Լրահոս
Օրվա լրահոսը

«Դորիանսի» գերնպատակը Lonley Planet-ի մեսիջը մարդկանց հասցնելն է

Մայիս 03,2013 16:45

Մինչ «Եվրատեսիլ 2013»-ը, այս տարի հյուրընկալող երկիր` Շվեդիա մեկնելը, Հայաստանն այս տարի մրցույթում ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը, նրանց մենեջեր Արա Թադևոսյանն ու հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն այսօր հանդես եկան ասուլիսով:

Խմբի մենեջերը նշեց, որ մինչ բուն մրցույթը, «Դորիանսը» մայիսի 10-ին կմեկնի Դանիա և համերգով հանդես կգա մայրաքաղաք Կոպենհագենի ամենամեծ համերգասրահներից մեկում` Ամագեր Բիոյում:

«Համերգ տալու նախաձեռնությունը պատկանում է Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը: Կարծում ենք, որ համերգը լրացուցիչ առիթ է ներկայանալու և մրցույթից առաջ հետաքրքիր միջոցառում կդառնա»,-ասաց Թադեւոսյանը և հավելեց, որ այդ համերգին հատուկ հյուր է լինելու Ռուսաստանի այս տարվա մասնակից Դինա Գարիպովան:

Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ չնայած մասնակիցները դեռևս Շվեդիա չեն մեկնել, այնուամենայնիվ եվրատեսիլյան բեմում արդեն փորձեր են ընթանում կրկնօրինակող դերասանների մասնակցությամբ, որին էլ մասնակից երկրները հնարավորություն ունեն հետևել համացանցի օգնությամբ: «Այս տարի շեշտր դրվելու է արտիստի վրա և ավելորդ միջոցառումներով չենք խեղդելու միջոցառումը»,-ավելացրեց պատվիրակության ղեկավարը:

Խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը նշեց, որ հավանել է կրկնօրինակող արտիստների մասնակցությամբ իրենց առաջին փորձը Շվեդիայում: Անդրադառնալով` մրցույթում «Դորիանս»-ի ելույթին, Սուջյանը ևս նշեց, որ փորձ է կատարվելու ներկայանալ մինիմալիստական ոճում` առանց հավելյալ բեմական դեկորացիաների եւ պարային համարների, դրա փոխարեն իրենք աշխատելու են ոգևորվել դահլիճում ներկա հազարավոր հանդիսատեսների ներկայությունից և հնարավորինս լավ ներկայանալ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք խնդիր չէ պրոմոտուրերի քիչ քանակը, Գոհար Գասպարյանը նշեց. «Ցանկացած երկիր պատասխանատու է պատշաճ ներկայանալու համար, պրոմոտուրերը լրացուցիչ քայլեր են, հիմա շեշտը դրվում է ինտերնետային պրոմոտուրերի, համացանցային առաջմղման վրա: Այն գումարները, որոնք պիտի ծախսվեն պրոմոտուրերի վրա, կարող են ծախսվել ավելի թիրախային»:

Հանդիպման վերջում խմբի մենեջեր Արա Թադևոսյանը հավելեց, որ Եվրատեսիլն ընդամենը մի փուլ է «Դորիանսի» կյանքում, ստեղծագործական ճանապարհ և իրենց գերնպատակը երգի խոսքերն ու մեսիջը մարդկանց հասցնելն է:

Հիշեցնենք, որ Շվեդիայի Մալմյո քաղաքում «Մեկն ենք մենք» կարգախոսով «Եվրատեսիլ 2013»-ը տեղի է ունենալու 3 փուլով` մայիսի 14, 16 և 18-ին: Երգի մրցույթին այս տարի մասնակցելու են 39 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայանալու է մայիսի 16-ի երկրորդ կիսաեզրափակչին՝ 11-րդ համարի ներքո: «Դորիանս» ռոք խումբը հանդես է գալու երգով, որի երաժշտությունը գրել է լեգենդար կիթառահար և երգահան Թոնի Այոմին՝ հանրահայտ Բլեք Սաբաթ հեվի մեթալ խմբի համահիմնադիր, իսկ խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյանն է: Բեմում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնել նոր ոճով ներկայացող «Դորիանս»-ին, քանի որ տղաների հագուստի դիզայնով զբաղվել է ոճաբան Արմեն Գալյանը:

Անի ՄԻՐԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031