22-ամյա Ավետ Ավետիսյանը սովորում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Մասնագիտությամբ բեմադրիչ-դերասան է: Ուսման համար գումար չունենալու պատճառով ազատ ունդկնդիր է: Ավետը դրան զուգահեռ հետաքրքրվում է լուսանկարչությամբ: Պատմում է, որ 16-17 տարեկան ուսանող էր, երբ ինքնուրույն նկարեց իր կուրսային աշխատանքը: Երիտասարդի եղբայրը, ով մասնագիտությամբ օպերատոր է, նայել է նկարած վիդեոները, չի հավանել, իսկ դրանից հետո էլ մասնագիտական ուղղումներ արել. «Նույն տեսախցիկով սկսեցի ֆոտոներ անել: Հետո գտա Զենիթ ապարատ ու սկսեցի կամաց-կամաց զբաղվել լուսանկարչությամբ: Բանակից գալուց հետո` էլ ավելի էր աճել հետաքրքրությունս դրա հանդեպ»:
Սակայն այն փաստը, որ շատ մարդիկ զբաղվում են լուսանկարչությամբ եւ ունեն տեխնիկա, վշտացրել է Ավետիսին: Ասում է, որ այդ ժամանակ ինքը չուներ լավ տեխնիկա: Օրերից մի օր բախտը ժպտացել է սկսնակ լուսանկարչին ու նա ձեռք է բերել իր համար անհրաժեշտ սարքը. «Դրանից հետո ավելի խորացած սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ: Հասկացա, որ բացի դերասանական արվեստից կա ևս մի բան, որով որ երջանիկ եմ: Գտա` ասելիք, տալու բան, որովհետև ֆոտոյով էլ հնարավոր է այնպես անել, որ հանդիսատեսդ կարողանա մտնել երկխոսության մեջ այն պատկերի, այն գույնի ու վայրի հետ, ինչ տեսել ու մեկնաբանել է քո աչքը»:
Ավետը նկարում է այն, ինչ կարող է տեսնել աչքը: Նախընտրում է պեյզաժի ոճը: Լուսանկարչությամբ զբաղվում է հաճույքի համար, մեկ-մեկ էլ` գումար աշխատելու նպատակով: Ֆոտոսեսիաներ անում է, երբ ունի կոնկրետ գաղափար, որը հնարավոր է փոխանցել կամ տալ. «Դրա համար պետք է մոդել կամ կադրում գտնվող օբյեկտ: Կա անհերքելի մի փաստ` բնության մեջ պետք է լինի կամ կոնկրետ օբյեկտ` հենց նույն բնության միջից, կամ էլ պիտի մարդ մտնի կադրիտ մեջ, քանի որ դրանց չլինելու դեպքում այն դատարկ կնայվի: Առանց բնության մարդը կիսատ է, իր կատարյալ տեսակով չի ու առանց մարդու ինքը կատարալեություն է: Այ սա է ամենաբարդը, որ հնարավոր չի բառերով արտահայտել»:
Լուսանկարչությունը երիտասարդին երջանիկ լինելու զգացողություն է տալիս: Պատմում է, որ մի քանի օր առաջ հատուկ դուրս էր եկել նկարելու համար: Նկարել է` ամբողջ օրը ու հասկացել, որ գտել է այն հարցի պատասխանը, որն իրեն հուզել է. «Եթե ինձ հարցնեն` ի՞նչ կանես, եթե մի օր իմանաս, որ դա քո կյանքի վերջին օրն է, ապա ես կպատասխանեմ` կնկարեմ: Տպավորություն է, որ ֆոտոխցիկը մարմնիս մի մասն է»:
Ավետի աշխատանքների վրա` որպես հեղինակ, նշվում է Ավետ Բազե Ավետիսյան: Ինչու հենց Բազե: Դա իր պատմությունն ունի.
«1-2-րդ կուրս եմ, նոր-նոր սկսել էի զբաղվել ֆոտոյով: Երազանքների գիրկն ընկած մանկիկ էի, կուրսղեկիս լուսանկարներս էի ցույց տալիս: Հետո, երբ դուրս եկանք լսարանից` խոսելով գնում էինք: Ասացի, որ արշավներ ու լեռներ եմ ուզում բարձրանալ ու նկարել: Իմ հետ էին դերասանական կուրսի աղջիկներից երկուսը: Երբ դասախոսս իմացավ, որ տենց ազատատենչ գախաափարներով, սարեր, լեռներ սիրող, բարձրությունից չվախեցող երիտասարդ եմ, անունս Բազե դրեց: Այդ աղջիկներն էլ սկսեցին ինձ այդպես կոչել:
Նրանց նման մի քանի հոգ էլ սկսեցին ինձ այդպես ասել, իսկ հետագայում էլ դա սկսեց դուր գալ ինձ եւ դարձրի այսպես ասած` մականուն»:
Թեեւ լուսանկարչությունը Ավետի կյանքի անբաժան մասն է, սակայն նա ասում է` աշխատելու է որպես դերասան-ռեժիսոր:
Արամ Արարատյան