«Դորիանս» խմբի նախաեվրատեսիլյան վերջին հանդիպումներն են լինում լրագրողների հետ: Օրեր առաջ մամուլի ասուլիս է հրավիրվել, որին մասնակցել են Գոռ Սուջյանը, Գագասը, Արման Փահլեւանյանը, Էդգար Սահակյանը, Արման Ջալալյանը, ինչպես նաեւ խմբի մենեջեր Արա Թադեւոսյանն ու «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Խոսելով «Dorians»-ի եվրատեսիլյան ելույթի մասին` Գոհար Գասպարյանը նշել է, որ Շվեդիայում արդեն իսկ սկսվել են խմբի փորձերը.»Կարող է զարմանալի թվալ, բայց կազմակերպչական աշխատանքներն այնքան են զարգացել, որ կրկնօրինակող դերասանների մասնակցությամբ փորձեր են իրականացվում: Հենց երեկ մենք դիտել ենք «Dorians»-ի առաջին փորձը ու պատկերացրեք` բավական լավ էր ստացվել, ցավոք, այդ տեսանյութը հրապարակելու իրավունք չունենք», այս մասին գրել է Bravo.am-ը: Մյուս հայտնի երգի մրցույթին՝ «Մանկական նոր ալիք»-ին ինչպես գիտենք մեր մասնակիցը Անգելինա Գասպարյանն է, ով և երգի մրցույթի բացմանը հանդես կգա երգչուհի Անի Լորակի հետ համատեղ կատարմամբ: «Դեռևս չգիտենք, թե ինչ երգ է ընտրվելու, սակայն դա կլինի Անի Լորակի երգացանքից որեւէ ստեղծագործություն»,- NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում նշել է Անգելինայի պրոդյուսեր Քնարիկ Սասունյանը: Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 23-28-ը Յուրմալայում կկայանա մեծահասակների «Նոր ալիք 2013» մրցույթի եզրափակիչ փուլը: Իսկ օգոստոսի 16-18-ը Արտեկում կանցկացվի «Մանկական Նոր ալիք 2013»-ը: Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող համերգները ոչ պակաս հետաքրքիր ու նշանակալից են, դա էր վկայում նաև մայիսի 2-ին Ամերիկյան հայտնի ջազ-ռոք կիթառահար Լի Ռայթնաուրի ելույթը երեւանյան «…Yans» ակումբի համերգային դահլիճում: Ռայթնաուրի հետ ելույթ են ունեցել հարվածային գործիքներ նվագող Ռոջեր Բիվանդուն, բաս-կիթառահար Մելվին Լի Դեւիսը եւ դաշնակահար Ջոն Բիսլին: Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի խաղաղօվկիանոսյան ափի ճանաչված կիթառահարն իսկապես կարողացավ իր ստեղծագործության մեջ ջնջել երաժշտական ոճերի եւ ուղղությունների միջեւ սահմանները: Նրա ձայնադարանում կարելի է գտնել ցանկացած ճաշակի ալբոմ՝ սկսած 1993 թվականին ձայնագրված եւ ոսկե դարձած Wes bound սկավառակը, որը երաժիշտը նվիրել է մեծագույն ջազ կիթառահար Ուես Մոնթգոմերիին, եւ վերջացրած դաշնակահար Դեյվ Գրուզինի (Dave Grusin) մասնակցությամբ 2000 թվականին Two Worlds-ում դասականի կատարումներով, այս մասին գրել է NEWS.am STYLE-ը: Վահագ Ռաշը նախատեսում է նոր երգ ներկայացրել իր երկրպագուներին: Այդ նպատակով օրեր առաջ երգիչն իր ֆեյսբուքյան էջում հարցում է անցկացրել՝ առաջարկելով ընտրել ներկայացված հայ գրողնեից մեկին և նշել կոնկրետ ստեղծագործություն. «Քվեարկեք և կիսվեք ընկերների հետ: Ավելի շատ ձայներ հավաքած գրողի ստեղծագործություններից մեկի բառերով կգրվի մի հետաքրքրիր երգ», – գրել է նա: Մինչ երգիչները ձգտում են նոր երգեր ձայնագրել, տեսահոլովակ նկարահանել ու «վաստակել» հասարակության ուշադրությունը, հարավկորեացի երգիչ Psy-ի նոր տեսահոլովակը` « Gentleman»-ը, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Երգի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 12-ին, իսկ 14-ին այն դիտվել է 38,4 մլն անգամ: Շաբաթվա պրեմիերաները՝ Արման Նշանյան «Քո սիրո համար», Ջուս և Կարեն Օհանյան «Tonight», Հռիփսիմե Հակոբյան «Խոստովանություն», Քրիստինե Պեպելյան «Երևան», Միհրան Ծառուկյան «Մի նայիր», Արսեն Սաֆարյան «Պարոնայք սպաներ»:
Տիգրանուհի Թասլակյան