Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Մեծ գումարներ են առաջարկում հանձնաժողովականներին՝ 5-10 հազար դոլար

Մայիս 03,2013 16:31

Նա կոչ է անում ընդդիմությանը, որ տեղամասում ամեն մեկը միայն իր ձայնը չպահի

«Պատմություն կա հայտնի: Ճակատամարտը պարտվում են, հարցնում են ինչի՞ պարտվեցիք, ասում է՝ դե պատճառ կար, հարցնում է քանի՞ պատճառ, ասում է՝ 5 պատճառ. Փամփուշտ չունեինք…ասում է՝ դե լավ, մնացածը մի շարունակեք: Հիմա բոլոր մեր խնդիրների պատճառների պատճառը հենց միահեծան կառավարումն է, մենիշխանությունը, որը դրսեւորվում է ամեն տեղ»,- այսօր այս պատմությունը «Մեդիա կենտրոնում» պատմեց ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը՝ ի պատասխան հարցին՝ ավագանու ընտրությունները ոչ-ի հանրաքվեի վերածելու, միահեծան իշխանության համակարգը կոտրելու ցանկությունը չի՞ ստվերում Երեւանի խնդիրները:

Ըստ պարոն Ռուստամյանի, «Իշխող կուսակցությունը եւ պետությունը նույնացած են եւ բոլոր ոլորտներ են մտել՝ ոչ միայն քաղաքական, այլեւ՝ տնտեսական, տեղեկատվական: Պետական համակարգը սահուն կերպով վեր է ածվում ընտրական համակարգի: Ամբողջ ռեսուրսը գործի է դրվում մի նպատակի համար՝ վերարտադրելու ռեժիմը: Մենիշխանությունը մտել է բոլոր ոլորտներ, այդ թվում նաեւ աղբահանության, տրանսպորտի: Տեսեք՝ ովքեր են տնօրինում այդ գործառույթները: Աղբահանությունը մեծ ասպարեզ է, որտեղ մարդիկ հարստանում են: Դա լայն հնարավորություն է՝ ատկատների: Փորձեք աղբահանության  որեւէ առաջադեմ ծրագիր ներկայացնեք, մեկին բերեք, որ կառավարում իրականացնի միջազգային փորձերի համապատասխան, կտեսնեք, որ մարդը, որը աշխարհով մեկ հայտնի է իր հաջողություններով, չի դիմանա այստեղ մի շաբաթ: Այնպիսի բարդություններ կստեղծեն, որ նա ուռա գոռալով կփախնի: Մենք ունեցել ենք այդպիսի դեպք մի քանի տարի առաջ»:

Հարցին՝ եթե ընդդիմությունը հաղթի, հնարավո՞ր է, որ երկրում երկիշխանություն ստեղծվի, որոնք աշխատում են իրար դեմ՝ նա պատասխանեց. «Ես կուզենայի այնպես ընկալվեր, որ սա մինի նախագահի ընտրություն է, որովհետեւ Երեւանը, ինչպես ասում եք, Հայաստանի կեսն է, ռեսուրսով՝ շատ ավելին՝ 70-80  տոկոսը: Մեր ասածն այն է, որ պետք է միասնական հավասարակշռված քաղաքական համակարգ լինի, որտեղ իսկապես շահերի բախում կարող է լինել: Բայց դա կարող է լինել ի նպաստ ժողովրդի: Ընդդիմադիր քաղաքապետն ամեն ինչ անելու է, որ սխալ թույլ չտա, որովհետեւ իրեն փորձելու են տեղը դնել, իսկ սրանից կշահի միայն երեւանցին: Թող լինի այդ մրցակցությունը, ոչ թե այն լճացումը, որն այսօր կա: Այսօր որեւէ թթու խոսք մեկը մյուսի հանդեպ չի ասում: Նախագահը գովում է քաղաքապետին, նորմալ երկրում մրցակցային դաշտը պետք է ապահովի: Սպորտում էլ է այդպես: Եթե մրցակցություն չլինի, ո՞ւմ է պետք սպորտը»:

Ըստ պարոն Ռուստամյանի, ամեն ընտրություն մյուսից տարբերվում է: Ընտրությունից ընտրություն իրենք էլ են զարգանում, հասարակությունն էլ:

Նա կոչ արեց ընդդիմությանը, որ մենակ ամեն մեկն իր ձայները չպահեն, մյուսների ձայներն էլ պահեն, որովհետեւ իրենց ստացած տոկոսով քիչ մանդատ կստանան, եթե լցոնում լինի: Նա ընդգծեց, որ կեղծիքների մեքենան կոտրելը շատ դժվար է, որովհետեւ մեծ գումարներ են առաջարկում հանձնաժողովականներին՝ 5-10 հազար դոլար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031