Թիվ 8/8 ընտրատեղամասում հանձնաժողավականները քիչ առաջ վեճի բռնվեցին ու չեկան ընդհանուր հայտարարի:
Տարաձայնությունները սկսվեցին, երբ ՀՀԿ ավագանու թեկնածու Արթուր Պետրոսյանը ցանկացավ մասնակցել քվեաթերթիկների հաշվարկին, բայց չուներ անձը հաստատող փաստաթուղթ, ու հանձնաժողովականները չկողմնորոշվեցին՝ նրան թույլատրե՞լ, թե՞ ոչ: Հանձնաժողովի նախագահ Արտյոմ Խաչատրյանը քվեարկության դրեց հարցը, բայց հանձնաժողովականները միաձայն կողմ չքվեարկեցին, սակայն ավագանու թեկնածուն բերեց վարորդական վկայականը ու հանձնաժողովականները համաձայնության եկան:
Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանը հակառակվեց, պնդեց, որ առանց անձը հաստատող փաստաթղթի իրավունք չունեն գրանցել ավագանու թեկնածուին, բացեցին օրենսգիրքը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Տարոն Իսրայելյանն էլ նկատողություն արեց հանձնաժողովի նախագահին. «Ինչ ասում է, հատիկ-հատիկ լսում ես: Քո ձայնը թող հարգվի բոլորի կողմից: Ես ուզում եմ, որ դու օրենքով շարունակես մինչեւ վերջ»:
Մի ուրիշ ՀՀԿ-ական էլ՝ Արայիկ Գրիգորյանը, կրկին հանձնաժողովի նախագահին նկատողություն արեց. «Դու պետք է օրենքը սովորած գայիր ստեղ, որ նորից չբացեիր, չկարդայիր»:
«Այո, դա իմ թերությունն է»,- համաձայնեց հանձնաժողովի նախագահը:
Այս պահին տեղամասում պատրաստվում են սկսել հաշվարկը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ