Երեւանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկել է դեռահասների եւ պատանիների ձյուդոյի հանրապետական ավանդական մրցաշարը` նվիրված Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցին:
Մրցաշարը կազմակերպել է «Զեյթուն» մարզական ակումբը: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, «Զեյթուն» ՄԱ նախագահ Դավիթ Խիթարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Մրցաշարի կազմակերպման հիմնական նպատակը մեր մարզաձեւը պատանիների շրջանում տարածելն ու զարգացնելն է, նրանց մեջ հայրենասիրության ոգի դաստիարակելը: Պատահական չենք ընտրել տարիքային խմբերը` 1997/1999, 2000/2001 եւ 2002/2005 թվականներ: Այսինքն, բոլորն էլ ծնվել են Շուշիի ազատագրումից հետո: Մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք իմանան, թե պատմական ինչ ժամանակաշրջանի սերունդ են: Հատկապես ամենակրտսեր տարիքային խմբի տղաների համար սա կյանքում առաջին լուրջ մրցումն է: Եվ մենք արել ենք ամեն բան, որպեսզի այն ամբողջ կյանքում մնա նրանց հիշողության մեջ. պատրաստել ենք նվերներ, դիպլոմներ, մեդալներ:
Այս տարի հրավիրել ենք նաեւ ձյուդոյի ուժեղ դպրոց ունեցող Վրաստանի ներկայացուցիչներին, որոնք ժամանել են երեք թիմով` 19 հոգի: Մենք շատ ենք կարեւորում նաեւ այն, որ առանձին թիմով մասնակցում է նաեւ Արցախը: Իսկ ընդհանուր առմամբ «Միկա» մարզադահլիճում տատամիների վրա պայքարում են 300-ից ավելի մարզիկներ»:
Նախնական գոտեմարտերից հետո երեկոյան անցկացվելու են եզրափակիչ մարտերը: Բոլոր մրցանակակիրները կպարգեւատրվեն գավաթներով, մեդալներով, պատվոգրերով: Առանձին անցկացվելու է նաեւ թիմային հաշվարկ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ