Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի «քաղաքական շլությունը» դեռ կշարունակվի

Մայիս 04,2013 13:40

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ Հայաստանի կոմպլեմենտարիզմի, Եվրասիական եւ Եվրամիության դեգերումների մասին

– Ապրիլի 10-ին Երեւանում փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել վարչապետ (դեռ՝ պաշտոնակատար) Տիգրան Սարգսյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Իսկ մայիսի 2-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշեց Հայաստանում հիմնել «Ռուսական վարժարան» հիմնադրամ: Մեկ տարի առաջ Տիգրան Սարգսյանը բավականին կոշտ պնդում էր, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարց օրակարգում չկա: Խոսքի եւ գործի այս տարբերությունը ինչպե՞ս հասկանալ:

– Նախ, իհարկե, անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ պարոն Սարգսյանը չէ, որ իրավասու է արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում վերջնական որոշումներ կայացնել կամ այդ կողմնորոշումը կանխորոշող ինքնուրույն գործողություններ կատարել: Ուստի այդ՝ դեռեւս երեւակայական միությանը միանալ-չմիանալու հարցը խորհրդանշական բնույթ կրող գործողությունների միջոցով չէ, որ պետք է իր լուծումը ստանա: Մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենալու փաստարկը համոզիչ չէ մի շարք պատճառներով: Ի վերջո, Եվրամիության գոտու երկրների հետ եւս մենք դեռ ընդհանուր սահման չունենք: Այս կարգի փաստարկները վտանգավոր են այն առումով, որ ի հայտ են բերում մեր քաղաքականության գաղափարախոսական հակասականությունը. մի կողմից՝ ասում ենք, որ ընտրում ենք եվրոպական արժեհամակարգը, եւ դա է մեզ մղում Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացման, իսկ մյուս կողմից՝ հայտարարում ենք, որ Եվրասիական դաշինքի մեջ մտնելուն խոչընդոտում է ոչ թե Ռուսաստանում այժմ առկա արժեհամակարգը, այլ ընդհանուր սահմանի բացակայությունը: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ եթե վաղը Ադրբեջանի՝ Եվրասիական դաշինք մուտք գործելով ստանանք դրա հետ ընդհանուր սահման, ապա մենք էլ կանդամակցենք, եւ արդյոք Արցախի կորուստը չի՞ լինի մեր վճարելիք գինը դրա համար: Բայց այս ամենը վերացականի ոլորտից է, մինչդեռ ես կարծում եմ, որ աշխարհաքաղաքական գործընթացներն այժմ այնպիսի արագացմամբ են ընթանում, որ այսօր նախընտրելի թվացող տարբերակները կդառնան անիրագործելի, եւ մեզ համար այդօրինակ զարգացումների տրամաբանության շրջանակներում ընտրության հնարավորություն չի մնա:

– Հետաքրքիր է, որ զուգահեռաբար վերջնական տեսքի են բերվում ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունքները, եւ չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ արդեն, ի թիվս այլ երկրների, նաեւ Հայաստանի հետ կնքվի այդ պայմանագիրը: Հայաստանն իր կոմպլեմենտարիզմով ինչքա՞ն կարող է շարունակել:

– Ես գտնում եմ, որ իրավիճակը կորոշակիանա առաջիկա երեք-չորս տարիների ընթացքում: Հայաստանը մնալու է ռազմաքաղաքական լրջագույն սպառնալիքներ պարունակող տարածաշրջանի խաչմերուկներից մեկը, սակայն, կախված վարվող քաղաքականությունից, այն կարող է լինել եւ խաղաղության կղզյակ, եւ թիրախ:

– Այս օրերին հրապարակվեց ժողովրդավարության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որին նախորդել էր «Կարֆուր» ցանցի գալը ձգձգելու մասին մտահոգությունը: Մեկ տարի առաջ ԱՄՆ-ը շատ ավելի զուսպ էր Հայաստանին ուղղված իր ընտրական գնահատականներում: Սա որքանո՞վ կապ ունի դեպի Ռուսաստան մեր հայացքը ուղղելու հետ:

– Ես կարծում եմ, որ մենք մեր հայացքը Ռուսաստանից երբեւէ իրապես չենք էլ կտրել, պարզապես տառապում ենք իրավիճակով պայմանավորված քաղաքական շլությամբ՝ մեկ աչքով հյուսիս ենք նայում, իսկ մյուսով՝ արեւմուտք: Պարզապես հիշենք, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը միասնաբար պաշտպանեցին պարոն Սերժ Սարգսյանի վերահաստատումը պաշտոնում, ու իրենք բոլորից լավ գիտեն դրա գինը: Այստեղ կարեւորն այն է, որ իրենց եւ Ռուսաստանի պահվածքն այս հարցում նույնական էր ու ներդաշնակ: Անձնապես այն տպավորությունն ունեմ, որ եվրո-ամերիկյան դեսպանական հանրույթն ու դիտորդները Հայաստանում արեցին հնարավոր ամեն բան, որպեսզի ազատեն ռուսներին այդ ընտրությունների օրինականությունը ճանաչել տալու հետ կապված հետագա անխուսափելի դժվարություններից:

– ԱՄՆ Պետդեպի զեկույցում բավական կոշտ ձեւակերպումներ կային նաեւ Ղարաբաղին վերաբերող հատվածում: Հավանական համարո՞ւմ եք, որ այդ կոշտությունը շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների վերածվի՝ պատերազմական գործողությունների տեսքով:

– Հայաստանի հավանական ռազմական թիրախ դառնալու հավանականության մասին արդեն հիշատակել եմ, իսկ այս հարցի համատեքստում կարող եմ ասել միայն, որ մեր արեւմտյան գործընկերները կնախընտրեն որեւէ ուժային դիմակայության մեջ չներքաշվել եւ մի հսկայական տարածքում, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում, վիճելի խնդիրների ռազմական կարգավորումը բարդել Ռուսաստանի վրա:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031