«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
– Պարոն Մանուկյան, Բաղրամյան պողոտայում ապրիլի 9-ի և 1996թ. սեպտեմբերի 26-ի իրադարձությունների որևէ նմանություն տեսնո՞ւմ եք:
– Համեմատելու բաներ չկան: Այն ժամանակ շատ մեծ ընդհարումներ տեղի ունեցան, այստեղ առանձնապես մեծ բան չի էլ եղել:
– Հարցը ոչ միայն ընդհարումներին է վերաբերում, այլև երևույթին՝ հետընտրական զարգացումներին ու ժողովրդի դժգոհություններին:
Կարդացեք նաև
– Եկեք ամեն ինչ իրար չնմանացնենք: Այս անգամ մի բան է եղել, այն ժամանակ՝ մեկ այլ բան: Իսկ համեմատությունը ձեզ ի՞նչ է տալու:
– Նորանկախ Հայաստանում Դուք իշխանության դեմ պայքարող առաջին ընդդիմադիր գործիչն եք եղել և կարողացել եք համախմբել որոշ ուժերի:
– Մեր պայքարի հոգեբանությունը մի փոքր այլ էր, ես չեմ ուզում մտնել դրա մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարածը մեկ այլ ճանապարհ էր: Եվ այդ դեպքը որ եղավ, ավելի շուտ նման է պատահականության, քան թե կազմակերպված ինչ-որ մի բանի: Իսկ մենք գիտեինք ինչ է, բայց ես չեմ ուզում անընդհատ դրա մասին խոսել: Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, ընդդիմությունը պաշտոնապես ստացել է երկրորդ տեղը և հայտարարում է, որ առաջին տեղն է ստացել: Ցույցեր են եղել, և երբ ուզեցել են գնալ ու նախագահականի կողքով անցնել, բնական է, որ ցանկացած ժամանակ էլ իշխանությունները կզգուշանան ու կփորձեն պահել: Սովորական երևույթներ են: Ինչն է, որ դուք ուզում եք կապել մեծ բաների հետ:
– Միգուցե արդեն պայքարի այդ ձևերը արդյունավետ չեն, և Բաղրամյան փողոց գնալու փոխարեն պետք է ա՞յլ մարտավարություն ընտրել:
– Բնական է, և այդ խորամանկությունն առաջին անգամ չի արվում: Բայց այդ շենքի կողքով անցնելու ժամանակ ոչ մեկը երաշխիք չունի, թե դրանից հետո ինչ է լինելու, որովհետև ոչ մեկը երաշխիք տալ չի կարող: Բնական է, որ իշխանությունն էլ փորձում է դեմն առնել՝ ցույց տալով մեկ ուրիշ ճանապարհ:
–Ձեր կարծիքով` ինչու ընդդիմությանը չի հաջողվում իշխանափոխություն անել կամ այլ արդյունքի հասնել: Պայքարի ոչ ճիշտ մարտավարությո՞ւն է կիրառում, թե՞ իշխանություններն են ուժեղ և ամեն կերպ փորձում են չզիջել: – Բոլոր ընտրությունները տարբեր են, բոլոր ընտրությունների գաղափարախոսությունն ուրիշ բան է եղել, ընտրություններից հետո հետընտրական զարգացումները տարբեր են եղել: Ինչո՞ւ ենք վերցնում և համեմատում իրար հետ:
– Նույնը այն է, որ երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմությունը միշտ հայտարարում է, թե ինքն է հաղթել:
– Իմ ներքին համոզվածությունն այն է, որ եղել են կեղծիքներ, բայց որքան հաշվել եմ և ինքս եմ ուսումնասիրել, Րաֆֆի Հովհաննիսյանը չի հաղթել: Ինչո՞ւ եք դա համեմատում 2008-ի հետ, որը լրիվ այլ իրավիճակ էր, 1996-ի հետ, որտեղ էլ մեկ այլ իրավիճակ էր:
– 2008-ին էլ, հիմա էլ ընդդիմությունն ասում է, թե վերընտրվող իշխանությունները արտերկրներում գտնվող 600-700 հազար ՀՀ քաղաքացիների փոխարեն քվեարկություն են կազմակերպում, և այդպիսով կեղծվում են ընտրությունների արդյունքները:
– Դրանք հենց այնպես նախադասություններ են: 1996-ին մենք ոչ մի հենց այնպես նախադասություն չենք ասել: Մենք գնացել չափարները ջարդել ենք, մտել ենք Ազգային ժողով, որն այն ժամանակ կենտրոնական հանձնաժողովն էր, միայն մի պահանջով՝ որ տուփերը բացեն, ստուգեն, ու մենք տեսնենք՝ երկրորդ փուլ գնում ենք, թե ոչ: Լրիվ այլ հոգեբանություն է եղել, այլ մտածողություն: Բոլորը հայտարարում են, թե իրենք են հաղթել: Բայց դեպքեր են եղել, որ իշխանությունն է հաղթել:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: