ՀՅԴ ԳՄ անդամը վստահեցրեց, որ ցանկացած քաղաքական ուժ, ով էլ լինի, պիտի պատասխան տա դրա համար:
Այսօր Aravot.am-ի հտ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ Աղվան Վարդանյանը եւ Արսեն Համբարձումյանը վստահեցրին, որ իրենք ՀՅԴ-ի թեժ գծի տարածած հայտարարությանը՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ընտրակաշառքի հետ կապված, ծանոթ չեն դեռ: Մեր հարցին՝ ինչպե՞ս եք պայքարելու նման խախտումների դեմ, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ հրավիրելու են իրավապահ մարմինների ուշադրությունը, այսինքն այն, ինչ արել են այս ահազանգերի դեպքում. «Այդ բաները կանխելը իրավապահ մարմինների գործն է: Դուք կարծում եք` մեր պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չե՞ն տիրապետում ինֆորմացիային»:
Իրավապահ մարմինները կպահանջեն փաստեր, ապացույցներ: Մեր հարցին՝ ապացույցներ, փաստեր ունե՞ք, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ բոլորն էլ գիտեն, այնպիսի երկրում ենք ապրում, որ մարդիկ չեն կանգնի ասի, որ իրենց ընտրակաշառք են տվել. «Դա իրավապահ մարմինների խնդիրն է գտնել իրավախախտումը, ոչ թե մենք պետք է ապացույցներ տանք: Դա ընդդիմության գործը չէ»:
Արսեն Համբարձումյանն էլ վստահեցրեց, որ այս վերջին օրերին ՀՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայում՝ իրենց հանձնաժողովի անդամներին կաշառելու համար: Տարբեր գումարներ են առաջարկում, բայց որեւէ մեկը չի կաշառվում: Մեր հարցին՝ ինչպե՞ս եք մեկնաբանում, որ ընդդիմությունն ինքն է ընտրակաշառք բաժանում, ավելի ճիշտ՝ ոչ իշխանական ուժը՝ ԲՀԿ-ն է ընտրախախտում անում, նա պատասխանեց. «Ընտրակաշառքի ցանկացած երեւույթ դատապարտելի է մեզ համար, անկախ նրանից՝ ում կողմից է դա կիրառվում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի իր կատարած քայլերի համար պատասխան տա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ