Լրահոս
Օրվա լրահոսը

13 տարեկանում Իսպանիա մեկնած վանաձորցու նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Մայիս 03,2013 14:39

Հակառակ փաստաբանի պնդումներին՝  պատկան մարմինները վստահ են, որ նա կանխամտածված է մեկնել երկրից

27-ամյա  Տիգրան Կոստանյանի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքի առթիվ:

Տիգրանի հայրը՝ Սեյրան Կոստանյանը, «Առավոտի» հետ զրույցում նկատում է, որ որդին երբեւէ մտադրություն չի ունեցել խուսափելու զինվորական ծառայությունից, դատախազության որոշումն էլ սխալ է որակում: «1998 թվականին, սոցիալական ծանր վիճակից ելնելով, ընտանիքիս հետ տեղափոխվեցի Իսպանիայի Թագավորություն: Ապրելու հարց կար, ընտանիքի գոյատեւման խնդիր կար, չէինք կարողանում այստեղ»,- ասում է Սեյրան Կոստանյանը՝ տեղեկացնելով, որ 2002-ից  սկսած, երբ որդին արդեն 17 տարեկան էր, բազմիցս դիմել են Իսպանիայի Թագավորությունում հայկական դեսպանատուն՝ ՀՀ պատկան մարմիններից  վերադարձի համար անհրաժեշտ փաստաթուղթ ստանալու, սակայն՝ ապարդյուն: «Նա ցանկացել է վերադառնալ, փորձեր արել է, բայց դեսպանատունը այդպես էլ ոչ մի պատասխան չի տվել: Հիմա էլ քրեական գործ են հարուցել: Տղաս ուզում է գալ Հայաստան, բայց այսպես խոչընդոտում են: Այսպես են իրականացնում  «Արի տուն» ծրագիրը»,- ասում է Տիգրանի հայրը:

Տիգրան Կոստանյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը (լուսանկարում)  մեզ հետ զրույցում նշում է, որ թեեւ նրա կողմից ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչ Դավիթ Խազախեցյանը որոշում էր կայացրել քրեական գործ հարուցելը մերժել՝ Տիգրան Կոստանյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով, այնուամենայնիվ, Լոռու մարզի դատախազության դատախազ Վահագն Ստեփանյանը վերացրել է քննիչ Դավիթ Ղազախեցյանի կայացրած որոշումն ու դեպքի առթիվ քրեական գործ հարուցել՝ հանգելով եզրակացության, որ Տիգրան Կոստանյանը 13 տարեկանում կանխամտածված մեկնել է ՀՀ-ից, չի կցագրվել Վանաձորի զինկոմիսարիատում եւ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության մեկնելուց: Փաստաբանը դատախազի կայացրած որոշումը անարդար է որակում՝ մանրամասնելով, որ քրեական գործ է  հարուցվել դրա հիմքի բացակայության պայմաններում. «Սրանք, մեղմ ասած, իրավաբանության հետ առնչություն չունեցող ձեւակերպումներ են: Դա լուրջ մոտեցում չէ, դատախազը ոչ թե իրավունքի դաշտում է գործել, այլ անձնական ամբիցիաները վեր է դասել օրենքի պահանջներից: 13 տարեկան երեխան հանցագործության սուբյեկտ չի կարող լինել, 13 տարեկանում ընտանիքը մեկնել է ոչ թե զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով, այն դեպքում, երբ դրան դեռ 5 տարի կար, այլ այդ ժամանակ ՀՀ-ում տիրող սոցիալ-տնտեսական, ընտանիքի  վիճակը այնպիսին է եղել, որ ստիպված հաշվառումից դուրս են եկել,  արտագաղթել, որպեսզի կարողանան ապրել, սովից, քաղցից չմահանալ, հիվանդությունից չմահանալ: Մյուս  կողմից էլ,  եթե երեխայի ընտանիքը մեկնում է Իսպանիա կամ այլ տեղ,  13 տարեկան երեխան կարո՞ղ է չհնազանդվել ընտանիքին, եւ մնալ այստեղ միայնակ: Օբյեկտիվ պատճառներով եւ հանցակազմի բացակայության  պայմաններում չծառայելը քրեական գործ հարուցելը բացառող հանգամանք է»: Փաստաբան  Հակոբյանը նաեւ Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանին է դիմել՝ պահանջելով վերացնել դատախազ Վահագն Ստեփանյանի կայացրած որոշումը: Լոռու մարզի դատախազը, սակայն,  մերժել է փաստաբանի բողոքը:

Խնդրին լուծում տալու համար էլ փաստաբան Հակոբյանը այժմ դիմել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան՝ պահանջելով վերացնել Լոռու մարզի դատախազության դատախազ Վահագն Ստեփանյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ քրեական գործ հարուցելու մասին 2013 թվականի մարտի 26-ի եւ  Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի՝ պաշտպանի բողոքը մերժելու մասին 2013 թվականի ապրիլի 19-ի որոշումը՝ դրանք անհիմն եւ չպատճառաբանված լինելու հիմքով: «Եթե դատարանն էլ չվերացնի այս որոշումները, ապա հանդես կգանք քրեական գործով վարույթը կարճելու պահանջով»,- հետագա քայլերի մասին է պատմում փաստաբանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տաթև says:

    Կեցցեն նման <> կոչվածները: Հետո էլ ասում են վստահեք պետիրավական մարմիններին: Այսքանից հետո ի՞նչ վստահության մասին կարող է խոսք լինել: Հային արգելում են վերադառնալ իր հայրենիք, այն դեպքում երբ մեր երկրից ամեն օր հարյուրավոր մարդիկ են հեռանում՝ չվերադառնալու նպատակով: Հայաստանը հայաթափում են: Ինչո՞վ են տարբերվում Թուրքիայից: Ըստ էության ոչնչով: Տեղի է ունենում <>: Ինչ խոսք կարող է լինել հայապահպանության և ազգային անվտանգության մասին:
    Եթե նույնիսկ ի սրտե ուզենաս հպարտանալ ՀՀ-ով, կգտնվեն մարդիկ , որոնք ամեն կերպ ի չիք կդարձնեն մեր երկրի հազարամյա փառավոր պատմությունը և անունը:
    Պրն. դատախազ, մի՛ մոռացեք, որ գոյություն ունեն ավելի բարձր ատյաններ, որոնք անկողմնակալ և անկախ են: Այս դեպքը ևս մեկ անգամ միջազգային ատյաններին կփաստի, որ ՀՀ-ում արդարությունը վաղուց մեռած է:

  2. Տաթև says:

    Կեցցեն նման օրենքի պաշտպան կոչվածները: Հետո էլ ասում են վստահեք պետիրավական մարմիններին: Այսքանից հետո ի՞նչ վստահության մասին կարող է խոսք լինել: Հային արգելում են վերադառնալ իր հայրենիք, այն դեպքում երբ մեր երկրից ամեն օր հարյուրավոր մարդիկ են հեռանում՝ չվերադառնալու նպատակով: Հայաստանը հայաթափում են: Ինչո՞վ են տարբերվում Թուրքիայից: Ըստ էության ոչնչով: Տեղի է ունենում սպիտակ գենոցիդ: Ինչ խոսք կարող է լինել հայապահպանության և ազգային անվտանգության մասին: Եթե նույնիսկ ի սրտե ուզենաս հպարտանալ ՀՀ-ով, կգտնվեն մարդիկ , որոնք ամեն կերպ ի չիք կդարձնեն մեր երկրի հազարամյա փառավոր պատմությունը և անունը: Պրն. դատախազ, մի՛ մոռացեք, որ գոյություն ունեն ավելի բարձր ատյաններ, որոնք անկողմնակալ և անկախ են: Այս դեպքը ևս մեկ անգամ միջազգային ատյաններին կփաստի, որ ՀՀ-ում արդարությունը վաղուց մեռած է:

  3. ANUSH says:

    Մեղքը արտագաղթինն է:Բոլորն ել գնում են երեխաներով,ընտանիքներով,մի մասն էլ ընտանիք է կազմում դրսում,երեխաները ծնվում են դրսում,մեծանում դրսում և եթե նույնիսկ մնա ՀՀ քաղաքացի,որը դրսում ընտրելու հնարավորություն էլ չունի, նա արդյոք կգա բանակում կծառայի ու նորից գնա:Մտածեք ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ մասին:

  4. Լուսինե says:

    Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ ՀՀ-ում ոչ մի պետական մարմին իր տեղում չի ու չի կատարում իրեն վերապահված գործառույթները: Հետո էլ գտնում են անմեղ մեղավոր ու ողջ մեղքը բարդում նրա վրա` արդարեցնելով իրենք իրենց ու խուսափելով պատասխանատվությունից: Գլխավոր հանցագործներին թողած՝ ընկել են այն տղայի հետևից, որը ուղղակի փորձում է վերադառնալ իր հայրենիք: Պրն. դատախազ, այս ինչ գործելակերպ է, թե մտածում եք օրենքից միայն Դուք եք հասկանում: Հասկացեք, որ այն անհատը, որը տարիներ շարունակ ապրել է արտասահմանում, շատ լավ գիտի իր իրավունքները: Մի ստիպեք մարդկանց խաչ քաշել սեփական հայրենիքի վրա և հիասթափված հեռանալ և ետ էլ չնայել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031