Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառքների մասին ՀՅԴ գրասենյակ կատարած ահազանգերով զբաղվում է ոստիկանությունը

Մայիս 04,2013 20:56

Երեկվանից ՀՅԴ գրասենյակի թեժ գծին քաղաքացիների կողմից ահազանգեր են լինում, որ մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում ՀՀԿ եւ ԲՀԿ կողմնակիցները 10 եւ 20 հազարական դրամներ են բաժանում քաղաքացիներին: Այս ահազանգերը գրասենյակից փոխանցել են նաեւ ոստիկանության թեժ գծին, ինչի կապակցությամբ այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի գրասենյակում ոստիկանության տարբեր տարածքային բաժինների քննիչները բացատրություն էին վերցնում գործավարուհուց:

Aravot.am-ը եւս ներկա էր, երբ ոստիկանության Էրեբունի բաժնի տարածքի ոստիկանության քննիչը ՀՅԴ ԳՄ գործավարուհի Սուսաննա Պողոսյանից բացատրություն էր վերցնում: Մինչ այդ Սուսաննա Պողոսյանն արդեն բացատրություն էր տվել մեկ բաժանմունքի քննիչին, եւ էլի սպասվում էին մի քանի բաժինների քննիչների այցելություններ, եւ որպեսզի նույն բանը մի քանի անգամ չկրկնվի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ոստիկանության ղեկավարության հետ պայմանավորվեց ուղղակի կենտրոնացնել ոստիկանության աշխատանքը, առայժմ այլ բաժինների քննիչներին չուղարկել ԳՄ՝ քննության, եւ եղած բացատրությունների հիման վրա կատարված քննության արդյունքներից ելնելով` ՀՅԴ-ն կորոշի հետագա քայլերը՝ շարունակե՞լ բացատրություն տալ այլ բաժանմունքների քննիչներին, թե՞ ոչ:

Aravot.am-ի հետ զրույցում գործավարուհի Սուսաննա Պողոսյանը պատմեց, որ Երեւանի ավագանու ընտրությունների առթիվ ՀՅԴ-ն թեժ գիծ է բացել, այն նաեւ գովազդվում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ, ուստի քաղաքացիները որեւէ խախտում նկատելուց՝ զանգահարում էին իրենց թեժ այդ հեռախոսահամարով. «Հիմնականում ահազանգերը լինում էին ընտրակաշառքների մասին, քաղաքացիները պնդում էին, որ Չարենցի փողոցում, Աջափնյակում, Շենգավիթում, Էրեբունիում, Կենտրոնում` կաշառք է բաժանվում, իհարկե հասցեներն էլ նշելով: Ես եւ մյուս հեռախոսավարուհին այդ ահազանգերն անմիջապես փոխանցում էինք ոստիկանության թեժ գծին: Երկու բացատրություն տվեցի Նորք Մարաշի բաժնի եւ էրեբունիի քննիչներին, հիմնականում հարցնում էին քաղաքացիների անունները: Ես ոստիկաններին ասացի, որ քաղաքացիները չէին ներկայանում,քանի որ թեժ գիծ է եւ այդ մարդկանց գաղտնիությունը պահպանվում է: Քանի որ մայիսի 3-4-ի ժամանակահատվածում հավաքել ենք ահազանգերը եւ հետո այդ ամբողջը փոխանցել ոստիկանության թեժ գծին՝ չենթադրելով, որ նման բացատրությունների կարիք պիտի լինի, ժամ ու օր կոնկրետ չենք ֆիքսել՝ թե տվյալ քաղաքացին որ օրը եւ որ ժամին է զանգել: Ոստիկաններն ինձ հարցնում էին այդ մանրամասներն ու անունները, բայց դե բնականաբար քաղաքացին չի ներկայացրել իր տվյալները: Չենք ֆիքսել նաեւ զանգողների հեռախոսահամարները, քանի որ ֆիքսող հեռախոս չունենք մեզ մոտ: Մենք ընդամենը փոխանցել ենք ահազանգերը, որպեսզի ոստիկանությունն իր ռեսուրսներով ճշտի՝արդյոք հավաստի՞ են ահազանգերը»:

Aravot.am-ը ոստիկաններից մեկից փորձեց ճշտել, արդյոք այցելե՞լ են ահազանգերով նշված հասցեներ, սակայն քննիչը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031