Սերժ Սարգսյանին բաց նամակով խնդրում են միջնորդել ՏԻՄ-ին
«Ֆեյսբուքում» որպես «Նոյեմբերյանցիներ» հանդես եկած օգտատերը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ուր նշել է. «Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, Ձեզ են դիմում Նոյեմբերյանի քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող հիմնարկների աշխատակիցները: Սույն թվականի հունվարի 1-ից աշխատողների մոտ 80 տոկոսի աշխատավարձը նախկին 32 500 դրամի փոխարեն դարձրին 17500 (0,5 դրույք): Խնդրում ենք միջնորդել ՏԻՄ-ին վերանայելու մեր աշխատավարձերի չափերը, քանի որ դա մեզ մոտ առաջացնում է սոցիալական ավելի ծանր պայմանններ: Կանխավ շնորհակալություն: Խնդրում ենք պատասխանել»: Նամակը ուղարկվել է նաեւ «Առավոտի» թղթակցի ֆեյսբուքյան էջին: Նախկինում տեղեկացրել ենք այդ խնդրի մասին, հայտնել, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանում եւ դրա ենթակայությամբ գործող հիմնարկներում կա 138 աշխատող, ինչը փոքր քաղաքի համար մեծ թիվ է: Աշխատավարձերի բարձրացման միջոցներից մեկը կարող էր լինել աշխատողների թվի կրճատումը: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ համայնքի ավագանին համայնքի բյուջեն հաստատելիս հաստիքների կրճատումներ չարեցին, համարելով, որ դա ավելի կսրի կրճատվողների սոցիալական վիճակը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև