաղաքական ուժերն ինձ կառարկեն՝ «մենք չենք ասում՝ մորթենք իշխանավորներին կամ հարուստներիին, տիրանանք նրանց ունեցվածքին, մենք ասում ենք՝ բերենք նրանց հարկային դաշտ, ապահովենք խաղի կանոններ, զրկենք մենաշնորհներից», եւ այլն: Բայց դա, այսպես ասած, «տուրք է քաղաքակրթությանը». իրականում ընդդիմության քարոզչության հիմքում դրված է հարուսների եւ հարստության նկատմամբ ատելություն բորբոքելու պարզունակ շարիկովյան սխեման: Դրա հետեւանքներից մեկը, ի դեպ, այն է, որ «հեղափոխական պատժիչ սրից» վախեցած իշխանավորներն ու հարուստներն այնպես են «սոսնձվում իրենց աթոռներին», որ ոչ մի կերպ կտրել չի լինում: Իսկ երբ միլիոնատերերն են ընտրությունների ժամանակ «նարոդնիկություն» խաղում՝ «ես ձեզանից մեկն եմ», դա արդեն անեկդոտի է նմանվում՝ քիչ է մնում հազար դոլարանոց ցնցոտիներ հագնեն:

Մեր հասարակական միտքը պետք է զարգանա, ինձ թվում է, հակառակ ուղղությամբ: Ի՞նչ կասեք, օրինակ, այսպիսի գաղափարի վերաբերյալ (իմը չի, ուրիշներից եմ լսել՝ պարզապես վկայակոչելու արտոնություն չունեմ): Պատկերացրեք, որ պետությունը պահանջում է հարուստից հայտարարագրել իր ունեցվածքը: Ենթադրենք, այն 10 կամ 100 միլիոն դոլար է: Պետությունն ասում է՝ շատ լավ, ես չեմ հարցնում, դա որտեղից է՝ թալանել ես, կերել ես, գողացել ես՝ քեզ լինի: Բայց այս պահից սկսած դու ամեն եռամսյակ հայտարարագիր ես հրապարակելու քո եկամուտների եւ ծախսերի մասին, եւ պարտավոր կլինես ամեն մի լուման փաստաթղթով հիմնավորել: Վախենամ, եթե այդ գաղափարը առաջ կաշի որեւէ քաղաքական գործիչ, ընդդիմադիր հռետորը Ազատության հրապարակում կբղավի՝ «ոմանք առաջարկում են օրինականացնել թալանը»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Մեսրոպ Հարությունյան says:

    Այդ առաջարկը նոր չէ: Դրա տարբերակը կիրառվել է Ղազախստանում՝ «Կապիտալի ամնիստիա» անվանումով՝ 2000 կամ 2001 թվականին: Ասում եմ տարբերակը, որովհետեւ ունեցվածքը հայտարարագրելուց հետո, կարծեմ, (մեխանիզմը լավ չեմ հիշում, կարելի է ստուգել Գուգլով), որոշակի գումարը գերազանցող ունեցվածքից ինչ-որ տոկոս գանձվում էր բյուջե: Միանգամից հսկայական գումարներ մտան բյուջե: Շարունակությունը, արդեն, ինչպես գրված է Արամի հոդվածում. պարտավորվում էին հայտարարագրել աշխատած յուրաքանչյուր լուման… Թե դա ինչքանով հաջողվեց, ինչքան մնաց ստվերում, դժվարանում եմ ասել: Բայց կարծում եմ հարկ է այդ փորձն ուսումնասիրել…

  2. Արթուր Իշխանյան says:

    Պարոն Աբրահամյան
    Ակադեմիայի վերաբերյալ Ձեր կարծիքը, շատ վիճահարույց է, նաև՝ ապակառուցողական։ Առաջարկում եմ լրջորեն քննարկել հարցը հրապարակային հեռուստաբանավեճով։
    Իսկ այժմ բերեմ ընդամենը երկու հակափաստարկ. նախ՝ գիտահետազոտական հաստատությունները, որոնք դուրս են եղել ակադեմիայի կառույցից, այս տարիներին հիմնականում ոչնչացվել են կամ կրել շատ ծանր կորուստներ, իսկ ակադեմիականները մեծամասամբ պահպանվել են ու գործում են համեմատաբար արդյունավետորեն։ 2–րդ` Դուք իրո՞ք «լուրջ կերակրատաշտ» եք համարում ամսական 150 հազար դրամ պատվովճարն այն պարագայում, երբ ակադեմիայի անդամներից շատերն այսօր ամենաարդյունավետ աշխատող գիտնականների ցանկում են` միջազգային ամենաբարձր չափորոշիչներով։ Մի հիշեցում էլ՝ մեր երկրում միջին աշխատավարձը 120 հազար է, իսկ Կենտրոնական Բանկի միջինը՝ 500 հազար։ Պատվովճարները նույնիսկ արժանապատիվ կենսաթոշակ չեն հանդիսանում։ Շնորհակալություն։
    Հարգանքով`
    Արթուր Իշխանյան

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իհարկե, կերակրատաշտ է՝ ձեռքերը ծալած նստել ու 150.000 դրամ ստանալ: Կերակրատաշտ է, այն էլ՝ ձրի:

      • Արթուր Իշխանյան says:

        Լավ, մտածեք այդպես։ Իսկ ի՞նչ կասեք հրապարակային բանավեճի առաջարկի մասին։

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Եթե խոսքը նրա մասին է, որ ես լինեմ բանավեճի կողմ, ապա դա բացառված է՝ բանավիճողները պետք է լինեն ոլորտի մասնագետներ: Իմ գրածը մասնավոր դիտարկում էր՝ օրինակ, որը հոդվածի գլխավոր միտքը չէր: Ես կարող եմ կազմակերպերպել բանավեճ, որի սկիզբը կարող է դրվել Ձեր, Արթուր, կամ թեկուզ «Արմեն Պետրոսյան» ներկայացող ընթերցողի հոդվածով, եթե, իհարկե, վերջինս կոռեկտության սահմանները չանցնի եւ ինձ անձնական վիրավորաններ չուղղի: Այնպես որ` խնդրեմ:

          • Արթուր Իշխանյան says:

            Համաձայն եմ, իհարկե, որ բանավիճել ու թեկուզ օրինակ բերել պիտի իրեն թույլ տա ոլորտի մասնագետը, այլապես կհայտնվի բարդ ու անհարմար վիճակում։
            Շատ բարի, պայմանավորվեցինք, սպասում եմ Ձեր զանգին, շնորհակալություն։

  3. Արմեն Պետրոսյան says:

    Փոխանակ մտածելու թե ոնց գիտության ոլորտը խրախուսեն, օրինակ, ասենք գիտության ոլորտի հարկերը մեղմացնեն, միջազգային գիտական դրամաշնորհները հարկերից ազատեն, գիտության ոլոտում մասնավոր կազմակպությունների ներդրումները խթանեն ու հարյուր ուրիշ բան, ուզում են գիտական հանրությունը պառակտեն, իրար վրա հանեն կռվացնեն։ Տեսեք-տեսեք` իբր ակադեմիան խնդիր է։ Պրն Աբրահամյանն էլ խոսնակ է աշխատում այդ քարոզչամեքենայում։ Լսեք, ակադեմիան միակ պատական կառույցն է որ աշխատում ու միջազգային մակարդակի արդյունք է տալիս։ Ամոթ արեք էլի խոսելուց առաջ։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հենց այդ ոճով եւ այդ մակարդակով էլ ազգային մտավորականությունը կռիվ կտա հանուն հնացած կառույցի պահպանման: Հ.Գ. Մանսավոր կազմակերպությունները զառամյալ պորտաբույծների մեջ ներդրումներ չեն անում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031