Երեւանի ավագանու քարոզարշավի վերջին օրը, ինչպես հայտնի է, Հանրապետական կուսակցությունը որոշեց անցկացնել սովորականի պես՝ բակային հանդիպումներով: Այսօր Հանրապետականի թեկնածուն մի քանի հանդիպումներ կունենա Կենտրոն համայնքի տարբեր բակերում: Առաջին հանդիպումը թիվ 71 դպրոցի բակում էր: Այդ հանդիպումը մյուս հանդիպումներից տարբերվեց միայն նրանով, որ դրան ներկա էին բավականին շատ թվով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Այստեղ քաղաքապետի Հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանը հանդես եկավ իր ավանդական ճառով՝ ՀՀԿ-ի արդեն կատարած եւ կատարելիք աշխատանքների մասին:
Ինչպես ամենուր, այստեղ եւս բավականին ուշագրավ էր ՀՀԿ ավագանու թեկնածու, գործող ավագանու անդամ Լեւոն Իգիթյանի ելույթը: Պարոն Իգիթյանը այս անգամ էլ իրեն քաղաքական բնույթի դատողություններ թույլ տվեց. «Առանց մեզ՝ երեւանցիներիս հարցնելու մեր քաղաքը դարձրել են քաղաքական վարժությունների դաշտ ու անընդհատ սեր են բացատրում Երեւանին»,- խոսելով մրցակից ուժերի մասին, ասաց նա ու շարունակեց. «Բայց Երեւանն էլ ձեզ պիտի սիրի, միայն սեր բացատրելով չի: Քաղաքական էդ փոթորիկները ընդհանուր երկրին են վնաս տալիս, 25 տարվա ճառ ասողները շատ գործեր են կուտակել: Մեր մնացած 6 մրցակիցները թող ասեն՝ ի՞նչ են արել քաղաքի համար: Պաշտոնատենչությունը սիրո ճառի տակ են թաքցնում»: Ըստ Իգիթյանի, Տարոն Մարգարյանը գտել է Երեւանի զարգացման «կորած ծայրը»: Նա հավաքվածներին հորդորեց օգնել Տարոնին, այլ ոչ թե խանգարել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ