Նա վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանի ընկերները ցույց տալու բան չեն:
Այսօր Ազնավուրի հրապարակում ՀՅԴ-ի հանրահավաքի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իրենց ցանկը գլխավորողներին:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը արեց հանրահավաքի բացումը: Նա նշեց, որ միայն մի բան կարող է ասել՝ հպարտանում է մարդկանցով, իր ընկերներով. «Ես իրավունք ունեմ հպարտանալու: Մենք ընդամենը ամիսներ առաջ տեսել ենք նախագահական ընտրական կամպանիան: Իշխանական թեկնածուն ուզում էր ամեն տեղ մենակ երեւալ, որովհետեւ իր ընկերները ցույց տալու բան չեն: Այսօր իրենց թեկնածուն՝ առաջին համարը, նորից աշխատում է մենակ երեւալ: Իսկ մենք այս առումով էնքան հանգիստ ենք, էնքան արդար ենք: Մենք ներկայացրեցինք առաջին եռյակը ցանկի, բայց եթե շարունակենք այդ ցանկը, դուք կտեսնեք, որ բոլորն էլ պարկեշտ, ազնիվ մարդիկ են, Երեւանը երբեք չխայտառակած մարդիկ»:
Ըստ Վահան Հովհաննիսյանի, ազատ Հայաստանը սկսվում է ազատ քվեարկությունից. «Ոչ ոք չի կարող ձեզ վերահսկել: Ամեն ինչը սպառնալիք է այն հին հեքիաթի պես, երբ աղվեսը վախեցնելով սպառնում է ճտերին ներքեւ գցել: Քանի՞ ճուտ ունեք դուք Հայաստանի սահմանից դուրս: Մենք ինչ-որ մի Ժեկի պետի թարս նայելը մեզ վրա դարձնում ենք ճակատագրական եւ թողնում-գնում ենք: Կա’մ մենք դառնում ենք մեծամասնություն քաղաքի ավագանիում, կա’մ պետք չի լաց լինել ու ճամպրուկները հավաքել: Երեւանից սկսել բարեփոխումները ամենաանվնաս եւ զուսպ ձեւն է»:
Կարդացեք նաև
Նա հարցրեց՝ մեկը այստեղ կանգնածերից Երեւանի ավագանու անդամի անուն գիտի: Ոչ ոք նրանց չի ճանաչում: Այս խոսքերն ասելուն պես՝ Ազնավուրի հրապարակի շատրվանները միացրեցին, ինչին Վահան Հովհաննիսյանն արձագանքեց. «Տեսա՞ք, ջուրը միացրեցին: Ջուրը միացրեցին, որ դուք չլսեք մեզ: Բայց դուք կլսեք, դուք կլսեք եւ մենք այս ջրի մեջ կխորտակենք նրանց»:
Նա կոչ արեց ազատություն բերել եւ մայիսի 5-ին համար 5-ին քվեարկել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ