Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուտ եք ուրախանում. դեռ բավականին տանջվելու եք»

Մայիս 04,2013 13:28

Լյուդմիլա Սարգսյանը՝ Սեդրակ Աճեմյանին եւ Գեւորգ Պերկուպերկյանին

Նախօրեին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Բունիաթյանը հանգուցալուծեց երեք տարի շարունակվող հնչակյանների վեճը: Դեռ 2009 թվականին սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ ՀԱԿ դաշինքի անդամ Սոցիալ-դեմոկրատ կուսակցությունում կռիվ է ընկել. կուսակցության մի մասը՝ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ցանկանում է շարունակել մնալ ՀԱԿ դաշինքում, մյուս մասը՝ ՍԴՀԿ Կեդրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ, ցանկանում էր գործել իշխանական դաշտում: Այս երեք տարիների ընթացքում, ինչպես ասում են, այս խմորը բավականին ջուր վերցրեց՝ միմյանց դեմ ուղղված տարբեր հայցադիմումներ, տարբեր վճիռներ, ընդհուպ մինչեւ անձնական վիրավորանքներ հնչեցրին կողմերը: Վերջին հայցը, որը վերաբերում էր կուսակցության դրոշը, գրանցման վկայականը, գույքը, կնիքը, փաստաթղթերը, արխիվը նոր ատենապետին հանձնելու պահանջին, ներկայացրել էր «իշխանական» հնչակյանների ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը: Մեկ տարի քննելուց հետո դատավոր Բունիաթյանը վերջապես որոշեց՝ ՍԴՀԿ ատենապետը Պերկուպերկյանն է, եւ կուսակցական ատրիբուտները Սարգսյանը պետք է փոխանցի նրան:

Երեկ այս առիթով «Առավոտի» հետ զրույցում ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ այդ վճիռն իր համար բնավ էլ հանգուցալուծում չէ, քանի որ դրանով ամեն ինչ չի ավարտվում. «Մենք բոլոր ատյաններով անցնելու ենք, մինչեւ հասնենք Եվրադատարան, որտեղ էլ ակնկալում ենք արդարություն գտնել: Պարզապես ընթացակարգն այնպիսին է, որ ստիպված ենք անցնել տեղական դատական ատյաններով»: Ինչ վերաբերում է Գեւորգ Պերկուպերկյանին, Սարգսյանը գտնում է, որ նա երբեք չի կարող օրինական լինել, քանի որ դատարան ներկայացված բոլոր փաստաթղթերը ճիշտ հակառակն են ապացուցում. «Մեր արդարագույն դատարանը ճգնեց եւ վճռեց, բայց դա իրականում իրավական վճիռ չէր, այլ քաղաքական որոշում, որը պարտադրվել է դատավորին: Դա կասկածից վեր է, ինչի մասին խոսում է հենց դատարանի վճիռը: Ներկայացված որեւէ հակափաստարկ հաշվի առնված չէ»: Իբրեւ ամենացցուն օրինակ՝ տիկին Սարգսյանը բերում է հակառակ կողմի ներկայացրած երկու տարբեր փաստաթղթեր, որոնցում միեւնույն համագումարի անցկացման տարբեր վայրեր եւ ժամկետներ են նշված, մի դեպքում՝ Կոտայքի մարզի «Անի ռիզորթ» հյուրանոցային համալիրում, մյուս դեպքում՝ Թեքեյան կենտրոնում: «Դա արդեն խոսում է այն մասին, որ իրականում ոչ մի համագումար չի եղել եւ չէր էլ կարող լինել, քանի որ վարչությունը նման որոշում չի կայացրել: Հետեւաբար այդ վճիռը մենք իրավական հարթությունում չենք դիտարկում, եւ մեզ համար այն իրավական լինել չի կարող: Սա քաղաքական պատվեր է՝ ուղղորդված Հայաստանի առաջին դեմքով՝ ի նշան շնորհակալության նրա, որ ՍԴՀԿ Կեդրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահ ընտրվելու կապակցությամբ: Իսկ երեք տարի շարունակ ՍԴՀԿ-ն խառնողն ու պառակտողը եղել է Տիգրան Սարգսյանը»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը:

Ժամանակին, երբ ՍԴՀԿ-ում հակասությունները սկսվեցին, լյուդմիլասարգսյանական թեւը հայտարարում էր, որ իշխանությունը խնդիր է դրել ՀԱԿ-ը պառակտելու. հիմա ի՞նչ խնդիր կա՝ «Առավոտի» հարցին տիկին Սարգսյանը պատասխանեց. «Այո, ժամանակին փորձում էին ՀԱԿ-ը պառակտել: Չստացվեց: Մենք մնացինք ՀԱԿ-ի կազմում: Այսօր այլ խնդիր է. Տիգրան Սարգսյանը բիզնես-գործարքների մեջ է Սեդրակ Աճեմյանի հետ: Սեդրակ Աճեմյանն էլ իշխանամետ դառնալով՝ ուրացել է մեր հերոսներին, նրանց հիշատակը, հավատարմության երդում է տվել Սերժ Սարգսյանին ու շնորհավորել է նրան՝ իբր վերընտրվելու կապակցությամբ: Այդ պատճառով էլ վճիռը եղել է քաղաքական եւ ոչ թե իրավական»: Հնչակյան դեգերումները, տիկին Սարգսյանի հավաստմամբ, լավագույն ապացույցն են նրա, որ Հայաստանում չկա արդարադատություն, չկա իրավական համակարգ, եւ որեւիցե քաղաքացի Հայաստանում արդարության հասնելու որեւէ հնարավորություն չունի: «Այդ պատճառով են մարդիկ Հայաստանը լքում եւ ոչ թե գաղջ մթնոլորտի: Եվ եթե նույնիսկ Հայաստանում գաղջ մթնոլորտ է, ապա դա ստեղծողը հենց ուղիղ Տիգրան Սարգսյանն ու Սերժ Սարգսյանն են»,- նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը հեգնելով՝ ասում է Լյուդմիլա Սարգսյանը ու հավելում, որ հայաստանցին իրականում եւ առավելապես լքում է հայրենիքը ոչ այնքան հացի խնդրի պատճառով, որքան աղճատված արդարության սկզբունքի:

Իսկ Գեւորգ Պերկուպերկյանին եւ Սեդրակ Աճեմյանին տիկին Սարգսյանն ասում է. «Շուտ եք ուրախանում: Դեռ բավականին տանջվելու եք, եւ ես հույս ունեմ, որ ձեր նպատակին չեք հասնելու: Կյանքում, մանավանդ Հայաստանում, ամեն ինչ փոփոխական է, այդ թվում նաեւ՝ քաղաքական իրավիճակը, այնպես որ՝ Հայաստանում չհասանք արդարության, եվրոպաներում ենք հասնելու»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031