Լրահոս
Օրվա լրահոսը

Հետեւից քայլելու սովորություն չունեմ

Մայիս 04,2013 13:00

Զրույց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի հետ

– Գրեթե մեկ տարի է անցել մամուլում մեր վերջին հանդիպումից Ֆերդինանտ Առաքելյանի հետ: Ի՞նչ է փոխվել նրա կյանքում:
– Առաջինը՝ դարձա յոթանասուն տարեկան եւ դրա համար շնորհակալ եմ: Բարերարների ճեմուղին վերջնականապես ավարտին է հասցված: Էլի շնորհակալ եմ…
– Այն ժամանակ այդ նախագծի կապակցությամբ հակասական կարծիքներ հնչեցին: Հիմա քեզ ուղղված հարցադրումներ կա՞ն:
– Ինձ այն ժամանակ էլ անհայտ մնացին այդ կարծիքների դրդապատճառները, կռահել էլ չեմ փորձում, բայց նման բաներ կյանքում միշտ էլ պատահում են: Պետք չէ ամեն բան լուրջ ընդունել:
– Ֆերդինանտ Առաքելյանը մի դարից մյուսն անցած արվեստագետ է: Նախորդ դարում «աստղերի դասավորությունը» ճիշտ դուրս եկավ նրա համար: Այս մեկն էլ վատ չսկսվեց: Լավ շարունակության նախանշաններ երեւո՞ւմ են:
– Իհարկե, կան, բայց ժամանակից առաջ չանցնենք:
– Մեր օրերում ինչպիսի՞ փոփոխություններ են կրել արվեստի մասին պատկերացումներն ընդհանրապես եւ եթե կան, անձամբ Ֆերդինանտի վրա դրանք ազդե՞լ են:
– Իրոք, այդպիսի փոփոխություններ նկատվում են, եւ առաջին հերթին դա զգացվում է հողից կտրված արվեստ ստեղծելու միտումների ձեւով: Բայց դա էլ բնական համարենք, քանի որ գիտության զարգացման մեր ժամանակներում արվեստը չէր կարող չարձագանքել գիտական նվաճումներին, ինչը, ճիշտն ասած, վախ է ծնում իմ մեջ: Այդուհանդերձ գիտության հետեւից հասնելու արվեստագետների ճիգերը պարզապես անիմաստ են թվում, քանի որ գիտության տեմպերն ահռելի են, իսկ արվեստում տեղի ունեցող առաջընթացն այս համեմատության մեջ կարելի է թոթովանքներ համարել: Կային ժամանակներ, երբ առաջատարն արվեստն էր, իսկ հիմա դերերը փոխվել են: Այսինքն, մի ժամանակ ֆանտաստ գրող Ժյուլ Վեռնն էր կռահում օդում սավառնելու կամ ջրերի տակ նավելու՝ այն ժամանակ իրեն էլ, հավանաբար, անհասանելի թվացող երազանքները: Իսկ հիմա արվեստագետը հարկադրաբար ենթարկվում է տեխնիկական թելադրանքների: Բացի դրանից, աշխարհում ընթացող երեւույթներն էլ իրենց ազդեցությունն են թողնում մեզ վրա: Մենք ուզում ենք հետ նայել, կառչել բնությունից ու բնականից, ժամանակը ձգտում է մեզ իր նժույգի թամբի վրա տեսնել:
– Այդուհանդերձ, հնի ու նորի այս արդեն հատված սահմանագծում Ֆերդինանտը ո՞րն է համարում իր տեղը: Անցյալ դարում մնա՞լն էր ավելի հարմար, թե՞ նոր դարի մեջ արդեն ոտքի տեղ է բացել:
– Եթե խնդիրը վերաբերում է ձեւին, արվեստի մարդն ամբողջ կյանքում դրա որոնումների մեջ է, իսկ բովանդակությունը ժամանակն է թելադրում: Կարեւորը մտածողության հիմնավորությունն է: Մնացածը ձեւը նորովի գտնելու խնդիր է: Փառք Աստծո, կյանքս թույլ է տալիս իր փորձի պահեստարանից օգտվել, եւ կարելի է ասել, քսան տարուց ավելի է, ինչ երկու ոտքով այս նոր դարի մեջ եմ: Ձեւական է, երբ արվեստի մարդն իրեն ինչ-ինչ «իզմերի» ներկայացուցիչ է համարում: Դրանք արվեստագետները չեն որոշում, իսկ արվեստաբանները նրա արածին հետո ինչ անուն ուզում են, թող տան: Դրանից իմաստն ու էությունը չեն փոխվում: Այս դարում էլ իմ սկզբունքներին եմ հավատարիմ մնալու:
– Ֆերդինանտ Առաքելյանն իրեն բացառապես արվեստագե՞տ է զգում, թե՞ նաեւ քաղաքացի:
– Դու ինչպե՞ս կպատասխանեիր:
– Լավ կլինի՝ իմ հարցն ինձ դեմ չանես:
– Համոզեցիր: Ուզում եմ քաղաքացի լինել, բայց վախենում եմ չթողնեն…
– Եթե մեկը թողել են, մյուսն էլ կթողնեն: Իսկ ավելի լո՞ւրջ…
– Մեր կյանքում ցանկացած լավ բան ուրախացնում է, վատը՝ դառնացնում: Իսկական քաղաքացին հենց այդ կերպ պետք է ճշգրտի իր վերաբերմունքը երկրի, հասարակական կյանքի վերաբերյալ: Միայն թե մեկն այդ լավն ու վատը հասկանում է սեփական շահի տեսանկյունից, մյուսը՝ հանրության: Արվեստի մարդը հազարավոր խնդիրներ է վերլուծում: Փորձում է օբյեկտիվորեն տարբերակել այն ամենը, ինչ կատարվում է երկրում: Եվ միայն դրանից հետո կատարված եզրահանգումը կարելի է խղճին մոտ համարել: Չեմ ընդունում պահի մեջ ստեղծված քաղաքացուն եւ պահն օգտագործող արվեստագետին: Ձեւացող քաղաքացու դեմքն էլ է քառասուն օր հետո պարզվում, ձեւացող արվեստագետինն էլ:
– Հայտնի ասույթի ճշմարտությունն ո՞վ կարող է ժխտել: Իսկ Ֆերդինանտը կարողանո՞ւմ է տասը օրվա ընթացքում որոշել, լավ, գոնե իր համար, թե ո՞ւմ դեմքն է այդ քառասուն օրում պարզվելու:
– Որպես կանոն՝ անսխալ: Մոտ քսանհինգ տարի անսխալ կռահում եմ, թե ովքեր են արագ վազելու համար մեջքով դեպի քամին շրջվում: Եվ դրանք մշտապես նույն մարդիկ են կամ նույն տեսակի մարդիկ:
– Ֆերդինանտը դրա մեջ վատ բա՞ն է տեսնում:
– Սոցիոլոգիական հարցում պետք չէ՝ համոզվելու համար, որ հասարակության սերը նվաճելու անխոնջ վազքի ընթացքում շատերի դեմքը, ձայնը, կեցվածքն արդեն այնքան հակակրելի է դարձել, որ հաճախ նման ամեն «հանդիպում» կոշմարային երազ է հիշեցվում: Այսինքն, գործում է «Նպատակին հասնելու համար բոլոր միջոցները լավ են» արատածին կարգախոսը: Կարծում եմ՝ ինչ-որ դեմքեր բեմից իջեցնելու ժամանակն է:
– Իսկ ավելի պարզորո՞շ…
– Յուրաքանչյուր չորս-հինգ տարին մեկ կանգնում ենք վատ սպասելիքների, կանխազգացումների շեմին: Չնայած ոմանք, իրոք, դրական փոփոխությունների են ուզում հասնել, այս էլ քանիերորդ անգամ ականատես ենք լինում այդ առիթները սեփական շահերին ուղղորդելու փորձերի: Իսկ լավ նպատակներն ու երկխոսությունների միջոցով իրոք լուծելու կարիք ունեցող խնդիրները մղվում են ելման դիրք:
– Բայց դա պայքար է հանուն հանրության կյանքի բարելավման: Ֆերդինանտը դրան դե՞մ է…
– Ես դեմ եմ միջոցներից շատերին: Ասենք՝ հեղափոխությանը: Այդ ձեւը վաղուց հակացուցված է: Պատմությունն ու փորձը դրանք մերժել են սկսած տասնիններորդ դարից: Եթե որոշ ուժեր ուզում են հարություն տալ հեղափոխական հեղեղին, հավատացած եմ, որ փոփոխությունների ծարավի ժողովրդին են հրելու հորձանուտ՝ խեղդվողների գործը իրենց իսկ վրա թողնելով: Մենք դրա փորձը լիուլի ունենք:
– Որեւէ կուսակցության անդամ կամ հետեւո՞րդ է Ֆերդինանտը:
– Ուզո՞ւմ ես՝ նշածս շատ անձանց նման ասեմ՝ իմ ժողովրդի կուսակցության անդամ եմ, ազգիս հետեւորդը: Լա՛վ, լրջանա՛նք: Հետեւից գնալու սովորություն չունեմ, բայց եթե մեր կյանքում լավ բաներ են լինում, անկախ այն բանից, թե ով է անողը, պատրաստ եմ ողջունել: Անկուսակցականի սկզբունք է:
– Ի՞նչ է հարկավոր մեր երազանքի երկիրն ունենալու համար:
– Երբ ամեն մարդ իր տեղում կլինի, երբ խելոքն ու անխելքը, սատանան ու սուրբը չեղած գաղափարի շուրջ մի խմբի մեջ չեն հայտնվի, երբ գործ անելու պատրանքի փոխարեն գործ կարվի, երբ մեր փողերով մեր հանդեպ «բարեգործություն» անելը կդադարի, երբ մտահոգության կեցվածքին կփոխարինի մտահոգությունը…
Զրուցեց ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031