«Հիմա, երբ կյանքը մի մեծ հանրախանութ է, ու ամեն բան դարձել է ծախու… ». սրանք «Կյանքը հանրախանութ» ստեղծագործության տողերն են. հեղինակը Հռիփսիմե Գալստյանն է: Ստեղծագործում է դեռևս դպրոցական տարիքից: Անկեղծանում է . «Այն ժամանակ գրում էի ինչ ասես՝ բանաստեղծություններ, որ բանի պետք չէին, որովհետև միայն կառուցվածքով էին բանաստեղծություն, ակնարկներ, փոքրածավալ արձակ ստեղծագործություններ»: Այնուհետև որոշակի դադարից հետո, որը տևում է մոտավորապես 3 տարի, շարունակում է ստեղծագործել, երբ արդեն 2-րդ կուրսում էր, ինչպես ասում է ՝ այդ ժամանավանից սկսած կանգ առնել չի կարողանում: Ստեղծագործելու հարցում իրեն ոգեշնչել է հատկապես իր Հայոց լեզվի դասախոսը. «Նրա նախաձեռնությամբ մի դաս նվիրել ենք ստեղծագործելուն: Նա ուզում էր պարզել, թե բանասերների գեղարվեստական մտածողությունը որքանով է զարգացած: Երկու թեմա էր առաջարկված: Ես երկու թեմաներով էլ շատ արագ գրեցի: Մի շաբաթ անց պարզվեց, որ ընկ. Աբաջյանը իմ երկու շարադրությունները ճանաչել է առաջինը և նույնիսկ իր որդիների համար է կարդացել: Դա մեծ վստահություն տվեց»:
Հռիփսմեն նշում է` ամենից շատ գրել է սիրո մասին. «Ավելի ճիշտ՝ գրել եմ Կիսասիրո մասին, որովհետև դա սեր էր, որը թաքնված էր ու կիսատ»: Նա նաև հավելում է. «Որոշ ժամանակ անց երբ կարդում էի, հասկանում էի, որ գրել եմ այն, ինչ պետք է լիներ հետո… այսինքն՝ ես, կարծես, գրում էի այդ սիրահարվածության սցենարային զարգացումը: Եղավ այն, ինչ նախապես գրել էի… Ավարտվեց դեռ չսկսված, պարզապես դրա հետ ավարտվեց նաև ընկերական մի լավ հարաբերություն»: Հռիփսիմեի խոսքով ՝ ինքն այժմ համարյա չի գրում սիրո մասին: Սակայն վերջին շրջանում այն ամենն ինչ գրում է, առավել քան հոգեհարազատ է իրեն, որովհետև ինչպես ինքն է ասում, շատ երկար ժամանակ եփված տողեր են: Հռիփսիմեն իր ստեղծագործությունները տեղադրում է բլոգումում: Նրա խոսքով՝ բլոգ բացելը շատ պատահական է ստացվել. սկզբում ստեղծագործությունները կարդում էին միայն մտերիմ կուրսեցիները, հետո սկսեց ֆեյսբուքում գրառումներ կատարել: Մի օր էլ ընկերներից մեկը, ով կայք ուներ, առաջարկում է, որ իր ստեղծագործությունները տեղադրի կայքում. «Համաձայնեցի: Դիտումների քանակը, LIKE-երը, մեկնաբանությունները ինձ գայթակղեցին: Մի օր էլ որոշեցի, որ ինքս եմ բլոգ բացում ու բացեցի»,-ասում է նա: Հավելում է . «Ստեղծագործող մարդուն բլոգն անհրաժեշտ է, քանի որ այսօր հարկավոր է ինքնառեալիզացվել»: Բլոգի հետ կապված հիշում է մի հետաքրքիր դեպք. օրերից մի օր մի երիտասարդ, իր բանաստեղծություններից մեկում թողնում է մեկնաբանություն . «Սիրո տաճարի քրմուհին ես դու»: Փորձեցի ժպտալով շրջանցել, բայց համառորեն շարունակում էր. «Իսկ ձեր տաճարում զոհեր մատուցվո՞ւմ են, քրմուհի´»: Փորձեցի սրամտել, չգիտեմ՝ որքանով ստացվեց. «Այո, մատուցվում են, բայց Աստծուն, ոչ թե քրմուհուն »:
Որքան էլ զարմանալի է, սակայն ինչպես Հռիփսիմեն է ասում՝. «Ստեղծագործում եմ հիմնականում զայրացած ժամանակ»: Նա նաև ստեղծագործում է նաև մարզական թեմաներով: Սպորտի հանդեպ սերը ծագել է մանկուց. «Ես մեծացել եմ գյուղում, բազմանդամ ընտանիքում: Մեծ տուն ունեինք ու այդ տանը ապրում էինք հորեղբորս ընտանիքի հետ: Հորեղբայս երեք որդի ուներ, և միայն ես էի աղջիկ: Մանկապարտեզ չկար. ամբողջ օրը տանն էինք: Անգամ մեր «թաղում» աղջիկներ չկային: Բոլորը տղաներ էին, ու ես ստիպված իրենց հետ ֆուտբոլ էի խաղում»: Երկրպագում է Արսենալ, Չելսի, Ռեալ Մադրիդ ակումբներին, իսկ Հայաստանում՝ Փյունիկ, Միկա, Շիրակ: «Սկզբում նարդայնանում էի ֆուտբոլ նայելուց, հետո սկսեցի նայել մի քիչ ավելի սիրով, քանի որ, ինչպես ասում են. «Եթե չես կարող անել այն, ինչ սիրում ես, ստիպված ես սիրել այն, ինչ անում ես,-ասում է Հռիփսիմեն ու հավելում,-
մի օր էլ զգացի, որ արդեն սկսել եմ անհամբերությամբ սպասել հերթական խաղին, արդեն «Էն դեղին շորերով թիմը» անուն ուներ՝ Բրազիլիայի հավաքական, ու ես իսկապես նրանց էի երկրպագում»: Նա նաև հավելում է ՝ կյանքն ընկալում է որպես Շախմատային պարտիա-Ֆուտբոլային հանդիպում:
Նա իրեն բանաստեղծուհի չի համարում. «Հիմա շատ տարածված է. ստեղծագործում են, իսկ նրանց կոչում են «Ստեղծագործող», բայց շատերն անմիջապես հրաժարվում են այդ «կոչումից»: Իմ դեպքում թերևս արդարացված կլինի հրաժարվելը, որովհետև ես մասնագիտությամբ բանասեր եմ, իսկ բանասերների շրջանում գրելը տարածված երևույթ է, այլ հարց է, թե ինչպես են ստեղծագործում»: Հռիփսիմեն, սակայն, 2011թվականին մասնակցել է Երիտասարդ ստեղծագործողների մրցույթին և հաղթող ճանաչվել: Այս տարի նույնպես մասնակցում է : Այնուամենայնիվ պնդում է՝ «Բանաստեղծ պետք է ծնվել, իսկ ես չգիտեմ՝ ինչպիսի՞ն եմ ծնվել»:
Նազենի Բաղդասարյան