Հաշմանդամների իրավունքներով զբաղվող որեւէ հ/կ ընդդեմ Հայաստանի չի դիմել դատարան՝ իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու
Կուսակցություններից որեւէ մեկի ծրագրում չկան մեխանիզմներ, թե ինչպես են լուծելու հաշմանդամների խնդիրը: Այսօր «Զարկերակ» ակումբում ասաց «Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը: Ամեն ընտրությունից առաջ հաշմանդամները բարձրացնում են ընտրական գործընթացների ժամանակ իրենց ոտնահարված իրավունքների հարցը, սակայն, ինչպես պարոն Օհանյանն է նշում, «աննշան տեղաշարժեր» են արձանագրվում: Մինչդեռ մեր երկիրը 2010-ից ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց համաձայն՝ հաշմանդամի համար պիտի ապահովի մատչելի միջավայր, հավասար պայմաններ ոչ հաշմանդամ մարդկանց հետ, ապահովի աշխատանքով եւ այն: Սակայն ինչպես «Հույսի կամուրջ» հ/կ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության անդամներ Ռուդոլֆ Զաբրոդինն ասաց`«Անգամ ամենատարրական հարցերում են թերանում: Լուսակիրները, որոնք թվերով ցույց են տալիս, թե որքան մնաց փողոցն անցնելու, գոնե դրան ավելացնեին ձայն, որպեսզի տեսողության խնդիր ունեցող մարդուն օգնեն: Ինձ համար շատ դժվար է օգտվել, օրինակ` Օպերայի լուսակիրներից: Ես ինչո՞վ եմ պակաս ոչ հաշմանդամ մարդուց»:
Aravot.am-ի հարցին, թե պարբերաբար բարձրաձայնում եք ձեր խնդիրները, սակայն կա՞ն նախադեպեր, թե հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հ/կ-ները ընդդեմ մեր պետության երբեւէ դիմե՞լ են մեր երկրի կամ միջազգային դատարաններ` հաշմանդամի խախտված իրավունքները վերականգնելու պահանջով, պարոն Օհանյանն ասաց. «Մինչեւ միջազգային ատյաններին հասնելը՝ կարելի է մեր երկրում պաշտպանել, սակայն երբեւէ չենք դիմել, բայց երբեմն դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին այս կամ այն հարցով:
2006-ից կա որոշում, որ շենքի հենց նախագծման փուլում կառուցապատողը պարտավոր է այնպիսի շենք նախագծել, որը կլինի մատչելի եւ հարմարեցված հաշմանդամի համար, բայց շենքերը շարունակում են կառուցել առանց այդ պահանջի: Սակայն դրա համար չկա նախատեսված որեւէ վարչական միջոց, որ կառուցապատողը կամ նախագիծը առանց այդ պահանջների հաստատող անձը պատժվի, վարչական տուգանքների ենթարկվի եւ այլն:
Կարդացեք նաև
Նույն խնդիրը Ընտրական օրենսգրքում է. 15.5 կետով նախատեսված է, որ տեղական ինքնակառավարման մարմինը պետք է ապահովի հաշմանդամի մատչելիությունը ընտրատեղամաս, բայց նույն այդ օրենսգրքում նշված չէ, որ չապահովելու դեպքում ինչ պատժամիջոց պետք է կիրառվի այդ մարմնի նկատմամբ»:
Ըստ Ս. Օհանյանի, այսօր աշխատունակ հաշմանդամների միայն 8 տոկոսն է զբաղված, մնացած հաշմանդամների էլ 1 տոկոսն է գրանցված զբաղվածության կենտրոնում. «Քանի որ մարդիկ կրթություն չեն ստացել, որպեսզի կարողանան ինչ- որ տեղ աշխատել: Ճիշտ է, թեքահարթակներ կան որոշ տեղերում, բայց այդ թեքահարթակները որտեղ պետք է տանեն մարդկանց, թեքահարթակ կառուցելով հաշմանդամի խնդիրը չես լուծի: Մենք չունենք գոնե մեկ հարմարեցված հասարակական տրանսպորտ: Գոնե 1 հատ բերեն ձեւի համար»:
Ս. Օհանյանը կարծում է, որ գծի տիրոջ առաջ պետք է քաղաքապետարանը նման խնդիր դնի եւ այս կամ այն գիծը շահելու մրցութային պայմաններից մեկը պետք է լինի հաշմանդամի համար հարմարեցված տրանսպորտ ունենալը:
Ըստ նրա, այս ընտրություններին առաջին դեպքն է, որ ոչ թե հաշմանդամներն են դիմել կուսակցություններին իրենց խնդիրները ներկայացնելու, այլ` կուսակցությունները, բացառությամբ ՀՀԿ-ից, դիմել են հաշմանդամներին՝ նրանց խնդիրը լսելու:
Ս. Օհանյանի մեկնաբանությունները առավել մանրամասն` տեսանյութում.
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ