Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կոռուպցիայի դեմ կպայքարի քիչ գողանալով (Տեսանյութ)

Մայիս 03,2013 15:50

«Քիչ գողանալ է հարկավոր, որպեսզի կոռուպցիա չլինի, սա իմ խորին համոզմունքն է, սա համոզմունք է, որը տիրում է իմ թիմի շրջանակներում»,-այսօր նման կարծիք հայտնեց ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում «Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի» կազմակերպած նախընտրական ծրագրերում հակակոռուպցիոն առաջարկների ու մեխանիզմների թեմայով քննարկման ժամանակ:

Տիգրան Ուրիխանյանի կարծիքով` քիչ գողանալու համար կա շատ պարզ նախադրյալ, իսկ ապավինել պաշտոնյաների բարեխղճությանը, արդյունավետ չէ. «Պարզապես հարկավոր է ընտրությունների ժամանակ ընտրել, ոչ թե գողացող մարդկանց, այլ ազնիվ մարդկանց»:

Հարցին, թե ինչպե՞ս պետք է ընտրողը ազնիվին եւ անազնիվին ճանաչի, քանի որ բոլորն էլ որպես ազնիվ են ներկայանում, Տ. Ուրիխանյանը հարցը հռետորական համարեց, ապա ավելացրեց` դա մարդու կենսագրությունն է, պահվածքն է, դա ունեցվածքն է եւ այլն:

Մանրամասները` տեսանյութում

ԲՀԿ ներկայացուցիչը պարզապես չի պատկերացնում մի մեխանիզմ, որը կարող է սահմանել հսկողություն այն պարագայում, կոռուպցիայից օգտվողին հսկում է քավորը, սանիկը, կամ կուսակիցը, ուստի ԲՀԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես Տ. Ուրիխանյանն ասաց, միակ մեխանիզմը հակակշիռն է, քաղաքական մենաշնորհի բացառումը:

«Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Ռշտուն Մարտիրոսյանն էլ նշեց, որ վերահսկողության առումով հակակշիռների ձեւավորումն, իսկապես, «Երեւանի մասին օրենքը շատ հաջողված է, այն հնարավորություն է տալիս ավագանու անդամին վերահսկողական ֆունկցիաներ իրականացնել եւ եթե ազնիվ իրականացվի, հնարավոր է բացառել կոռուպցիան: Խոսում են քաղաքապետի հարստության մասին, բայց դա «այսբերգի» միայն տեսանելի մասն է, ուսումնասիրենք իր շրջապատը` 10-15 մարդիկ, ինչպիսի գումարներ են կուտակել, այդ գումարները կբավականցնեին Երեւանում շատ լուրջ բարեփոխումներ իրականացնելուն»:

Պարոն Մարտիրոսյանի դիտարկմամբ` նաեւ պետք է բացառել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ենթակառույցների`կրթական, առողջապահական օջախներ, թաղապետարաններ եւ այլ հիմնարկների կուսակցականացումը: Բացի այս, ըստ դաշինքի ներկայացուցչի` իրենք առաջարկում են նաեւ Երեւանի բյուջեի ծախսերը քննարկվեն թափանցիկ` շարքային քաղաքացիներին ներգրավելով:

ՀԱԿ ներկայացուցիչ Արթուր Մինասյանի դիտարկմամբ` պաշտոնյայի ազնվության վրա հույս դնել պետք չէ, քանի որ, ըստ պարոն Մինասյանի, մարդիկ լկտիանալու հատկություն ունեն, եւ նույնիսկ ամենազնիվ մարդը կարող է թաթախվել կոռուպցիայի մեջ, եթե պատշաճ վերահսկողություն չկա: ՀԱԿ-ն այս առումով առաջարկում է Երեւանի բյուջեի մուտքերին ու ծախսերին օնլայն ռեժիմով հետեւելու հնարավորություն տալ: Բացի այս, ՀԱԿ-ը, հաղթելու դեպքում դիմելու է Սահմանադրական դատարան, որպեսզի կառավարությանը զրկի Երեւանի ավագանու լուծարման իրավունքից, քաղաքի որոշ ծախսային ուղղությունները, որը բացառապես կառավարությունն է սահմանում` հակասահմանադրական ճանաչել` դրանով մայրաքաղաքին տալ ավտոնոմ կարգավիճակ:

ՕԵԿ-ի ավագանու անդամ Հովհաննես Հովհաննիսյանի ներկայացմամբ էլ, իրենք առաջարկում են եռամսյակը մեկ Երեւանի քաղաքապետն ուղիղ եթերով հանդիպի քաղաքացիների հետ, բյուջեի հաշվետվությունները ներկայացնի: «Բարեւ Երեւանի» դաշինքի ներկայացուցիչը վրդովված ընդհատեց Հ. Հովհաննիսյանին եւ հարց ուղղեց. «Այսօր Ազգային ժողովում մեծամասնությունը նստած կոռուպցիայով է զբաղվում, դուք այդ մեծամասնության մասն եք կազմում, ինչո՞ւ չեք պայքարում»: Հարցին ի պատասխան պարոն Հովհաննիսյանն ասաց. «Օրինաց երկիրը մեծամասնության մաս չէ: ՕԵԿ-ը 6 հոգանոց է ԱԺ-ում, մենք այնքան օրենքների նախաձեռնող ենք, որոնցից յուրաքանչյուրը ձեզ եւ ձեր ընտանիքին է վերաբերում»:

ՕԵԿ-«Բարեւ Երեւան» հարց ու պատասխանն այնքան թեժացավ, որ դաշինքի ներկայացուցիչը մեղադրեց, որ ՕԵԿ-ը կոալիցիա լինելով` կոռուպցիայի դեմ պայքարի ոչ մի լուրջ քայլ չի արել:

Մանրամասները` տեսանյութում

«Առաքելության» ներկայացուցիչ Դավիթ Մուրադյանն էլ ասաց, որ համատիրությունները ավելորդ են, պետք է վերացնել, որով բավականին խնայողություններ կլինեն:

Նշենք, որ քննարկմանը ներկա չէին ՀՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031