Այսօր մայրաքաղաքի Կենտրոն համայնքում ՀՀԿ ավագանու քարոզարշավին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, ով զբաղեցնում է ՀՀԿ ավագանու ցուցակի 13-րդ հորիզոնականը:
Լրագրողները պարոն Մինասյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իրեն չտեսան քարոզարշավի ընթացքում հանդիպումների ժամանակ: «Նոր եմ մտնում քաղաքականություն, դեռ ժամանակ կա, որ հրապարակային հանդես գամ»,- ասաց Գրիգոր Մինասյանը:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ի՞նչը քարոզարշավում իրեն դուր եկավ, ի՞նչը՝ ոչ: Նա ասաց, որ իրեն հատկապես դուր է եկել բակային հանդիպումների ձեւաչափը, որը հնարավորություն են տալիս թեկնածուներին առավել մոտիկից շփվել մարդկանց հետ, ծանոթանալ խնդիրներին: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ի ցուցակում իր ընդգրկվելու գործում ի՞նչ դերակատարում է ունեցել եղբոր՝ Միքայելի գործոնը: Գրիգորը հրաժարվեց խոսել այդ հարցի շուրջ, ասաց. «Որեւիցե անգամ գնահատականներ չեմ տալիս եղբորս գործունեության վերաբերյալ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ