Երեկ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մարզի կրթական ոլորտում հարուցված քրեական գործերը թվարկելիս, տեղեկացրեց. «Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական և տարրական կրթության ամբիոնի վարիչ Լիզա Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, դրական գնահատականներ է նշանակել փաստացի քննության և ստուգարքների չհաճախող ուսանողուհու: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով, կատարվում է նախաքննություն»: Aravot.am-ը պարոն Շահբազյանին խնդրեց հստակեցնել, թե ո՞ր ուսանողուհու մասին է խոսքը, մի՞թե սա կապված է օտար լեզուների ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Սուքիասյանի հետ, ով հանրապետությունից բացակայելով հանդերձ, գնահատականներ էր ստացել, և արդյո՞ք այդ մի դասախոսն է նրան դրական գնահատական նշանակել, որի անունը շեշտվում է:
Հիշեցնենք, որ այս ուսանողուհու պատճառով բավական տհաճ իրավիճակ ստեղծվեց Գյումրու մանկավարժականում. բանն այն է, որ նրա մայրը`Կարինե Սուքիասյանը, լինելով նույն բուհի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչը, իր կոլեգաներին խնդրել էր դրական գնահատականներ նշանակել դստերը: Նրանք էլ մարդկայնորեն ընդառաջել էին` տեղյակ չլինելով, որ դուստրը հանրապետությունում չէ: Մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանն էլ խստորեն պատժել, նկատողություններ էր տվել դեկանին ու դասավանդած դասախոսներին: Արդյունքում պաշտոնից հեռացվել էր ռուսաց լեզվի ամբիոնի վարիչը, այսինքն ուսանողուհու մայրը, իր դիմումի համաձայն ինստիտուտը լքել էր Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Սահականույշ Գրիգորյանը: Ի պաշտպանություն դեկանի, աշխատանքից ազատման դիմումներ էին ներկայացրել նույն ֆակուլտետի անգլերենի մի քանի փայլուն մասնագետներ` դեկանի տեղակալ Սիլվա Գրիգորյանը, Անահիտ Միրիջանյանը, Անուշ Սարգսյանը:
Շիրակի մարզի դատախազը Aravot.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ գործ է հարուցվել փաստի առթիվ, կատարվում է նախաքննություն, ու հարցաքննվում են մի քանի դասախոսներ: Եթե մի խումբ դասախոսներ են հարցաքննվում, այդ դեպքում ինչո՞ւ է հնչեցվում հենց նախադպրոցական և տարրական կրթության ամբիոնի վարիչ Լիզա Հակոբյանի անունը, որը, ի դեպ, մեծ վրդովմունք է առաջացրել բուհում` այն պատճառով, որ վերջինս ավելի քիչ դերակատություն ունի: Նա ընդամենը ստուգարք է նշանակել այսպես ասած երկրորդական առարկայի գծով, մանկավարժության ստուգաբանության մեթոդաբանություն առարկայից, որը համաինստիտուային է, և դասախոսն իրավունք ունի ստուգարքը նշանակել մեխանիկորեն: Դատախազի պարզաբանելով, վաղաժամ է խոսել մարդու անմեղ կամ մեղավոր լինելու մասին, իսկ տիկնոջ անունը հնչեցվել է, որովհետև նա ևս մասնակից է. լինելով ամբիոնի վարիչ, դրական գնահատական է նշանակել դասերին, քննություններին ու ստուգարքներին չհաճախած ուսանողուհուն: Մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք նաև Շիրակի մարզի քննչական բաժնի պետ պարոն Երիցյանից, ով փոխանցեց հետևյալը. «Քրեական գործ հարուցված է փաստի առթիվ, հարցաքննվում են բուհի մի քանի դասախոսներ, սակայն չի բացառվում, որ նախաքննության ընթացքում կոնկրետ մեղադրանքներ առաջադրվեն կոնկրետ անձանց»: Իսկ թե ինչո՞ւ է այս գործում հնչեցվում հենց Լիզա Հակոբյանի անունը, նրան արդեն կա՞ առաջադրված կոնկրետ մեղադրանք, նախաքննական մարմնի ղեկավարն ասաց, որ այս պահին ընդամենը կարող է ասել, որ ընթանում է նախաքննություն` փաստի առթիվ: Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, ռուսաց լեզվի նախկին ամբիոնի վարիչը արդեն իսկ ցուցմունք է տվել` խոստովանելով, որ ինքը ճշմարտությունը չի ասել իր կոլեգաներին, այսինքն նրանց տեղյակ չի պահել, որ իր դուստրը հանրապետությունում չէ: Նա ընդամենը ասել է, որ դուստրը լավ չի զգում, թունավոր հղիություն է տարել, այժմ բուժվում է հիվանդանոցում և այդ պատճառով չի կարող ներկայանալ քննությունների: Նշենք, որ Գյումրիի ավանդույթների համաձայն, սարսափելի ամոթ է համարվում կոլեգաներին չընդառաջելը, այդպիսի մարդկանց պիտակավորում ու բարոյազուրկ են համարում: Լիզա Հակոբյանի պարզաբանմամբ, Կարինե Սուքիասյանը եղել է իր դասախոսուհին` 5 տարի շարունակ դաս է տվել իրեն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Մի սխալ՝Կարինե Սուքիասյանը ոչ թե ռուսաց լեզվի,այլ ռուս գրականության ամբիոնի վարիչն էր.