Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի «Հայ Արտ» մշակութային կենտրոնի «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահի և այնտեղ ներկայացված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի որդուն` Արամ Իսաբեկյանին:
Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, Էդուարդ Իսաբեկյանի արվեստի երկրպագուներ:
Ցուցասրահի հիմքը դրվել էր դեռեւս 2004թ.-ին՝ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, եւ խորհրդանշական է, որ ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր հենց երջանկահիշատակ վարչապետի եւ գեղանկարչի որդիներին՝ Տարոն Մարգարյանին ու Արամ Իսաբեկյանին: Վերջինս, ի դեպ, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը: Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ողջույնի խոսքում նշել է, որ այս ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է շփվելու իսաբեկյանական արվեստին, իսկ գեղարվեստի ակադեմիայի և մշակութային ու նաև այլ ուսումնական հաստատությունների ուսանողների համար սա կծառայի նաև որպես ուսուցողական կենտրոն: Գեղանկարչի որդին իր հերթին ընդգծել է, որ սիրով է կայացրել հոր թողած ժառանգության մի մասը Երևան քաղաքին նվիրելու որոշումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն