Մինչ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում հայտարարում էր, որ ոստիկանությունը առաջվանը չէ, այլեւս չեն աշխատում հին մեթոդներով, գյումրեցի ճանաչված փաստաբաններից մեկը՝ Թամարա Յայլոյանը, ստիպված եղավ 3 օր առաջ մամուլով հայտարարել, որ մասնագիտական գործունեությունը իրականացնելու պահին իրեն ոստիկանները խոչընդոտել ու սպառնացել են գլխին գործ սարքել: Նշենք, որ փաստաբանը ոստիկանություն էր գնացել Գյումրու նախկին քաղաքապետի ընտանիքի խնդրանքով, ովքեր դիմել էին Թամարա Յայլոյանին կրակոցների գործով որպես վկա հրավիրված Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի շահերը պաշտպանել: Ավելին, փաստաբանի պայմանագիրը Կոլյայի հետ եղել է ընդամենը մեկօրյա: Փաստաբանի հետ ոստիկանները անչափ կոպիտ էին վարվել, հեգնել, թե Գյումրիում կրակոցներ լսելուն պես հայտնվում է ոստիկանությունում, որի պատճառով էլ Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանը հանձնարարել էր նյութեր նախապատրաստել Շիրակի մարզի քննչական բաժնում:
Երեկ ՀՀ փաստաբանների պալատի մի խումբ անդամներ՝ ի պաշտպանություն Թամարա Յայլոյանի, մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում՝ խստորեն հայտարարելով, որ իրենք չեն հանդուրժելու նմանատիպ երեւույթները: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց հետեւյալը. «Մենք այսօր եկել ենք Գյումրի, որպեսզի հանդիպեինք ոստիկանության ու դատախազության ներկայացուցիչների հետ եւ խոսեինք այս միջադեպի մասին, որպեսզի հետագայում նմանատիպ դեպքերը բացառվեն: Խնդիրն այն է, որ մեր հասարակությունում շատ հաճախ են փաստաբանին նույնացնում իր վստահորդի հետ: Եվ եթե ինչ-որ գործ քաղաքական ենթատեքստ ունի, փաստաբանի գործերը ինքնին նմանակում են այս վստահորդի գործերի հետ, ինչը մենք կարծում ենք՝ անթույլատրելի է: Ավելին ասեմ, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը ինքնին սեւ ու սպիտակի վրա հստակ սահմանում է, որ փաստաբանը չի կարող նույնացվել իր վստահորդի հետ՝ ելնելով իրավաբանական աջակցություն ցույց տալու անհրաժեշտությունից: Տվյալ դեպքում ուզում եմ հայտարարել, որ մեր մտահոգությունը կապված չէ Թամարա Յայլոյանի վստահորդի հետ, մեր մտահոգությունը կապված է Թամարա Յայլոյանի իրավունքները խոչընդոտելու, նրան վիրավորելու փորձի հետ»: Վերջինս տեղեկացրեց, որ Գյումրու ոստիկանապետը նրանց ընդունել է բարձր մակարդակով՝ հավաստիացնելով, որ այլեւս նման միջադեպեր չեն լինի, եւ որ այսուհետ փաստաբանները մեկ րոպե անգամ չեն սպասի իրենց վստահորդի հետ հանդիպելու համար:
Սակայն փաստաբանների խումբը դժգոհ էր Շիրակի մարզի նորանշանակ դատախազից: «Մենք հանդիպեցինք նաեւ պարոն Կարեն Շահբազյանի հետ: Ասեմ, որ հանդիպումով տպավորված չենք: Ասեմ՝ ինչու. որովհետեւ կոնտակտը չստացվեց դատախազի հետ այն իմաստով, որ դատախազը փորձում էր իրեն վերամբարձ պահել փաստաբանի նկատմամբ: Օրինակ՝ հասարակ խոսակցության ժամանակ քննադատում էր, թե ինչո՞ւ են փաստաբանները իրեն գիշերը 12-ից հետո SMS-ներ ուղարկում, եթե օրինակ՝ ոստիկանությունում չեն թույլատրում փաստաբանին մոտենալ իր վստահորդին, ըստ նրա՝ ո՞վ է փաստաբանը, որ իրեն SMS գրի: Իհարկե, շատ վրդովեցրեց մեզ դա, որովհետեւ դատախազի պաշտոնը, առաքելությունը ինքնին հենց դա է, որ նման միջադեպերը հսկողական մոտեցումով վերացնի: Եվ դատախազը ոչ թե պետք է, օրինակ, այդ դեպքում վրոդվվեր իրեն հաղորդագրություն ուղարկող փաստաբանից, այլ ոստիկանության այն աշխատակիցներից, ովքեր այդպիսի հնարավորություն են ստեղծում»,- նեղսրտեց Արա Զոհրաբյանը:
«Առավոտ»-ը Թամարա Յայլոյանից հետաքրքրվեց, թե ի վերջո՝ ովքե՞ր էին իրեն սպառնացող ոստիկանները: Փաստաբանը տեղեկացրեց, որ իր խոսքը Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ու նրա տեղակալ Վահրամ Ենգոյանի մասին է: Մեր այն հարցին էլ, թե փաստորեն Վլադիմիր Գասպարյանի երազած ոստիկանությունը դեռ չկա՞, փաստաբանները կատակեցին՝ իսկ ձեր երազած հանրապետությունը կա՞: Նրանք փաստեցին, որ ոստիկանությունը իրոք դրական իմաստով փոխվում է. եթե նախկինում կարող էին կտրուկ հրաժարվել, որ փաստաբանի հետ այդպես են վարվել, այժմ ընդունում են իրենց մեղքը, փորձում են հարթել, խոստանում են այլեւս նման դեպք չկրկնել:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ