Ամբողջ Եվրոպայում 90 մլն մարդ խոսում է գերմաներեն, իսկ ամբողջ ԵՄ–ում գերմաներենը ամենաշատ օգտագործվող լեզուն է։ Ասել, որ Հայաստանում գերմաներեն լեզուն ամենատարածված օտար լեզուն է, սխալ կլինի, այնուամենայնիվ մեր հանրապետությունում որոշակի քայլեր ձեռնարկվում են լեզվի զարգացման ու տարածման համար։
Հայաստանում մայիսի 4–ն առաջին անգամ նշվում է որպես գերմաներենի ուսուցիչների օր, ինչի առթիվ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ մեկնարկեց երկօրյա միջոցառումների շարք։ ՀՀ–ում Գերմանիայի դեսպանատան աշխատակից Քրիստոֆ Բրոյնիգը նշեց, որ շատ ուրախ է, որ Հայաստանում այսպիսի աշխույժ մոտեցում կա գերմաներենի նկատմամբ։ «Օր օրի ավելի շատ երիտասարդներ են որոշում սովորել գերմաներեն, և մեր խնդիրն է օժանդակել այդ երիտասարդներին»,–ասաց Քրիստոֆ Բրոյնիգը։
Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ով ընդգծեց, որ այսօր մի քանի անգամ ավելի ուսանողներ են հնարավորություն ստանում սովորել Գերմանիայի համալսարաններում, քան հինգ տարի առաջ։ «Այսօրվա միջոցառումը հերթականն է Հայաստանում գերմանական մշակույթի և լեզվի դասավանդմանն ուղված, և պետք է նշեմ, որ վերջին տարիներին հնարավոր դարձավ Հայաստանում ընդլայնել գերմաներենի ուսուցման ծավալները»,–ասաց նա։
Խոսքի վերջում Արմեն Աշոտյանը ուրախալի լուր հայտնեց այն մասին, որ ևս մեկ գերմանական դպրոց պատրաստակամություն է հայտնել փոխանակման ծրագրով հանդես գալ հայկական որևէ դպրոցի հետ։
Կարդացեք նաև
Անի ՄԻՐԱՔՅԱՆ
Քրիստոֆ Ռեյնեգի փոխարեն պետք է լինի Քրիստոֆ Բրոյնիգ։
Շնորհակալություն: ՈՒղղումն արված է