Ֆրանսիացի դաշնակահար Միշել Բուրդոնքլը Երեւանում է առաջին անգամ
«Առավոտը» մեկ անգամ չէ, որ ներկայացրել է մեզ մոտ հյուրախաղերի եկած անվանի երաժիշտ կատարողներին, ովքեր իրենց ուսումնառությունն անց են կացրել հայ պրոֆեսորների մոտ:
Ֆրանսիացի ճանաչված դաշնակահար Միշել Բուրդոնքլը Փարիզի երաժշտության եւ պարարվեստի ազգային կոնսերվատորիան ավարտելուց հետո ուսանել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ անվանի մանկավարժ Սամվել Ալումյանի դասարանում:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 5-ին դաշնակահարը Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Ռավելի դաշնամուրի կոնցերտը՝ ձախ ձեռքի համար: Ի դեպ, այս ստեղծագործությունը մեզ մոտ ունեցել է ընդամենը երկու կատարում՝ 1980-ականներին: Առաջին ու վերջին անգամ հայ դաշնակահարներից հիշյալ երկը ներկայացրել է Էդուարդ Մամաեւը, իսկ երկրորդը՝ ռուսաստանցի Դմիտրի Բաշկիրովը:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Միշել Բուրդոնքլը հիացմունքի խոսքեր շռայլեց իր հայ պրոֆեսորի հասցեին, ասելով. «Դասախոսների առումով բախտս բերել է. Փարիզում ուսանել է Ժենեւին Ժուայի, Ժան Հյուբոյի, Քրիստիան Իվալդիի եւ Դոմինիկ Մերլեի դասարաններում: 1986թ. ինձ տրամադրված կրթաթոշակը հնարավորություն ընձեռեց կատարելագործվել Սամվել Ալումյանի ղեկավարությամբ: Հենց այդ տարի էլ մասնակցելով Լիստի անվան մրցույթին, դարձա դափնեկիր»:
Դիտարկմանը՝ կարելի է ենթադրել, որ շնորհիվ ձեր հայ պրոֆեսորի, տարբեր երկրներում դուք հնչեցնում եք նաեւ մեր ստեղծագործողների գործերը, 54-ամյա դաշնակահարը պատասխանեց, թե, ցավոք, ինչ-ինչ պատճառներով մինչ օրս չի հնչեցրել նույնիսկ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, սակայն բեմական-ստեղծագործական կյանքն առջեւում է: Բուրդոնքլը ասվածին հավելեց նաեւ, որ թեեւ առաջին անգամ է այցելում Հայաստան, այդուհանդերձ, պրոֆեսոր Ալումյանի շնորհիվ ծանոթ է մեր հնամյա Երեւանին ու բազմադարյա մշակույթի կրող հայերին: «Իսկապես հարուստ եք, կոնկրետ՝ ձեր տաղանդավոր երաժիշտներով՝ սկսած Խաչատրյանով, Բաբաջանյանով, Տերտերյանով ու Մանսուրյանով, վերջացրած կատարողական արվեստի փայլուն ներկայացուցիչներով՝ Ժան Տեր-Մերկերյանով, Սվետլանա Նավասարդյանով, Կոմիտասի անվան քառյակով եւ այլն: Առաջին անգամ ընկերակցելով ձեր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, պիտի ասեմ, որ իսկապես փայլուն երաժիշտներ են եւ, որ ինձ համար ոչ պակաս կարեւոր է՝ հիանալի մարդիկ»:
Միշել Բուրդոնքլը ստեղծագործական կյանքին զուգահեռ դասավանդելով Լիոնի, Մարսելի կոնսերվատորիաներում, 1987-ից Էքսան-Պրովանսի Դարիուս Միոյի անվան կոնսերվատորիայում պրոֆեսոր է եւ հանդիսանում է նաեւ հանրահայտ «Դաշնամուրային գիշերներ» միջազգային մրցույթի հիմնադիրը: Նա հայտնեց, որ տարբեր տարիների մրցույթին մասնակցել են նաեւ հայազգի ու հայաստանցի երաժիշտներ, տեղեկացնելով. «Այս տարի դեկտեմբերին է կայանալու մրցույթը: Մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել www.lesnuitspianistiques.com կայք: Ուրախ կլինեմ, որ լինեն նաեւ հայկական դաշնամուրային դպրոցը ներկայացնող երիտասարդներ,- հավելելով,- մեր մրցույթը բաց է բոլոր ցանկացողների համար եւ քանի որ չենք ընդունում մրցույթների՝ նախապես CD-ներով ընտրության տարածված կարգը, հետեւաբար կարելի է ընդամենը գնել տոմս եւ գալ Ֆրանսիա: Ասեմ նաեւ, որ կեցության եւ այլնի հետ կապված խնդիրները մասամբ մենք կհոգանք»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Կարծում եմ Սամվել Ալումյան, ոչ թե Սերգեյ Ալումյան