Ուշացա, ուշացա ու չհասցրեցի առաջինն ինքս ասել, թե ինչից է, որ լուսինը ոչ միայն երկնքում է, այլ նաեւ լույս է տալիս, եւ ուշանալուս հետեւանքը եղավ այն, որ երեկ ինձ երկար ու ձիգ բացատրում էին այն, ինչ ես մանկությունից արդեն գիտեի:
Անշուշտ, հաճախ է պատահում, որ առաջին հայացքից թվացող չնչին պատճառները կարող են բացահայտել եւ որպես հետեւանք հարուցել մեծ իրադարձություններ, ինչպես որ մեծագույն ձեռնարկումները հաճախ կարող են ավարտվել անհաջող եւ գրեթե աննկատ արդյունքով: Եվ ես մի պահ ոտքի կանգնեցի, կանգնեցի եւ ուզեցի գնալ տուն ու անմիջապես էլ հասկացա, որ ժամանակը չէ, մտածեցի նաեւ, որ դիմացինին հուսահատության հասցնելու փորձ անողը չի կարող ժամանակը կանգնեցնել, քանի որ ժամանակի տերը ուրիշ տեղում է գտնվում, եւ ինքն է, որ տնօրինում է մեզ, մեր կամքն ու ժամանակը, եւ չհուսահատվողին սատարելու սքանչելի բնույթ ունի:
Ու ես, իմ հպարտ մոլորության մեջ, մտածում էի նաեւ, որ մշակույթի բարձր առաքելությունն աշխարհում հայտնվել է բոլորին հորդորելու եւ հանգստացնելու համար, որ վաղը նոր օր կբացվի, այն էլ՝ գարնանային: Եվ քանի որ առօրյա զրույցների ու բանավեճերի մեջ խոսքի թողած բծերը մոռացվում են կամ երբեմն չեն նկատվում, իսկ արվեստագետի էությունը նույնիսկ տագնապի մեջ է հանգստություն փնտրում՝ գիտենալով մեկ պարզ ճշմարտություն՝ ով տաղանդավոր է, նա հոգով բոլորից մաքուր պետք է լինի, որովհետեւ ուրիշներին շատ բաներ կներվեն, իսկ իրեն՝ ոչ: Չնայած որ հաճախ նա կարող է շրջապատված լինել բազմաթիվ ծերացած ջահելներով եւ չպատճառաբանված ջահել ծերերով, որոնք ամեն ինչ անում են, բայց, ափսոս, ոչինչ չգիտեն, կամ ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ չեն անում: Եվ նրանց տրտում զրույցները՝ հռոմեական արձանների անկումային տրամադրությունը դեմքերին, միշտ ավարտվում է տնտեսական ճգնաժամով, որի հայտնությունը, բոլորին մի տեսակ օտարացնելով իրարից, դարձել է այլեւս մտերմության հանգրվան…
Այնինչ կյանքը շարունակվում է, ուժեղները թուլանում են, անզորները՝ զորանում, աշխարհի բազմաճյուղ ճամփաներին թափառող իրադարձությունները մեզ՝ միամիտներիս, թվում է, թե պատահաբար են հանդիպում: Հանդիպումներ, որոնք հաճախ ճակատագրական են լինում, եւ ոչ մի տնտեսական ճգնաժամ չի կարող փլուզել այն, ինչը որ մարդ ցեղի ներսում ամբողջական է ու հաստատուն, որովհետեւ իրական ճգնաժամը սկսվում է մարդու ներսից՝ հոգու բացակայությունից, երկու մարդու անհոգի շփումից եւ տաղանդավոր մարդկանց հանդեպ վախից:
Կարդացեք նաև
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
Բազմաիմաստ է միտքը Մերուժանի,
Երբեք չի տեսնում՝ թաղի խուժանին,
Հայրենասեր է տաշտակի չափով,
Քայլում է վստահ, բայց՝ նշված ճանփով: