Այսօր լռության օր է: Վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ լռության օրն է, որովհետև Հայաստանում 2012 թվականի մայիսից մինչև հիմա տեղի է ունենում արդեն երրորդ խոշոր ընտրությունը՝ խորհրդարանական, նախագահական, և հիմա Երևանի ավագանու: Այսօր չի կարելի քարոզչություն ու հակաքարոզչություն: Այս պայմաններում մի կողմից դժվար է առարկայորեն խոսել երկրի վիճակի և այն փոխելու հավաստիացումների մասին, մյուս կողմից էլ այս ամենի մասին այնքան է խոսվել, որ այսօր չխոսելու պարագայում ոչ ոք ոչինչ չի կորցնում: Վերջին հաշվով, Հայաստանում իրականությունն այնքան խոսուն է, այդ թվում` նաև Երևանում, որ մեկ տարվա ընթացքում երեք կամ տասներեք օր չխոսելով, ոչինչ չի փոխվի: Ոչինչ չի փոխվում խոսելով, և չխոսելով էլ ամեն ինչ մնում է նույնը:
Հասարակությունը փակուղում է, և չնայած վաղը շատ-շատերը այցելելու են ընտրատեղամասեր` փակուղուց դուրս գալու, ելք գտնելու հույսով, ակնկալիքով, այնուհանդերձ պետք է խոստովանել, որ Հայաստանում բոլոր ընտրությունների ժամանակ ամենամեծ սպասումը եղել է չակերտների մեջ և չակերտների մեջ եղել է ընտրակեղծիքի սպասումը: Եվ շատ մեծ է հավանականությունը, որ մայիսի 5-ի առումով էլ հասարակության մեծ մասի մոտ հենց այդ սպասումն է լինելու, որևէ այլ ակնկալիքի առկայության պայմաններում:
Ընտրությունների ազատությունը, արդարությունը, հանրային վստահելիությունը շարունակում է լինել Հայաստանի թիվ մեկ խնդիրը: Մեր երկրում առկա որևէ համակարգային խնդիր լուծում չի ստանում, որովհետև չի լուծվում հիմնաքարային խնդիրը՝ ընտրությունների ինստիտուտի օրինականության և արդյունքների հասարակական լեգիտիմության հարցը: Իշխանություններն ամեն անգամ հայտարարում են, որ ընտրությունները նախորդներից շատ ավելի լավն էին և նույնիսկ լավագույնն էին, իսկ ընդդիմությունն էլ ամեն անգամ հայտարարում է տրամագծորեն հակառակը:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»
Լուսանկարը` 1in.am-ի