Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակի մահվան մասին լսելով՝ Հակոբ Մանուկյանը լաց է եղել

Մայիս 04,2013 13:15

Դատարան էր բերվել չբացահայտված գործ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը խորհրդակցական սենյակում է 1 տարի 8 ամիս տեւած դատական քննություններից հետո:

Մայիսի 7-ին նա դուրս կգա խորհրդակցական սենյակից՝ դատավճռի հրապարակման համար:

Զինծառայող Արտակ Նազարյանի մահվան կապակցությամբ մեղադրանք էր առաջադրվել նաեւ կապիտան Հակոբ Մանուկյանին, որի պաշտպանությունն իրականացնում էին Հրանտ Գեւորգյանն ու Արմինե Ղասաբողլյանը:

Նրանք հանդես են եկել 40 թերթից բաղկացած պաշտպանական ճառով, որից մի հատված ներկայացնում ենք ձեզ:

Ըստ պաշտպանական կողմի՝ մեղադրող Հարություն Հարությունյանի ճառից հետո իրենք այն տպավորությունն են ստացել, որ նոր ապացույցներ կամ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել եւ, ըստ էության, 1 տարի 8 ամիս տեւող դատաքննությունն անիմաստ ժամանակի վատնում էր:

«Առաջադրված մեղադրանքի որոշման եւ մեղադրողի ճառի ընթերցանությամբ տպավորվում ես, որ Հ. Մանուկյանին առաջադրված մեղադրանքի ծավալում երկու հոդվածներն էլ (ՀՀ քրեական օրենսգրքի 360 եւ 375) ընդգրկվել են, որովհետեւ նման են, քանի որ երկուսն էլ վերաբերում են զինվորականների միջեւ տեղի ունեցած վեճերին: Մինչդեռ պարզ տրամաբանությամբ, եթե մեղադրանք է առաջադրվել տարբեր հանցագործություններ կատարելու համար, քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված արարքի համար, ապա յուրաքանչյուրն առանձին-առանձին մեղադրողի կողմից պետք է արժանանար իրավական վերլուծության»,- ասում է պաշտպան Հ. Գեւորգյանը: Ըստ վերջինի՝ մեղադրողն իր մեղադրական ճառում չհայտնեց, թե Մանուկյանի գործողությունների արդյունքում Նազարյանին ի՞նչ ծանրության աստիճանի մարմնական վնասվածք է պատճառվել, կամ նույն միջադեպի արդյունքում, արդյոք, Մանուկյանին մարմնական վնասվածք պատճառվե՞լ է, թե՝ ոչ, կամ վնասվե՞լ է, արդյոք, Մանուկյանի հագուստը, թե՞ ոչ: Չհայտնեց, թե ինչու նախաքննության մարմնի կողմից դատաբժշկական փորձագետին հարցեր չի առաջադրվել, պարզելու, որ հանգուցյալ Արտակ Նազարյանի մարմնի վրա գոյացած վնասվածքներից որոնք կարող էին առաջանալ Հ. Մանուկյանի, որոնք՝ ժամկետային զինծառայողների հետ տեղի ունեցած միջադեպերի արդյունքում, կամ Հ. Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպի վաղեմությանը բնորոշ վնասվածքներ պահպանվե՞լ են, թե՝ ոչ, եթե այո՝ որոնք են այդ վնասվածքները:

Պաշտպանական կողմը առաջ էր քաշել երկու վարկած՝ արդյոք Նազարյանին սպանել են ծառայության ընթացքում եւ արդյոք Նազարյանը ինքնասպանություն է գործել: Հրանտ Գեւորգյանը վկայակոչում է գործի նյութերում առկա փաստաթղթերը, ըստ որի՝ Արտակ Նազարյանի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Ըստ ամբաստանյալի պաշտպանի՝ Նազարյանի սպանության վարկածի շուրջ քննություն չի կատարվել եւ փոխարենը դատարան է բերվել ըստ էության չբացահայտված գործ, որը մասամբ վերաբերելի է ինքնասպանության հասցնելուն:

Հրանտ Գեւորգյանն ասում է, որ քննության առարկա պետք է դարձվեր Նազարյանի մարմնի վրա մինչ Ղոզլու մարտական հենակետ ծառայության մեկնելը առկա մարմնական վնասվածքները, ինչի մասին, ի դեպ, իր պաշտպանյալ Մանուկյանը հայտնել է հրամանատար Ուդումյանին:

«Մինչդեռ նախաքննության մարմինը դրսեւորելով անգործություն, անազատության մեջ պահելով Ղոզլու մարտական հենակետի զինծառայողներին, հուլիսի 16-ից մինչեւ 27-ը, առաջ է քաշվել Նազարյանին ինքնասպանության հասցնելու վարկածը: Անազատության մեջ գտնվող զինծառայողներից 4-ի նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով ցուցմունքներ են կորզվել, եւ վերածվել են «վկաների», իսկ կալանավորված 5 զինծառայողներ վերածվել են ամբաստանյալների»,- ասում է Հ. Գեւորգյանը:

Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությանն էր հրավիրել նաեւ, որ Ղոզլու մարտական հենակետի բոլոր զինծառայողները ռազմական ոստիկանություն էին տարվել եւ կալանավորվել 2010թ. հուլիսի 27-ին՝ ՌՈ նախաձեռնությամբ, սակայն զինվորներին եւ սպաներին ոստիկանություն տանելու մասին քրեական գործի նյութերում որեւէ արձանագրություն չկար: Ինչպես նաեւ արձանագրություն չկար մարտական հենակետից զինվորական ոստիկանություն տարված զինծառայողներին նույն 27-ին մեկ օրով կալանավորելու մասին: «Եթե նույնիսկ ընդունենք, որ զինվորները ՌՈ են տարվել մարտական հենակետում թույլ տված կարգապահական խախտման համար եւ ամսի 28-ին կալանքի են ենթարկվել, ապա պարզ չէ, թե 27-ին մեկ օրով ո՞ւմ կողմից են կալանավորվել»,- ասում է Հ. Գեւորգյանը: Ըստ դատարանում հնչած վկաների ցուցմունքների, ժամկետային զինծառայողները եւ սպաները կալանատանը պահվել են ոչ թե 10 օր, այլ 23-25 օր տեւողությամբ, մինչդեռ գրանցամատյաններում նրանց կալանքն այլ կերպ է արձանագրվել: Դատարանում հետազոտվեց 2010թ. հունիս ամսվա եւ հետագա ժամանակաշրջանի զինմասի հրամանների գրանցամատյանը եւ պարզվեց, որ գրանցամատյանի թանաքը, դեռեւս, չէր չորացել, դատարանում գրանցամատյանի եւ սովորական թղթի շփումից թղթի վրա մնաց թանաքի հետքը: Դա նշանակում է, որ գրանցամատյանը լրացվել էր դատարան ներկայացնելուց առաջ: Հ. Գեւորգյանն ասում է, որ գրանցամատյանի գրառումը սկսվել է «կարգապահական խախտումների մասին» հրամանատարի հրամանի արձակման օրից 1 կամ 2 օր առաջ, մինչդեռ դատարան ներկայացվեցին դրանք 1 ամիս ավելի ուշացումով: Նկատենք նաեւ՝ գրանցամատյանի հետ մեկտեղ դատարան գրություն էր ուղարկվել, որ կարգապահական խախտումների առթիվ սպաների եւ զինվորների նկատմամբ ծառայողական քննություն չի կատարվել, հետեւաբար ժամանակային առումով դրանց համապատասխանության հարցը մինչ օրս մնացել է առկախ:

Խորհրդակցական սենյակում ինչ կորոշի դատարանը՝ այս հանգամանքի գնահատման հետ կապված, կպարզվի առաջիկա օրերին:

Ավելի սկանդալայինը «կարգապահական տույժի» ենթարկված զինվորների «կարգապահական խախտում կատարելու» փաստն է: Դատական քննության ընթացքում Հ. Մանուկյանի պաշտպանները ուշադրություն դարձրին այն հանգամանքին, որ հենակետի գրանցամատյանների ուսումնասիրությամբ Ղոզլու մարտական հենակետի ոչ մի ծառայողի նկատմամբ 16.07.2010-ից մինչեւ 27.07.

2010թ. կարգապահական խախտում չի արձանագրվել եւ ենթադրվում է, որ ընկերոջ մահվան հետ կապված՝ անձնակազմը գտնվել է ծանր վիճակում եւ որեւէ մեկը իրեն թույլ չէր տա խախտում կատարել: Հակոբ Մանուկյանը լսելով Նազարյանի մահվան մասին՝ լաց է եղել: Ժամկետային զինծառայողներից ոմանք գտնվել են դիտակետում, մնացած մասը՝ գետնատնակում: Դրանից հետեւում է, ըստ պաշտպանների, որ հրամանատարը չէր կարող շփում ունենալ մարտական հենակետում ծառայող զինծառայողների հետ եւ հայտնաբերեր այնպիսի մի խախտում, որը առիթ դառնար ՌՈ կալանատուն տանելուն եւ առանց հրամանի կալանքի ենթարկելուն:

Մանուկյանի պաշտպանների համոզմամբ՝ վկաների ցուցմունքները դատարանի կողմից պետք է հաստատվի որպես ապացույց անթույլատրելի եւ հանվի ապացուցողական զանգվածից:

Մանուկյանի պաշտպանների համոզմամբ՝ ամբաստանյալներին Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելը մեղսագրվել է դատահոգեբանական փորձաքննության եզրակացության պարագայում, մինչդեռ համաձայն դատարանին ներկայացրած ապացույցների՝ դատահոգեբանական փորձաքննությունը կատարվել է առանց գիտական մեթոդիկայի կիրառման: Գործով հաստատվել է, որ հանգուցյալ Նազարյանը մահվանից 1 ժամ 30 րոպե առաջ եղել է միջին աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, մինչդեռ համաձայն Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի եւ իր իսկ փորձագետի կողմից տրված գրության՝ միջին եւ ծանր աստիճանի հարբածության վիճակում գտնվող անձի հոգեբանական վիճակը հնարավոր չէ պարզել, այսինքն՝ ամբաստանյալներին մեղսագրվել է արարք առանց բավարար ապացույցների: Ըստ պաշտպան Հ. Գեւորգյանի հայտարարության՝ երեք անգամ միջնորդություն է բերվել կրկնակի եւ լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն դատարանը միջնորդությունը չի բավարարել եւ որոշել է դրան անդրադառնալ խորհրդակցական սենյակում: Առեղծվածային է, թե հոգեբանի մասնագիտական կրթություն չունեցող դատավոր Մարդանյանը ինչպես պետք է անդրադառնա այս խնդրին:

Ըստ պաշտպանների հայտարարության՝ քրեական գործը համարվել է չբացահայտված, որովհետեւ նախաքննության մարմնի կողմից քննության առարկա չի դարձվել, թե ինչպես կամ ովքեր են բազմաթիվ մարմնական վնասվածքներ պատճառել Արտակ Նազարյանին մահվանից 6 ժամ առաջ, ոչ շատ առաջ, 3-ից 5 օր առաջ եւ ավելի վաղ:

Տվյալ պարագայում անհասկանալի է քննիչի եւ դատախազի տրամաբանությունը: Ինչպես եղավ, որ Նազարյանին ինքնասպանության հասցնելը պատճառական կապի մեջ է 19.07.2010թ.-ին Մանուկյանի եւ Նազարյանի միջեւ տեղի ունեցած վեճի հետ, իսկ մահվանից 6 ժամ առաջ, ոչ շատ առաջ, 3-ից 5 օր առաջ պատճառված մարմնական վնասվածքները կամ վնասվածք պատճառողները նրա ինքնասպանության հասցնելու հետ պատճառական կապի մեջ չեն: Այսինքն, քննությամբ չի պարզվել, եթե Նազարյանն ինքնասպանություն է գործել, ապա նրան ինքնասպանության են հասցրել մահվանից 6 ժամ առաջ, ոչ շատ առաջ, 3-ից 5 օր առաջ մարմնական վնասվածք պատճառողները, թե 19. 07. 2010-ին նրա հետ վիճող Մանուկյանը:

Ըստ պաշտպան Գեւորգյանի հայտարարության՝ «այս քրեական գործում շատ հարցեր կան, որոնք ենթակա են եղել մեկնաբանման նախաքննության փուլում, սակայն չեն պարզաբանվել, եւ ակնկալում եմ 07.05. 2013թ.-ին դրանց մեկնաբանությունն ընթերցել դատավճռում»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031