Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները տպավորված են ֆրանսիական փորձով

Մայիս 04,2013 13:10

Նրանք իրենց ապագան կապում են Հայաստանի հետ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շուրջ 30 ուսանող իրենց պրակտիկան մարտի 20-ից մինչեւ ապրիլի 19-ը անցկացրել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: «Առավոտը» զրուցեց նրանցից մի քանիսի հետ:

Գեղամ Վարդանյանը, որ սովորում է Ֆրանսիական համալսարանի մարկետինգի ֆակուլտետի 4-րդ կուրսում, նշեց, որ պրակտիկան անցկացրել է Փարիզի մոտ գտնվող Սարսել քաղաքում: «Մենք այդ քաղաքում հինգ հոգով էինք՝ մարկետինգի, իրավաբանության եւ կառավարման բաժիններից: Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, հենց օդանավակայանից մեզ դիմավորեցին, տարան այն ընտանիքներ, որտեղ պետք է ապրեինք, քարտեզով ցույց տվեցին այն վայրերը, որտեղ պետք է աշխատեինք: Առաջին իսկ օրվանից այդ կազմակերպություններում շատ ջերմ ընդունելության արժանացանք: Պրակտիկայի նպատակը կազմակերպության բացահայտումն էր ու Ֆրանսիական համալսարանում ստացած գիտելիքների պրակտիկ օգտագործումը»,- ասաց Գեղամը: Նա աշխատել է Սարսելի Համայնքային ագլոմերացիա կազմակերպությունում: Հավաստիացնում է, որ իր աշխատանքից գոհ են մնացել:

Մելքումյան Դիանան նույն համալսարանի կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող է: Նա էլ աշխատել է Մարսել քաղաքում, տարածաշրջանային ամենամեծ բանկում՝ Socie՛te՛ Marseillaise de Cre՛dit-ում: «Իմ բախտը բերել էր այնքանով, որ 2013-ին Մարսելը ճանաչվել է Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք ու իմ բանկն էլ բոլոր միջոցառումների գլխավոր հովանավորներից մեկն էր, հետեւաբար աշխատանքների մեծ մասը մշակութային ծրագրերի հետ էր կապված: Կազմակերպում էինք բազմաթիվ ցերեկույթներ, ցուցահանդեսներ, այնպես որ՝ ամիսը հագեցած անցավ: 5 հայ ուսանողներով հյուրընկալվեցինք հայ-ֆրանսիական առեւտրի եւ արդյունաբերության պալատում, սերտ էր տեղի հայ համայնքի կապը մեզ հետ»,- պատմեց Դիանան:

Տաթեւիկ Ավետիսյանը, որ սովորում է մարկետինգի ֆակուլտետում, պրակտիկան անցկացրել է Լիոնի Biotech Finances կազմակերպությունում, որը բիոտեխնոլոգիայով զբաղվող կազմակերպությունների մասին գրող թերթ էր: Նա հայտնեց, որ ինքը երկու մեծ նախագծի վրա է աշխատել: Տաթեւիկի հավաստմամբ, ՀԲՄԸ-ն հայ ուսանողների համար մշակութային հարուստ ծրագիր էր պատրաստել, այցելել են Լիոնի թատրոն, դասական համերգ, հարցազրույց տվել տեղի հայկական ռադիոյին, մասնակցել Զատիկի արարողության՝ Փարիզի Աստվածամոր տաճարում:

Կառավարման ֆակուլտետի ուսանող Լիլիթ Արզոյանի պրակտիկան անցել է Փարիզում, ամենախոշոր աուդիտորական կազմակերպություններից մեկում՝ Grant Thornton France-ում: «Մենք հիմնականում զբաղվում էինք ձեռնարկության ֆինանսական վերլուծությամբ ու այդ տեսանկյունից բավական հարուստ էր մեր մասնագիտական փորձը: Փարիզում 3 ուսանողներով էինք: ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղն է կազմակերպել Փարիզի մեր առօրյան, մշակութային շատ վայրեր այցելեցինք, 7-8 թանգարան: Ընթրիք ունեցանք հայ համայնքի ու Ֆրանսիայում սովորող հայ ուսանողների հետ»,- հիշում է Լիլիթը:

Ջուլյա Աննիկյանը մարկետինգի ֆակուլտետում է սովորում: Պրակտիկան անցկացրել է Լիոնում՝ EDF Electricite՛ de France կազմակերպությունում: «Տպավորված եմ, բացի մասնագիտական փորձից, հետաքրքիր էր ֆրանսիական մշակույթին հաղորդակից լինելը»,- նշեց նա:

Դավթյան Շուշաննան, որը իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի է, Սարսելի քաղաքապետարանի՝ մշակույթի բաժնում է: «Կարծում եմ՝ փորձս կիրառելի կլինի Հայաստանում: Մեր բաժինն անվճար համերգներ ու ներկայացումներ էր կազմակերպում, որպեսզի կարողանար անընդհատ կապի մեջ լինել քաղաքացիների հետ: Որպես իրավաբան էի անցկացնում պրակտիկան, ստուգում էի փաստաթղթերի համապատասխանությունը տարբեր իրավական ակտերին, ուսումնասիրում այնպիսի փաստաթղթեր, որոնք մշակութային բնույթի էին՝ հուշարձանների, գովազդների հետ կապված»,- ներկայացրեց ուսանողուհին:

Ապագա իրավաբան Զապրոսյան Դավիդն էլ աշխատել է Մարսելի նոտարական գրասենյակներից մեկում: Գոհ է, որ իրեն նեղ մասնագիտական աշխատանք է բաժին ընկել. «Անսպասելի բաների հանդիպեցի: Ֆրանսիայում նոտարական համակարգը օրիենտացված է դեպի հաճախորդը: Օրինակ, եթե մեզ մոտ անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր է կազմվում, վաճառողն ու գնորդն իրար հետ են աշխատում, գումարն իրար են տալիս: Այնտեղ դա օրենքով արգելված է, նոտարը Ֆրանսիայում ամեն ինչ է: Կամ եթե Հայաստանում պայմանագիրը 2-3 էջ է, այնտեղ միայն ակտը 48 էջ է, իսկ հավելվածները՝ մոտ 200 էջ: Հետո ամեն ինչը էլեկտրոնացված է»:

Տաթեւիկ Ուզունյանը Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող է: Նրա պրակտիկան անցել է Նիցայի քաղաքապետարանի միջազգային հարաբերությունների բաժնում: Տաթեւիկին հանձնարարված է եղել ուսումնասիրել Հայաստանի հետ գործունեության փաստաթղթերը, Հայաստանում տուրիզմի առավելություններն ու թերությունները. «Աշնանն իրենք հանդիպում էին ունենալու Հայաստանում, այդ առումով հետաքրքիր էր իրենց ամեն ինչ՝ կապված Հայաստանի հետ: Ես ուսումնասիրեցի ոլորտը, գտա նաեւ բացերը: Հիմնական թերությունն այն էր, որ իրենք չեն կարողանում կապ հաստատել Երեւանի քաղաքապետարանի հետ: Ես ճշտեցի, որ Երեւանի քաղաքապետարանում կա մշակույթի եւ տուրիզմի վարչություն, սակայն ոչ մի ինֆորմացիա այդ կառույցի մասին քաղաքապետարանի կայքում չկա, միայն վարչության պետի անունն է: Երեւանի քաղաքապետարանի մյուս բաժինների հետ իրենց կապը ստացվում էր, բացի նեղ տուրիզմից: Մի քանի տուրիստական ընկերությունների հետ եւս կապ հաստատեցի: Զբոսաշրջիկների բողոքները վերաբերում էին նրան, որ Երեւանում մնալը շատ թանկ է, ինքնուրույն տեղաշարժվելն անհնար, քանի որ ամեն ինչ հայերեն է, այդ թվում՝ հանրային տրանսպորտը, նաեւ չկան հանրային զուգարաններ»:

«Առավոտի» հետ զրուցած բոլոր ուսանողներն ասացին, որ իրենց ապագան պատկերացնում են միայն Հայաստանում, կուզենային կատարելագործվել արտերկրում, բայց գիտելիքները կիրառել հայրենիքում: Նրանք նաեւ հավելեցին, որ պրակտիկայի ավարտին Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորն անձամբ այցելել է բոլոր այն վայրերը, որտեղ աշխատել են իրենք:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031