«Սկզբում մեղադրում էինք Վիեննային, հետո`Մոսկվային, հիմա`Բրյուսելին: Դուք հնարավորություն ունեք եւ կարող եք գտնել մեկին, որին անընդհատ կմեղադրեք նրա համար, որ ձյուն եկավ», – այսօր Ծաղկաձորում մեկնարկած «ԵՄ Արեւելյան գործընկերություն`ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում եւ կայունություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը:
Քննարկումը կազմակերպել են Հայաստանում Չեխիայի հանրապետության դեսպանատունն ու «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը»: «Եվրոպային մոտենալը խիստ ծանր ճանապարհ է, բայց արժե: Սիդիները կարող են ավելի թանկ արժենալ, բայց օրենքի բազմաթիվ խախտումների կարող եք կանխել»,- ասաց բանախոսը`հումորով հակադարձելով քննարկմանը մասնակցող ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այն դիտարկմանը, որն առավել պատկերավոր եւ հանարամատչելի ձեւով ներկայացնելով իրավիճակն ասաց. «Մենք էլ ենք ուզում ունենալ խանութներ, որտեղ մտավոր սեփականությունը պաշտպանված է եւ սիդիներն արժեն 10-15 եվրո»:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում այսօր մենք որոշ չափով մոտենում ենք այն եզրին, որտեղ սկսվելու է իրականացման փուլը. «ԵՄ ասոցացման համաձայնագիրը կարեւոր գործիք է մեր երկրի համար: Մեր հասարակության մեջ կարծես ունենք այդ ներքին համաձայնությւոնը, ուստի նման գործիքի գոյությունը շատ կարեւոր է մեզ համար: Իրականացումը շատ բարդ խնդիր է, լինելու են շատ բարդ հարցեր, ծանր խնդիրներ եւ ամեն ինչ չէ, որ ընդունվելու է հասարակության կողից: Սա ռեֆորմ է եւ բնականաբար այն առաջ է բերելու նաեւ անհամաձայնություններ եւ հակասություններ»:
Պարոն Մնացականյանն այս առումով երկու կարեւոր խնդիրներ է առանձնացնում`կառավարման համապատասխան ինստիտուցիոնալ համակարգ ունենալը եւ հասարակական դեբատները խորացնելը: «Մեր բարեփոխումն ըստ եվրոպական ստանդարտի, բերելու է եւ հնարավորություններ, եւ խնդիրներ»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Ներկայացնելով Չեխիայի դիրքորոշումն`Արեւելյան գործընկերության հետ կապված, կնքահոր դիրքերից, քանի որ նաեւ Չեխիայի առաջարկով է ստեղծվել ՀԿ-ների ֆորումը, որպեսզի արեւելյան գործընկերները հնարավորությւոն ստանան առավել սերտ շփվելու եվրոպական գործընկերների հետ, Պետր Մարեշն ասաց, որ չորս տարի առաջ այդ համագործակցությունը սկսելը բարդ հարց էր, քանի որ կապելու էր տնտեսական եւ քաղաքական հարցերը: «Մենք դրական ակնկալիքներ, այդ առումով չունեինք, երբ սկսում էինք ծրագիրը ԵՄ սահմաններից դուրս: Սակայն, Հայաստանը, բարեբախտաբար, հուսախաբ անող երկրներից չէ: Մեկ-երկու տարի առաջ թերահավատությամբ էինք լցված Հայաստանի մասնակցության մասով, բայց այսօր մեզ համար անսպասելիորեն Հայաստանն առաջատար է, իր ետեւում թողնելով տարածաշրջանային Վրաստանը եւ նույնիսկ Մոլդովային, որոնք այս «դասարանում» նախորդ տարիներին ամենալավն էին»:
Բանախոսը նկատում է, որ Արեւելյան գործընկերությունը եւ հարաբերությունները ԵՄ երկրների հետ կառավարություն-կառավարություն հարց չէ, այլ հարաբերություններ է ժողովուրդների միջեւ. «Մենք ուրախ ենք, որ կառավարությունների միջեւ հարաբերությունները զարգանում են, բայց առաջնայինը հասարկությունների շփումն է: Կարեւոր է, որ Հայաստանը չի ձգտում ԵՄ անդամակցության, ինչը հատուկ կարգ եւ դիրքորոշում է տալիս, քանի որ շաերը ձգտում են եւ իրենց այնպես են պահում, որ վաղը դառնալու են ԵՄ անդամներ: Ձեր կառավարության այդ դիրքորոշումը շատ խելացի է, քանի որ ԵՄ ընդլայնման հեռանկար այս պահին չկա: Կան զարգացումներ ԵՄ ներսում եւ արեւելյան սահմաններից դուրս: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ փոփոխություններ կլինեն, երբ կսկսվի ԵՄ ընդլայնման գործընթաց: Կարեւոր է, որ ԵՄ-ն եւ Հայաստանն ազատորեն որոշեն, 20-30-40 տարի հետո`դիմել կամ ընդունել ԵՄ: Այս պահին ելքը ասոցացման համաձայնագիրն է:
Պարոն Մարեշը գրեթե վստահ է, որ տարեվերջին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովում ասոցացման պայմանագիրը գործի կդրվի եւ արդեն կմտնենք հարաբերությունների նոր փուլ`պայմանագրի կիրարկում: «Դա բարդ շրջան է լինելու, հավանաբար, նույնիսկ ցավագին»,-հիշելով Չեխիայի նախապատրաստական փուլն` ասաց նա, նշելով, որ դեռ Չեխիան ավելի լավ վիճակում էր, քան այսօր Հայաստանն է. «ՀԿ-ները եւ քաղաքական ընդդիմությունը կարող են լուրջ դեր խաղալ: Եթե չլինի ժողովրդի աջակցությունը, ոչ մի կառավարություն դա չի կարող անել, բայց հավատացեք, դա արժե անել: Դա ձեւ է, որ դուք կարողանաք ազատ որոշումներ կայացնել: ԵՄ-ն ոչ ոքի չի ստիպում մտնել իր կազմի մեջ, ավելին, այս պահին հակառակն է փորձում անել: Դա ձեզ ազատ ընտրության հնարավորություն կտա, որը հիմա դուք չունեք: Եթե Հայաստանն ունենար այդ ազատ ընտրությունը`ընդունել հյուսիս արեւելքից եկող առաջարկությունը, այն խնդիրները որոնց դուք բախվում եք, որեւէ երկիր, որը անցել է նման փուլերով, չի կարողացել անցնել առանց քաղաքական խռովությունների, բայց դա հաղթահարելուց հետո, դուք կլինեք ավելի ազատ ժողովուրդ, քան այս պահին եք»:
«Եթե ԵՄ-ի դռներն այս պահին փակ են, իսկ դա այդպես է, կան բազմաթիվ ետնամուտքեր, օրինակ կրթական ծրագրերը: Միայն ասոցացման պայմանագրի վրա պետք չէ կենտրոնանալ, դա հիմնականում կառավարության խնդիրն է, բազմաթիվ ետնամուտքերի մասին չպետք է մոռանալ, դրանք ավելի լայն հնարավորություններ կարող են բացել»,-եզրափակեց պարոն Մարեշը`հավելելով. « Հայաստանի պարագայում դեռ ժողովրդավարության պակասի խնդիրներ կան, նաեւ ընտրական գործընթացներում: Հայաստանի վերաբերյալ զեկույցների լեզուն զգուշավոր է: Սակայն, համաձայնագրի անդամության թեկնածու մյուս հինգ երկրների հետ համեմատած, Հայաստանի դիրքերն ամենալավն են: Բրյուսելից եկած արձագանքն էլ դրական է»:
ՀՀ-ում Չեխիայի հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան էլ իր ելույթում հավելեց, որ Չեխիան պատրաստ է ամեն կերպ նպաստել ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացմանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ