Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ավագանու ցուցակում եմ հայտնվել, որպեսզի այդ ջայլմային քաղաքականությունը չվարեմ». Արթուր Իսպիրյան

Մայիս 03,2013 17:36

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Բարև Երևան» դաշինքի ցուցակում ընդգրկված, երգիչ-երգահան Արթուր Իսպիրյանը:

-Պարոն Իսպիրյան, որպես ավագանու անդամի թեկնածու, ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր Երևանում:

-Երևանում կուտակվել են այնքան պրոբլեմներ, որ այս տարիների ընթացքում կարծրացել են, և ոչ ոք չի կարողանում քանդել: Մեզ ցույց են տալիս գեղեցիկ Երևան, ծաղիկներ են տնկում, դա լավ է, բայց այսօր գերխնդիրներ ունի Երևանը: Մեր մայրաքաղաքը տրանսպորտային խնդիրներ ունի, բնապահպանական խնդիրներ ունի: Բարձրացեք ու Հաղթանակի այգուց նայեք, տեսեք քանի տեղից են ծուխեր դուրս գալիս: Աղտոտում են մեր քաղաքը՝ առանց մտածելու, որ այս քաղաքը գտնվում է ցածրադիր գոտում, և օդափոխություն չի լինում: Օդափոխություն պետք է անեն կանաչ տարածքնեը, բայց Դալմայի այգիները փոխանակ վերածվեր այգու, հակառակն է տեղի ունենում: Այսօր մենք չունենք այգիներ, ես չգիտեմ՝ երեխաներիս ուր տանեմ զբոսնելու: Մի քանի այգիներ են մնացել, որոնք լավ է գոնե ունեն սեփականատերեր, քանի որ գոնե այդպես պահպանվում են: Բարձիթողի վիճակում է Բուսաբանական այգին, այնինչ դա կարելի էր հրաշալի վայր դարձնել: Այսօր մոդա է դարձել շենքերի բակերում բարձրահարկ շենքեր կառուցելը: Իսկ Երևանի Կենտրոնից դուրս այնպիսի անթույլատրելի բաներ են կատարվում, որ այդ խնդիրները պետք է անպայման վերացվեն: Ես ծնվել եւ ապրել եմ Փակ շուկայի հարևանությամբ գտնվող թաղամասում, իմ  դպրոցի ճանապարհը եղել է Փակ շուկայի միջով: Ինձ գրավում էր շուկայում առկա Հայաստանի հոտը: Որ մտնում էիր Փակ շուկա, ամբողջ Հայաստանի հոտը գալիս էր, ամբողջ Հայաստանի ձայնն էր գալիս, բարնառն էր լսվում: Այսօր ես ցավ եմ ապրում, որ ինչ-որ մեկի կամայականության կամ բիզնեսի համար այդ ամենը քանդվեց ու վերածվում է չարչիանոցի:

-Այսինքը՝ այսօր իշխանությունները փորձում են իրենց բիզնեսային ճաշակը թելադրե՞լ երևանցուն:

-Իշխանությունների ճաշակը թող իրենց մնա, թող իրենց ճաշակը թելադրեն իրենց տներում, սեփական բակերում: Իշխանավորները տներ տեսնում ենք, թե ինչքան անճաշակ  են, ինչքան քաղքենի ու չտես ձևով է այդ ամենը արվում: Ես չէի ուզի, որ այդ ամենն ազդեր Երևանի վրա: Չէի ուզենա, որ ինչ-որ մարդիկ որոշեին, թե որտեղ ինչ շենք պետք է կառուցել: Նրանք պետք է հանրության հետ հաշվի նստեն: Երևանի գլխավոր ճարտարապետը իմ կարծիքով՝ շատ սխալ աշխատանք է տանում: Այինիչ, Երևանը կարող էր հրաշալի քաղաք դառնալ, հրաշալի ճարտարապետություն ունենալ: Մի ազգ, աշխարհին տվել է ճանաչված քանդակներ, բայց այսօր Հյուսիսային պողոտայով անցնում ես, ոչ մի գեղագիտական հաճույք չես ստանում: Տիպային շենքեր են կառուցված, ինչը տգեղ է, չես էլ ուզում այնտեղով անցնել: Այնպիսի կոպիտ ու անուղղելի ճարտարապետական սխալներ են այսօր կատարվում մեր քաղաքում, որ ես չեմ պատկերացնում՝ որևէ մեկը որ ուզենա ուղղել, ոնց պետք է ուղղի:

Պարոն Իսպիրյան, այսօր արվեստագետները չեն միավորվում՝ փրկելու Երևանի մշակութային ժառանգություններից մեկը՝ Փակ շուկայի շենքը: Ինչի՞ հետեւանքեք սա համարում, անտարբե՞ր են:

-Կախում ունեն այսօրվա իշխանություններից, ամեն մեկը մի տեղ աշխատում է, չեն կարողանում պայքարել: Կան արվեստագետներ, որնք խոսում են, բողոքում են, բայց արվեստագետների ընդհանուր արթնացումը ես չեմ զգացել, որ կանգնեն ու խոսեն: Բայց չէ՞ որ սա իրենց քաղաքն է, ոչ միայն այդ շենքը, այլ շատ ուրիշ շենքեր մշակութային արժեք են ներկայացնում, բայց քանդվում են: Մտավարակությունն այսօր, մանավանդ Ճարտարապետների միությունը, պետք է ոտքի կանգնեն, խոսեն: Առաջադրված լինելով որպես ավագանու անդամ՝ ես այդ ցավն զգում եմ ինձ վրա, լավ կլինի որ ընտրվեմ, որ կանգնեմ ու ասեմ՝ ոչ, չի կարելի այսպես անել: Որքան ծանոթ եմ ավագանու անդամներին, սուր խոսողներ չկան, սուր հարցեր առաջ քաշողներ չկան: Ես չեմ տեսել, որ մեկը հարց բարձրացնի և լուծի:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031