«ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական փառատոնը կանցկացվի մայիսի 13-19
«ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որը կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը, հայ դատին կներկայացվի առաջին անգամ: Փառատոնն իր ձևաչափով բացառիկ է, քանի որ իր մեջ ներառում է արվեստի 6 ոլորտ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:
Ըստ բանախոսի` փառատոնը նպատակ ունի աշխուժացնելու մայրաքաղաք-մարզեր երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, ընդլայնել համագործակցության շրջանակը, ճշտելու ստեղծագործական ձեռքբերումներն ու բացահայտել նոր անուններ.«Պետք է վերացնել բոլոր տեսակի անջրպետները՝ կապված մայրաքաղաք-մարզերի հետ»:
Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են մայրաքաղաքային և մարզային ստեղծագործական միավորումներ և անհատ ստեղծագործողներ` ավելի քան 130 մասնակից: Ըստ Բարսեղյանի` մասնակցության համար ընդունվել է շուրջ 170 հայտ:
Կարդացեք նաև
Ըստ փառատոնին մասնակցելու պահանջների կարող էին մասնակցել 16-38տարեկան անձինք. «Դուրս մնացին միայն այն հայտերը, որոնք նշված տարիքային սանդղակից դուրս էին: Սրանցից կընտրվեն լավագույնները, որոնք կստանան ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակներ, ինչպես նաև աջակիցների հատուկ մրցանակներ»,-ընդգծեց Բարսեղյանը:
Ռեժիսոր Հայկ Օրդյանն իր խոսքում նշեց, որ սովորաբար փառատոներին ներկայացվող ֆիլմերի գերակշռող մասը փաստագրական ֆիլմերն են, սակայն այս փառատոնին ներկայացվող ֆիլմերում գերակշռում է խաղարկայինը. «Փառատոնին ներգրավված են վերջին 3 տարիներին նկարահանված ֆիլմերը: Շատ կարևոր է դուրս գալ միջին վիճակից և թիկունք կանգնել երիտասարդներին»:
Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Աննա Հեքեքյանն էլ հավելեց, որ վերջին 3 տարիների ընթացքում նկարահանված ֆիլմերը հասարակության լայն շերտերին ծանոթ չէ. «Սա լավ հնարավորություն է անվճար տեսնել, գնահատել և մասնակցություն ունենալ փառատոնին, որի ընթացքում կնկատեք, թե երիտասարդներն իրենց աշխատանքներով որքան են տարբերվում միմյանցից: Շատ տարբեր և մոդեռն են մտածում»:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանն այս փառատոնին կարևորում է շնորհալի երիտասարդների նոր անուններ ի հայտ գալու փաստը և հույս հայտնում, որ փառատոնի բոլոր օրերը հագեցած կլինեն:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ