Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ծայրահեղ միջոց համարեց ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

Մայիս 04,2013 20:38

 

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննեց Դանիել Իոաննիսյանի, Լուսինե Պետրոսյանի, Ռշտուն Մարտիրոսյանի հայցըˋ ՀՀԿ-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաեւ Ռ. Հովհանիիսյան ներկայացած քաղաքացուˋ դիմումատուի հայցը, որի պնդմամբ քարոզարշավի ժամանակ որպես հիմն հնչեցրած «Էրեբունի Երեւան» երգը որպես հիմն հնչեցնելուց առաջ պետք էր ունենալ թույլտվություն:

ԿԸՀ-ն քննելով Ռ. Հովհաննիսյանի հայցը, որոշեց, որ, վերոնշյալ երգը իբրեւ հիմն հնչեցնելը քարոզչության ընթացքում օրենքի խախտում չէ, հեղինակից նախապես համաձայնություն չստանալը եւս:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ այս ամենից ելնելով՝ դիմումատուի հայցը ՀՀ ընտրական օրենսգրքի կարգավորման առարկա չի հանդիսանում: ԿԸՀ-ի որոշմամբ՝ դիմումը կարճվեց:

ԿԸՀ-ն անդրադարձավ «Բարեւ Երեւան» դաշինքի անդամների դիմումին, որում խոսվում է իրենց ակտիվիստների եւ լրատվամիջոցների արձանագրած խախտումների մասին եւ պահանջ ներկայացվում ՀՀԿ-ի կողմից պետբյուջե փոխանցել քսաներկու մլն դրամ, քանի որ, ըստ իրենց՝ խախտումներն իրականացրել է ՀՀԿ-ն, հետեւաբար խնդրվում է կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչել, իսկ ընտրաթերթիկներում ՀՀԿ-ի վրա գիծ քաշել:

Դիմումում նաեւ նշվում է, որ դպրոցներում հավաքագրում են ծնողների անձնագրերը, իսկ որպես ապացույց ներկայացվեց a1plus.am կայքի տեսանյութը: Նշվում է, որ տարբեր ԶԼՄ-ներ վերջին օրերին անդրադարձել են ընտրախախտումներին ու նաեւ այն, որ քարոզարշավի ժամանակ խոչընդոտել են «Բարեւ Երեւանի» աշխատանքին:

Իոաննիսյանի խոսքից կարելի էր ենթադրել, թե ապացուցներ ունեն, բայց չեն ներկայացրել, ինչի հետ կապված Մուկուչյանն առաջարկեց ժամանակ տալ, մինչ ապացույցները կբերեն: Մուկուչյանը հերթականությամբ մեկնաբանելով Իոաննիսյանի նշված փաստարկների աղբյուրները ասաց, որ դրանցում, օրինակ Slaq.am կայքից ներկայացված ապացույցում, չի երեւում անգամ այն, թե նյութի հեղինակն ով է, եւ չի նշվում ով է ընտրակաշառք բաժանվել: Իոաննիսյանն էլ հակադարձելով ԿԸՀ նախագահին, ասաց, որ ինքը վստահում է լրատվամիջոցներին, սակայն՝ «Ես չեմ կարող անուններ ասել, չեմ կարող գնալ մարդկանց բռնել, բերման ենթարկել, դա պետք է անեն իրավապահները»:

Մուկուչյանը հարցրեց՝ «Այ օրինակ ասում եք, որ Տարոն Մարգարյանը մի քաղաքացու օգնել է, իսկ դուք որեւէ մեկին չե՞ք օգնել ձեր կյանքում»:

Իաոննեսյանն պատասխանեց՝ «Այո, բայց ես որեւէ մեկին քարոզարշավի ժամանակ հանդիպման չեմ բերել»: Մուկուչյանն ի պատասխան դիմումատուի` ասաց՝ «Եթե նույնիսկ բերել է, ի՞նչ…», ապա հարցրեց՝ «Դուք անընդհատ ասում եք, թե ընտրակաշառք են բաժանում, բա ինչո՞ւ նկարներ չեք ներկայացնում, ինչպես նախկինում էիք անում»:

Իոաննիսյանն էլ պատասխանեց. «Ես չեմ կարող մտնել մարդկանց տուն ու նկարել, թե ինչպես են նրանց ընտրակաշառք, կամ ձու տալիս, ես դա կարող եմ անել, եթե բաժանեն փողոցում…»:

ԿԸՀ նախագահը զարմացավ, ասելով, եթե չեք կարող մտնել մարդկանց տուն, այդ դեպքում ի՞նչ գիտեք, թե մարդկանց տներում ընտրակաշառք են բաժանում, հավելելով, որ Իոաննիսյանի վկայակոչումների մեջ կոնկրետ փաստեր չկան:

Այնուհետեւ անդրադարձ եղավ ֆեյսբուքում «Ավելի լավ Երեւան էջին», որն էլ ըստ Իոաննիսյանի՝ հավանողները վաթսուն հազարից շատ են ու դա եղել է մեկ ամսում, այսինքն, նրա խոսքով՝  էջը լայքողների մեծ մասը չի տիրապետում հայոց լեզվին, չիմանալով է լայքել: Բացի այդ՝ էջի հանրաճանաչության համար հատուկ, թանկ տեխնոլոգիաներ են կիրառվել, ինչի հետեանքով նրանց պետք է տուգանել: Մուկուչյանը հարցրեց, իսկ «Բարեւ Երեւանն» էջ չունի՞ ֆեյսբուքում, եւ եթե ունի, ապա նրա հավանողների թիվը որքա՞ն է կազմում: Իոաննիսյանը ասաց, որ իրենք էլ ունեն, բայց հավանողների թիվը մի քանի հազար հոգի է: Շարունակելով Իոաննիսյանին ուղղված հարցը Մուկուչյանն ասաց, որ այդ տրամաբանությամբ եթե շարժվեն, ուրեմն «Բարեւ Երեւանի» պարագայում էլ գանձված գումարը «Ավելի լավ Երեւան էջի» համար արված հաշվարկի տասը տոկոսը կկազմի:

ԿԸՀ-ն պարզաբանելով դիմումատուի պահանջները` հայտնեց, որ ներկայացված ապացույցները փաստական հանգամանք չեն պարունակում, նախընտրական քարոզչապաստառներ կարող են անսահմանափակ թվով տպագրվել, տարածվել, օրենքով նախատեսված վայրերում: Ընտրակաշառքի հետ կապված ապացույցները կոնկրետ փաստական հանգամանք չէ:

«Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավը խոչընդոտելու հետ կապված ապացույցներ ներկայացված չեն, իսկ պնդումներն անհիմն են:

Քարոզչական ծախսերի հետ կապված՝ որեւէ կուսակցության կողմից չի հայտարարագրվել ոչինչ, ընդ որում դա օրենքի խախտում չէ, եւ այդպիսով անհիմն են դիմումատուի ներկայացրած ենթադրյալ գումարները:

Ֆեյսբուքում «Ավելի լավ Երեւան» էջի հետ կապված էլ նշվեց, որ անտրամաբանական է, թե ինչ հաշվարկներ են արվել Իոաննիսյանի կողմից: Իսկ ՀՀԿ-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հայտնեց, որ նախ դա ամենածայրահեղ միջոցն է, իրավական հիմնավորումներ չկան, բավարար չեն խախտումների թվարկումները, խախտումների հետեւանքները պետք է լինեն անդառնալի:

ԿԸՀ-ն որոշեց դիմումը մերժել, իսկ որոշումը կարող է բողոքարկվել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031