ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի խոսքերով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետք է շնորհակալություն հայտնեն երեւանցիներին «մութ ու ցուրտ» տարիներին նրանց չարչարանքների համար:
«Ռոբերտ Քոչարյանի քարոզչական մեքենան մեր ուղեղներում թողեց ցուրտ ու մութ տարիներ արտահայտությունը, առանց խորանալու պատճառների մեջ: Վիրավորվածություն կա, բայց ոչ երեւանցիներից: Պետք է դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեն այդ տարիների չարչարանքի համար, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն` ինչ պատճառով էր Երեւանում այդ վիճակը,- այսօր «Մեդիա» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Վ. Խաչատրյանը:
Հետո պարզաբանեց. «Մենք հնարավորություն ունեինք Երեւանում 8-10 ժամ հոսանք տալ, բարենպաստ պայմաններում ապրել, բայց այդ դեպքում հոսանք չէր ունենա Ղարաբաղը, այդ դեպքում ՀՀ արդյունաբերությունը կանգնած կլիներ»:
Պարոն Խաչատրյանը նաեւ հավելեց, որ մտավախություն չունի, թե այսօր երեւանցիները իր ղեկավարման տարիները բացասական հիշողություններով են միայն մտաբերում. «Հուսով եմ` հիշողություններն ավելի լավը կլինեն, քան թե վատ»:
Կարդացեք նաև
Հետո պարոն Խաչատրյանը հասավ 2009-թվականի իրադարձություններին, երբ ավագանու ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցեց, բայց հրաժարվեց ավագանու կազմում աշխատել.« Ընտրությունները եղել են կեղծված, արդյունքները մենք բողոքարկելու էինք… ամեն անգամ այս հարցը տալիս են, բայց եւս մեկ անգամ ասեմ, որ մենք Սահմանադրական դատարանում բողոքարկելու համար փաստաթուղթ էինք պատրաստել, բայց չներկայացրինք, որովհետեւ այդ ժամանակ ՀԱԿ դաշինքին մաս կազմող մարքսիստական կուսակցությունը հրաժարվեց ստորագրել փաստաթղթի տակ… արդյունքում ավագանին ոչինչ չարեց երեւանցու համար, որովհետեւ թվերը նկարեցին, ասացին` դուք ավագանի եք»:
Պարոն Խաչատրյանի խոսքերով, վերջին տարիներին քաղաքային իշխանությունները վատ են աշխատել. «Թող այնպիսի կառավարման համակարգ ստեղծեին, որ պատասխանատվությունն ընկներ ոչ միայն կուսակցության, այլ նաեւ որոշ առումով քաղաքացիների վրա… բայց մի ուրիշ բան էլ կա, հիմա մեզ ասում են` ով եք դուք, վեր կացեք, գնացեք, մեզ հետ գործ չունեք, թողեք աշխատենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ