Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Խոշտանգումների մասին իմանում ենք, երբ խոշտանգվողները լինում են քաղաքական ակտիվիստներ

Մայիս 03,2013 15:40

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Կոնգրես» հյուրանոցում ներկայացրեց «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» թեմայով ուսումնասիրության արդյունքների հիման վրա պատրաստված իր զեկույցը: Ուսումնասիրության համահեղինակներն էին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ու փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

Ըստ ուսումնասիրության համահեղինակների, նպատակն էր բացահայտել ոստիկանության բաժիններում խոշտանգման եւ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսեւորման դեպքերը եւ առաջարկություններ ներկայացնել դրանց կանխարգելման հնարավոր եղանակների մասին:

Ուսումնասիրությունը բաղկացած էր առանձին բաժիններից, մասնավորապես, օրենսդրություն, ուսումնասիրության արդյունքներ խորագրի ներքո, բանավոր հարցումներն ու դրանց պատասխաններն էին, խախտված իրավունքների բացահայտված դեպքերը, զրույցները ոստիկանների, քննիչների, դատախազների հետ:

Ի դեպ, ուսումնասիրությունն ավարտվում է «Առաջարկներ» բաժնով, մի բան, որին հազվադեպ ենք հանդիպում:

«Խոշտանգումների մասին հանրությունն իմանում է, երբ, որպես կանոն, դեպքն ունենում է ողբերգական ավարտ, կամ երբ բռնության ենթարկվածները լինում են քաղաքական ակտիվիստներ, ովքեր բարձրաձայնում են դրա մասին: Իննսունականներից սկսած՝ հասարակությանը հայտնի են տասից ավելի մահվան դեպքեր, որոնք իրավապաշտպան կառույցների ընկալմամբ եղել են խոշտանգման հետեւանք, սակայն պաշտոնական վարկածով դրանք եղել են կամ ինքնասպանություն, կամ այլ պատճառներ»,-նշել էին ուսումնասիրության հեղինակները:

Ուշադրության արժանի էր «Զրույցներ» բաժինը:

Ըստ ուսումնասիրության համահեղինակների, «Կոնֆիդենցիալ զրույցի ժամանակ Հայաստանի վերաքննիչ դատարանի դատավորներից մեկն անկեղծացավ:

Հարցին, թե ինչու ամբաստանյալների հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվում, պատասխանել էր.«Մեր վարույթում եղած գործերով ամբաստանյալների ութսուն տոկոսը հայտարարում է, թե ցուցմունքները տվել է ծեծի եւ սպառնալիքների տակ, որ մեկի ետեւից ընկնենք»:

Մեկ այլ զրույց էլ քննիչների հետ էր:

Քննիչներից մեկն ասել էր, խոշտանգումները հիմնականում կատարվում են օպերատիվ աշխատողների կողմից, երբ անձը բերվում է քննիչի մոտ, արդեն հիմնականում «մշակված» է լինում:

Ի դեպ, ուսումնասիրությունը իրականացվել էր «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031