Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձնից սեր խոստովանել էր ակնկալում, իսկ նրա ետևից տարիներով ընկավ». Շրջադարձ սպասված հարաբերություններում

Մայիս 03,2013 18:05

«Սերը տուժում է, երբ սկզբունքներն են իշխում, սակայն վերջինիս դեպքում նշանակում է, որ այն շատ քիչ է եղել»,-ասում է 20-ամյա Լաուրան:
Նա սիրահարվել էր մինչև ականջի ծայրը: Վարդանը նրա հոր ընկերորջ տղան էր, ում ճանաչում էր վաղուց, սակայն ում հանդեպ սեր տածում էր ընդամենը 3 տարի առաջվանից. «Երբեք առանձնապես ուշադրություն չէի դարձրել նրան, սակայն եկավ մի շրջան, երբ հայրս ու պարոն Վարդգեսը միասին բիզնես սկսեցին և հաճախակի ընտանեկան հանդիպումներ կազմակերպեցին: Նրա հանդեպ հետզհետե հետաքրքրություն առաջացավ, նա ևս անտարբեր չէր, միշտ կողքիս էր ցանկացած պահի, իսկ եթե ուրիշ տղա նայեր ինձ, կվրդովվեր, երբեմն նույնիսկ նախազգուշացում կաներ կամ կռիվ կսարքեր, բնականաբար դա նկատել էին Վարդանի ծնողները. մի օր ակնարկեցին, որ լավ կլիներ, որ նաև խնամիներ լինենք»,-պատմում է Լաուրան: Հավելում է՝ «սկեսրայրը» նրան շատ էր սիրում, թանկարժեք նվերներ էր մատուցում, որը կամ անձամբ էր անում կամ փոխանցում էր տղայի միջոցով. «Ես շատ լավ հասկանում էի, որ նրանք իմ սիրուն աչքերի համար չեն այդքանը անում, պարզապես ճանաչելով իմ ընտանիքին, ինձ, նաև իրենց տղային, որ կնամոլ էր ու միևնույն ժամանակ ոչ այնքան լուրջ, որ կարողանար ճիշտ քայլ կատարեր, ցանկանում էին ինձ որպես հարսիկ սիրաշահեին, որպեսզի հետագայում Վարդանը ոչ բարոյական արժեքով մեկին չտաներ իրենց տուն»:
Մտերմության առաջին տարում, երբ Լաուրան դեռ նոր էր ընդունվել համալսարան, տղան ոչ մի լուրջ քայլ չի անում, թեպետ որքան հավաստիացնում է աղջիկը, տղան սիրում էր իրեն. «Կգար, ձեռքս կբռներ, կհաճոյախոսեր, մտածում էի՝ ուր որ է առաջարկություն կանի, բայց իզուր… Նա շատ սիրուն էր ու մի քիչ մեծամիտ, սովորաբար աղջիկներն էին իրեն սեր խոստովանում, երևի սպասում էր, որ ես էլ նույնը կանեմ»,-պատմում է Լաուրան: Խոստովանում է ՝ սկսում է ամեն բան անել, միայն թե շուտով լսեր, թե ինչպես է Վարդանը իրեն սեր բացատրում. «Եթե նա իր սկբզունքներն էր առաջ քաշելու, ապա ես էլ պետք է նույնը անեի, չնայած սիրո դեպքում պետք է միայն անկեղծություն լինի, չպետք է վերածվի խաղի կամ մրցակցության, թե ով առաջինը կխոստովանի»,-պատմում է նա:
Լաուրան սկսում է մի որոշ ժամանակ իրեն նրանից հեռու պահել, որպեսզի կարոտ առաջացնի: Ուզածին հասնում է, բայց հետո ստանում է «համապատասխպան վրեժը». «Մեր տանն էր, եկավ, նստեց կողքիս ու ասաց, որ շատ կարևոր բան ունի ասելու, սիրտս եռակի ուժեղ զարկեց, բայց… Ասաց, որ սիրահարվել է իրենից 4 տարով փոքր մի դպրոցականի, ինձնից խորհուրդ էր ուզում իմանար»,-պատմում է աղջիկը: Տղան ցույց է տալիս նրա նկարը, իսկ Լաուրան ծիծաղում է. «Ոնց որ երեխա լիներ, թեպետ շրջանավարտ էր»,-ասում է նա: Սկզբում Լաուրային թվում էր՝ դա ընդամենը սուտ էր, որն արվել էր իրեն բարկացնելու համար, սակայն հետագայում համոզվում է, որ սխալվել է. «Գուցե նա իսկապես դիտավորյալ էր անում, բայց իմ վերաբերմունքը, նաև նրա ծնողների, ովքեր դեմ էին այդ աղջկան, ստիպեցին նրան ավելի սկզբունքային լինել, և ի վերջո նա սիրահարվեց»:
Մեկ տարի շարունակ աղջիկը նրան մերժում է, սակայն դպրոցն ավարտելուն պես տալիս է համաձայնությունը: Վարդանին հաջողվում է համոզել ծնողներին ՝ նրա հետ նշանադրվելու համար: Ամռանը կկայանա զույգի հարսանիքը. «Ես ամենապատվավոր հյուրերից եմ: Ծիծաղելի է հնչում, բայց էսպես ստացվեց. ինձնից սեր խոստովանել էր ակնկալում, իսկ նրա ետևից տարիներով ընկավ,-ասում է Լաուրան և հավելում,-լուրն իմանալուն պես քար կտրեցի, բայց հիմա ինձ արդեն հաջողվել է որոշ չափով սառեցնել սերս»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031