ՍԴՀԿ ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի խոսքերով, ՍԴՀԿ-ն չի լուծարվել, իրենք են 126 ամյա կուսակցության իրավահաջորդը:
«Լուրջ չեմ համարում, որ իշխանություններն իրենց բան ու գործը թողած հեռախոսներով զանգեն եւ ասեն՝ այս հարցը այսպես լուծեք, այն հարցը այնպես, բոլոր իրավական հիմքերն ունենք… Իրենք անպայման փորձում են մեր հետևում տեսնել մութ և մեծ ուժեր, ինչը քաղաքական դաշտին բնորոշ է։ Մենք օրենքի սահմաններում դատարան ենք ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, իսկ ինչ անհրաժեշտ չի եղել, չենք ներկայացրել»,- այսօր «Հայնյուզ» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց պարոն Պերկուպերկյանը՝մեկնաբանելով Գուրգեն Եղիազարյանի պնդումները, թե ՍԴՀԿ վերաբերյալ դատավարության հետեւում կանգնած են իշխանությունները եւ ամեն ինչ արեցին՝ իրական ՍԴՀԿ-ն լուծարելու համար:
Փաստաբան Վահագն Մանուկյանն էլ վստահեցրեց, որ մեկ տարի տեւած ՍԴՀԿ-ի գործով որոշումը արդար, օբյեկտիվ դատաքննության արդյունքում է ընդունվել:
Անդրադառնալով կրկին Գուրգեն Եղիազարյանի ասածներին, թե անօրինական որոշում է կայացվել ու դատաքննության ընթացքում Գ. Պերկուպերկյանենք չգրանցված փաստաթղթեր են ներկայացրել, պարոն Մանուկյանն հավելեց.
Կարդացեք նաև
«Եթե խոսում են առանց փաստական ապացույցների, նրանց ասածները դառնում են հիմնազուրկ: Մյուս կողմը կաշկանդված չէր իրենց վկայակոչած փաստերը ժամանակին ներկայացնել, թող ներկայացնեին»:
Գ. Պերկուպերկյանին եւ նրա կողմնակիցներին իշխանական պրոյեկտ համարողներին էլ պարոն Պերկուպերկյանը հիշեցրեց. «2008-ից մասնակցել եմ ՀԱԿ-ի բոլոր միջոցառումներին: Երբ Գուրգեն Եղիազարյանին ձերբակալեցին, մենք երիտասարդներով ՀՀՇ-ում նստել ենք հացադուլի: Մարդիկ ամնեզիայով են տառապո՞ւմ, չեմ հասկանում»: Նաեւ հավելեց. «ՍԴՀԿ-ի որոշումների վրա ոչ մի դրսի ուժ չի կարող ներազդել, ում կընտրի համագումարը, մնացածը պարտավոր են ընդունել»:
Հարցին, թե հիմա իրենք որ դաշտում են՝ ընդդիմադիր, թե իշխանական, պարոն Պերկուպերկյանը պատասխանեց. «Ընդդիմադիր դաշտում ենք միանշանակ, քանի որ ոչ մի կերպ իշխանությունների հետ լծակ չունենք, չնայած դրան, սոցիալական արդարության, մենաշնորհի խնդիրների շուրջ, եթե իշխանությունները քայլեր անեն, մենք կաջակցենք մեր բոլոր հնարավորություններով»:
Նա նաեւ վստահեցրեց, որ իրեն հայհոյախառն սպառնալիքներ ուղարկած Գուրգեն Եղիազարյանի որդին՝ Համբարձում Եղիազարյանը, իր արածի համար պատասխան կտա ընտրություններից հետո:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ