Այսօր Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի երեք անդամներ՝ Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը եւ Հովհաննես Մարտիրոսյանը, մեկնեցին Էլբրուս՝ «Red Fox Elbrus Race» միջազգային ամենամյա փառատոնի շրջանակներում գրոհելու Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթը:
Ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հրավերն ստացել ենք Ռուսաստանի մեր գործընկերներից: Փառատոնին մասնակցելու են 16 երկրների շուրջ 260 մարզիկ լեռնագնացներ, որոնք մրցելու են քայ ռանինգ մրցաձեւում: Դա ալպինիզմի եւ աթլետիկայի յուրօրինակ հիբրիդ է: Մեկնարկը տրվելու է Էլբրուսի լանջին՝ ծովի մակերեւույթից երեք հազար մետր բարձրության վրա: Մասնակիցները պետք է վազքով, մագլցումոմներով, ցատկերով հաղթահարեն ժայռեր, լեռնային գետեր, երեւացող եւ չերեվացող սառցաճեղքեր, այլ բնական արգելքներ եւ հասնեն ծովի մակերեւույթից ուղղահայաց գծով չորս հազար մետր բարձրության վրա գտնվող եզրագիծ: Իսկ դա մոտ ութ կիլոմետր ճանապարհ է»:
Հարցին, թե մեր տղաները նման փորձ ունեն եւ կարող են պայքարել շատ թե քիչ բարձր տեղերի համար, Սուրեն Դանիելյանն ասաց. «Անցած տարի մենք Արագածում փորձամրցում անցկացրինք մեր լավագույն ալպինիստ մարզիկների մասնակցությամբ: Եվ այս երեք տղաները անգամ մեզ համար անսպասելի բարձր արդյունքներ ցույց տվեցին: Հենց դա է մեզ հիմք տվել ընդունելու՝ փառատոնի կազմակերպիչների հրավերը: Հնարավոր է, որ տղաները մասնակցեն տարբեր դիսցիպլինների եւ նրանցից մեկը հասնի ընդհուպ մինչեւ Էլբրուսի լեռնագագաթ: Եթե նրանք տեղ զբաղեցնեն առաջատարների տասնյակում, դա մեզ համար մեծ նվաճում կլինի, եթե հաշվի առնենք, որ մրցափորձ չունեն»: Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքերով իրենք համապատասխան ֆինանսավորում չեն ստանում, դրա համար էլ տղաները մեկնում են իրենց միջոցներով: «Եթե հնարավորություն լիներ, մենք նրանց կուղարկեինք տասն օր առաջ՝ կլիմայափոխվելու, մրցուղիներին ծանոթանալու: Իսկ հիմա նրանք տեղ կհասնեն վաղը, իսկ մյուս օրը կելնեն մեկնարկի: Լավ է, որ մարզագույքի խնդիր չունենք: Ռուսներն արդեն մեկ ամիս Էլբրուսում հավաք են անցկացնում», – ասաց Սուրեն Դանիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ