Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է կանխել քաղաքի դիմագծի հետագա աղավաղումը»

Մայիս 03,2013 14:48

«Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու, քաղաքական լրագրող Նանե Մակուչյանը գտնում է, որ չի կարելի քաղաքում ամեն ինչ վերածել շախմատի տների:

ՀՀԿ-ն եւ Տարոն Մարգարյանը վստահեցնում են, որ 4 տարի գործ են արել, եւ որ Տարոն Մարգարյանն ամենալավ քաղաքապետն է: Դուք, որպես երեւանցի, իսկապե՞ս կարծում եք, որ վիճակն այնքան ծանր է, որ պետք է փոխվի քաղաքապետը: «Առավոտի» հետ զրույցում մեր այս հարցին «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու թեկնածու Նանե Մակուչյանը պատասխանեց. «Կարելի է զբաղված լինել անընդհատ, բայց դրա օգտակար գործողության գործակիցը փոքր լինի: Ինձ համար հստակ է, որ ՀՀԿ-ի քաղաքապետը եւ թեկնածուն ունի մտահորիզոնի խնդիր: Օրինակ՝ այդ ծաղիկների եւ գազոնների տնկումը, էլի թվում է՝ գործ է: Իհարկե, ակնահաճո է: Բայց երբ բացակայում է ստրատեգիական պլանավորումը, խնդիրների նշանակության տարբերակումը, թե որն է կարեւոր, ծաղիկներ տնկելն ամենակարեւորը չի թվում: Ինչու ծաղիկներ, եթե կարելի է եւ պետք է այնպիսի ծառատեսակներ կամ թփեր տնկել, որոնք կլուծեն նաեւ օդի, փոշու կլանման, ստվերի հարց: Ծաղկի եւ գազոնի տնկումը դեկորատիվ աշխատանքներ են, ինչը եւս վկայում է, որ կանաչապատման ոլորտում նույնպես մինչ այժմ քաղաքային իշխանությունը չի դրսեւորել ավելի գլոբալ մոտեցում»:

Մեր հարցին՝ ո՞ր խնդիրներն են Ձեզ համար առաջնահերթ, եւ եթե ընդգրկվեք ավագանիում, ի՞նչ առաջարկություններով հանդես կգաք՝ Նանե Մակուչյանը պատասխանեց. «Ինձ համար մի քանի առաջնահերթ բաներ կան: Մեկը քաղաքի արտաքին տեսքի աղավաղման դադարեցումն է: Պետք է կանխենք այն աղճատումները, որոնք անշրջելի են, անդառնալի են: Հիմա մեր թիմն էլ գտնում է, որ մանավանդ փոքր եւ մեծ կենտրոններում քաղաքաշինական առումով ցանկալի է կիրառել ճարտարապետական փոքր լուծումներ: Դրա առաջարկը մեր ծրագրային թիմում ես եմ արել: Հատկապես փոքր կենտրոնում բազմահարկ կառույցներ եւ շատ մեծ շինություններ պետք է չլինեն, որովհետեւ այդպիսի փորձ արդեն ունենք: Հրապարակի ոչ շատ խորքերում արդեն կան 16 հարկանի կառույցներ՝ մետաղական եւ ապակյա կոնստրուկցիաներով, որոնք թամանյանական կառույցների ֆոնին հարիր չեն: Պետք է լինի այնպիսի մոտեցում, որ խիստ չսահմանափակելով մասնավորի իրավունքը՝ հանրայինը ամբողջությամբ չստորադասվի մասնավորի շահին: Բայց նույն վեր խոյացած կառույցները, որոնք Երեւանի գլխավոր հատակագծի բազմաթիվ շեղումներով են իրականացվել՝ կանաչ տարածքնեի հատումով, կարծում եմ, որ շատ դժվար կլինի այդ կառույցները ապամոնտաժել, որովհետեւ այդ դեպքում պետք է մասնավորի փոխհատուցման հարց լուծել: Պատկերացնո՞ւմ եք, այս մասշտաբով որ աղավաղվել է, եւ այդքան կառույցներ են վեր խոյացել, ո՞նց է արվելու այդ փոխհատուցումը:

Պիտի գտնես՝ ով է թույլ տվել, քանի տարի առաջ, ովքեր են այդ ժամանակ քաղաքի պատասխանատուներ եղել, անգամ գտնելուց հետո պատկերացնո՞ւմ եք՝ ինչ լայնամասշտաբ աշխատանք պետք է սկսվի, եւ ես ռեալ չեմ համարում, որ կարողանանք այդ մարդկանց ստիպել փոխհատուցել այդ հսկայական գումարները: Ցավոք, դա իրատեսական չեմ համարում»:

Նանե Մակուչյանը կարեւոր խնդիրներից համարեց նաեւ աշխատատեղերի հարցը եւ լուծումներ առաջարկեց. «Եթե պետք է քաղաքային ենթակայության տարածք տան, այդ տարածքը պետք է հատկացնեն ինչ-որ մեկին, հարց է առաջանում՝ ո՞ւմ են նախապատվությունը տալիս: Եթե մրցույթներով պետք է արվի, նախապատվությունը պետք է տալ այն սուբյեկտներին, որոնք այդ տարածքը վարձակալելու դեպքում առավելագույն աշխատատեղերի հարց կլուծեն: Շատ կարեւոր է նաեւ քաղաքային մշակույթի պահպանման եւ զարգացման հարցը: Նախ, զուտ գործնական առումով մշակույթի տները, քաղաքային փոքր մասշտաբի գրադարանները չպետք է օտարվեն, ինչպես դա արվել է մի շարք դեպքերում, եւ դրանց տեղում հիմա մթերային խանութներ են. սա անթույլատրելի է: Կարելի է վերապրոֆիլավորում անել, փոխել խմբակների բնույթը, բայց դրանք շատ լուրջ խնդիրներ են լուծում: Չի կարելի ամեն ինչ վերածել շախմատի տների: Հասկացանք, որ երկրի ղեկավարը հակում ունի շախմատի հանդեպ, բայց չի կարելի քաղաքային մշակույթը փոխարինել բացառապես շախմատով»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031