Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Մարգարյանը՝ ՀՅԴ հանձնաժողովականներին. «Որ ձեր գլխին խփեն, այդ ձեռքը կկոտրվի»

Մայիս 03,2013 18:54

Նա կոչ արեց ունենալ ՀՅԴ-ականի կարգապահություն եւ եթե վախենում են՝ տեղում կանգնեն ու ասեն:

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ՀՅԴ-ականները հանդիպեցին ընտրական հանձնաժողովների անդամների հետ՝ նրանց կոչ անելու, որ չկաշառվեն, չվախենան:

Ելույթ ունեցավ նաեւ Հրանտ Մարգարյանը. «Մենք ձեզ այսօր հրավիրել ենք գուցե ավելորդ անգամ խնդրելու, որ ձեզ պահեք Դաշնակցականի պես: Ձեր պարտականությունները ճիշտ կատարեք: Այն, ինչ օրենքը պահանջում է, ընկերները ձեզ հանձնարարել են, կատարեք ամենայն պատասխանատվությամբ»:

Նա պատմեց մի դեպք՝ ինչ-որ դավաճանի մասին: Նրան ահաբեկման հանձնարարություն են տալիս, որ պետք է երկաթուղու մեջ ահաբեկեր դավաճանին եւ հեռանար: Իրեն հանձնարարում են, որ՝ նագանով պիտի հարձակվի, տասնոցով պաշտպանվի: Սակայն  երբ մոտենում է, տասնոցով է կրակում: Հետո հիշում է, որ սխալ է կատարել, վերադառնում է երկաթուղու մեջ, կրակում է նագանով եւ հեռանում: Հրանտ Մարգարյանի խոսքերով՝ պետք է ունենալ դաշնակցական կարգապահություն. «Ես ուզում եմ, որ այդ օրը գնաք ընտրատեղամաս ՀՅԴ-ականի կարգապահությամբ: Դուք ընտրատեղամասի մեջ օրենքը պահպանելով, ժողովրդի քվեն պաշտպանելով՝ պիտի վերահաստատեք ՀՅԴ-ականի կարգապահությունը: Սա է մեր ուզածը: Սա կույր կարգապահություն չի, ոչ էլ վտանգավոր գործերի հետ է կապված: Այս կարգապահության մեջ բարոյականություն կա: Խոսվում է, որ համատարած ճնշումներ կան, վախի մթնոլորտ կա, ընտրակաշառք կա, պետք չէ կաշառվել: Ես ուզում եմ մի ուրիշ բանի վրա շեշտ դնել: Ընկերներ, մեր երկրում ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է: Մի կողմում սա է, մյուս կողմում մենք ենք՝ ՀՅԴ-ն: Մի կողմում այս ամբողջ աղբն է, մյուս կողմում փրկությունը՝ ընտրության միջոցով: Եթե պետք է ազատվենք այս զուլումից, այս աղբից՝ մեկ միջոց կա՝ ընտրության միջոցով փրկությունը: Սրա առջեւ ենք մենք կանգնած: Կամ այս վիճակը պետք է շարունակվի, կամ մենք պետք է տղամարդու պես գնանք կիրակի օրը եւ չթողնենք ոչ մի խախտում»:

Ըստ Հրանտ Մարգարյանի, եթե հանձնաժողովի անդամի աչքի առաջ խախտում անեն եւ չբռնեն, ուրեմն տկար են եւ ունակ չեն հասկանալու. «Մենք ամեն մեկս մեզ ավելի լավ գիտենք: Եթե գիտենք որ մեր կամքը, մեր տեղեկացվածությունը բավարար չի, որ գիտակցենք, թե ով է մեր ներկայությամբ խախտում, ուրեմն թող հիմա կանգնի ասի: Ընկերներ, ասեք, որ հավելյալ վստահված անձինք դնենք ձեր կողքին, որ ակամա չթերանաք: Վախկոտ մարդը ոչ միայն հանձնաժողովներում տեղ չունի, այլ ընդհանրապես ՀՅԴ-ի շարքերում տեղ չունի: Ոչ ոք թող չվախենա, որ իր գլխին կխփեն: Որ խփեն՝ այդ ձեռքը անպայման կկոտրվի, չվախենա՛ք: Սա ամենակարեւոր հարցն է»:

Նա խոսեց նաեւ կաշառվելու մասին. «Սա այս երկրում հարցերի հարցն է: Մենք ելել ենք երկիր փրկելու, եթե մենք էլ կաշառվենք, ուրեմն վայ մեր երկրին ու ժողովրդին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031