Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ՝ ոչ երեւանցու կարծիքը

Մայիս 03,2013 13:59

Արդեն գրել եմ, որ Երեւանի բնակիչ չեմ եւ չեմ մասնակցելու կիրակի օրը կայանալիք ընտրություններին: Բայց քանի որ այս ընտրությունները քաղաքական են (եւ դրա հետ, կարծես թե, ոչ ոք լրջորեն չի վիճում), ուզում եմ, ավանդույթի համաձայն, հայտնել իմ դիրքորոշումը. եթե ես քվեարկելու իրավունք ունենայի, ապա ձայնս կտայի ՀԱԿ-ի ցուցակին: Այնպես չէ, որ հիացած եմ այդ կուսակցության, նախկինում՝ դաշինքի գործունեությամբ: Ինչպես հայաստանյան գրեթե բոլոր կուսակցություններում, այստեղ էլ կան բոլշեւիկյան հավատաքննության եւ առաջնորդի անձի պաշտամունքի տարրեր: Բայց երբ քաղաքացին գնում է ընտրությունների, նա պետք է առաջնորդվի ոչ թե ինչ-որ ժամանակավոր, մակերեսային երեւույթներով, այլ սկզբունքներով, գաղափարներով: Հենց դրանից ելնելով էլ ես, որպես քաղաքացի, նախագահական ընտրություններում համակրում էի Բագրատյանին, իսկ հիմա՝ ՀԱԿ-ին: Կարեւոր չէ, թե ով այս պահին որ «գծի մեջ է»՝ դրանք մարտավարական հարցեր են, որոնք կարող են փոխվել: Էականը այն ուղղությունն է, որը, իր բոլոր սխալներով եւ շեղումներով, ընտրում են այս միջավայրից դուրս եկած գործիչները: Իսկ այդ ուղղությունն է ազատ շուկան, ժողովրդավարությունը եւ ազգային հարցերում պրագմատիզմը: Որքան կարող եմ դատել հարցազրույցներից, նույն արժեքներն են դավանում ՀԱԿ-ի ցուցակում առաջադրված երիտասարդները: (Հեղափոխական հռետորաբանությունը ես վերագրում եմ, այսպես ասած, «ձախության մանկական հիվանդությանը»):

Կարեւոր է նաեւ, թե ով է ղեկավարում ցուցակը:  Վահագն Խաչատրյանը քաղաքի եւ երկրի համար դժվար տարիներին իրեն դրսեւորել է որպես արհեստավարժ մենեջեր եւ տնտեսությունը ներսից հասկացող անձնավորություն: Էական է, որ նա Երեւանի քաղաքային խորհրդի նախագահ էր ընտրվել որպես անկուսակցական եւ իր աշխատանքի ընթացքում երբեք քաղաքական հակամարտության մեջ չի մտել այն ժամանակվա (1992-1996 թվականների) իշխանական եւ ընդդիմադիր ուժերի հետ: Սա այսօր էլ է արդիական. որքան էլ կուսակցություններն իրար քարկոծեն ու վարկաբեկեն, կան խնդիրներ եւ ոլորտներ, որտեղ նրանք դատապարտված են համագործակցության: 20 տարի ճանաչելով Վահագն Խաչատրյանին՝ ես նրանից ոչ միայն հայհոյանք չեմ լսել, այլեւ որեւէ մեկի հասցեին անձնական վիրավորանք պարունակող արտահայտություն՝ ինչպես հրապարակային ելույթներում, այնպես էլ մասնավոր զրույցներում: Երիտասարդ ՀԱԿ-ականներն այդ առումով պարոն Խաչատրյանից շատ բան ունեն սովորելու:

Ավելորդ չէ նորից հիշեցնել. այն, ինչ ես այստեղ գրում եմ, իմ անձնական կարծիքն է, որը կապ չունի ոչ իմ լրագրողական գործունեության, ոչ էլ «Առավոտի» ուղղվածության հետ: Լրագրությունը, շարունակում եմ դա պնդել, չի կարող «պատկանել» որեւէ կուսակցության, իսկ լրատվամիջոցը պարտավոր է հավասարակշռություն պահպանել բոլոր «հակամարտող» կողմերի միջեւ, ինչը եւ մենք անում ենք: Ավելին ասեմ. թե տանը եւ թե աշխատավայրում իմ հարազատներն ու ընկերները, որքան հարցրել եմ, չեն կիսում իմ անձնական քաղաքացիական նախասիրությունները եւ, որպես կանոն, այս եւ նախորդ ընտրություններում գերադասում են Րաֆֆիին: Չեմ պատրաստվում քննել որեւէ մեկի հավատը: Կեցցե՛ բազմակարծությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Հարգելի Հայմարդ: Ձեր մեկնաբանությունը չի հրապարակվում, քանի որ գրված է տրանսլիտով: Ընթերցեք մեր հրապարակման կանոնները: Նշենք, որ տրանսլիտով գրված մեկնաբանությունները ջնջում ենք՝ անգամ առանց մինչեւ կարդալու: Գրեք հայատառ խնդրեմ:

  2. Haymard says:

    հա բա տենց ասեք, նենց տեղ գրեք այդ կանոնը, որ միանգամից էրևա, ամեն դեպքում, պետք ա միանգամից հենց գրեիք, ոչ թե սպասեիք մինչև, լավ…հարցս նորից եմ տալիս, իսկ որտեղ ա բնակվում հարգարժան Ա. Աբրահամյանը, սա հեգնանք չի, ոչ էլ կատակ, իսկապես հետաքրքիր ա, քանի որ ես ել եմ հոգնել Երևանից, անտանելի ա դառնում…

  3. Haymard says:

    Գրված է չօգտագործել, այն էլ վերջում, գրված չի, որ միանգամից, առանց մինչև (հիմա առանց, թե մինչև) ջնջվելու է, լավ, սա հասկացանք, սպասում եմ հարցիս պատասխանին..

  4. Նվեր says:

    Միանգամայն ճիշտ է: Տրանսլիտով մեկնաբանությունները պետք է ջնջվեն առանց քննարկման, ու հենց միայն սրա համար Առավոտ-ը արժանի է հարգանքի: Իսկ ի՞նչ անենք, որ այս կանոնը գործի մնացած կայքերում, որևէ օրենսդրական ակտ չկա՞ այս ոլորտը կարգավորող:

    • Haymard says:

      Էս ինչ ծայրահեղական մտքեր են, պետք է սենց, պետք է նենց, լավ ա հլը դատի չես առաջարկում տալ տրանսլիտի համար…միանգամից ջնջել ու արժանանալ հարգանքի, կեցցես…

      • Ալեքսանդր says:

        Ճիշտ եք անում, որ ջնջում եք: Դրա դեմ ես պայքարում եմ այսպես` պարզապես չեմ կարդում ոչ հայատառ գրվաց հայերեն խոսքը: Եթե ինձ նման վարվողների թիվը մեծ լինի, հուսով եմ` ի վերջո բոլոր հայերը կսկսեն գրել հայատառ, որպեսզի իրենց գրվածը կարդացվի:

      • Troll says:

        Տրանսլիտը կարդալը ավելի դժվար է: Ճիշտ է, տրանսլիտով գրելը միգուցե ավելի հեշտ է եվ արագ, բայց դուք գրում եք մեկ անգամ, իսկ կարդում են շատերը: Իսկ եթե ինչ որ տեխնիկական խնդիրներ կան, զորօրինակ հայկական ֆոնտերի բացակայություն, ապա կարող եք օգտագործել Google Translate կամ այլ նմանատիպ կայք, որը տրամադրում է առցանց հայերեն ստեղնաշար եւ copy-paste անեք տեքստը:

  5. Ara says:

    Եթե խիստ անձնական չէ, ապա ինձ էլ է հետաքրքիր թե որտեղ է գրանցված պարոն Աբրահամյանը:

  6. goroskop75 says:

    Հարգելի հեղինակ,

    https://www.tert.am/blog/?p=6689
    կարծում են` կամ հեղինակն է զրպարտում, կամ մեղադրանքները ճշմարտացի են, երրորդ տարբերակ չկա, Դուք կարող եք հստակ պատասխանել` Վահագն Խաչատրյանն իրոք ջրի գնով սեփականաշնորհել է շենքեր, փակել մանկապարտեզներ ու գրադարաններ, թե այս մեղադրանքները պարզունակ զրպարտություններ են ???:

  7. գոհար says:

    Հարգելի Արամ Աբրահամյան,ինչով է պայմանավորված Ձեր համակրանքը ՀԱԿ-ի նկատմամբ`կարոտախտով,թե պրագմատիկ հաշվարկով?

  8. Maxim says:

    Իսկ ես միանշանակ,՝ Տարոնի կողմն եմ, քանի որ նրա մեջքին կանգնած է թաղի խուժանը, որը և մեր
    պայծառ ապագայի երաշխիքն է:

  9. Արմեն says:

    Տիկնայք ու պարոնայք առաջարկում եմ գնալ ու ընտրել նրան ում նախընտրում եք:

    ՈՒ հավատացեք ում ընտրենք նա/նրանք էլ կանցնեն: Եթե կոնկրետ ձեր թեկնածուն չի

    անցել, ապա դա դեռ հիմք չէ, որ խախտումներից է այդպես եղել, պարզապես այս անգամ կամ

    այս էլ որերրորդ անգամ ձեր մոտեցումը ոչ այնքան մասսայական էր: Երկու անգամ իմ

    նախընտած ՀՀ նախագահի թեկանծուն չի ընտրվել, սակայն ես հասկացել եմ, որ դա բնական է:

    Իսկ թերություններ ու խախտումներ լինելու են և դա անչափ բնական է:

    Վերջ տանք այս աշխարհում ամենակարևոր բանը անթերի ընտրությունները համարելը:

    Շատ ավելի կարևոր է ազնիվ, հարգալից, երկիրն ու մայրաքաղաքը սիրելը, բայց միայն ոչ

    խոսքերով:

    Թող որևէ մի ընդիմադիր պարզի դրոշակը ու ասի ինչու այս կամ այն քաղաքապետը չի

    նպաստում Երևանում աղբամանների տեղադրմանը/փոխարինմանը: Այս ասելով աթոռին չեն

    տիրանա ոչ ՀՅԴ, ՀԱԿ, Բարգավաճ, Ժառանգություն և այլ կոսակցությունները: Բա իրենց պետք

    է որ աղբաման լինի: Իսկ մեզ կարծում եմ պետք է, եկեք կոնկրետ լինենք ու կոկրետ պահանջենք

    բոլորից էլ և դիմադիր և ընդիմադիր կոսակցություններից: Ընտրությունների շրջանը պիտի

    ընդամնեը արտացոլի թե որին արժե ձայն տալ նախորդ մի քանի տարիների աշխատանքի

    համար: Հայաստանում չկա որևէ մի ընդիմադիր կուսակցություն, որ գոնե 1% – անոց

    աշխատանք արած լինի: Ցավոք ես բացահայտ Ճիշտ եմ, հետևաբար ոչ մի ընդիմադիր արժանի

    չէ ձեր/իմ քվեին, որովհետև չի մտահոգվել որևէ մասով: Ընդիմադիրներին պետք է պատժել

    միանշանակ: Դրանից հետո իրենք կամ կվոչնչանան կամ պիտի սկսեն մտածել-աշխատել:

  10. Տիգրան Բալայան says:

    Ինչի է պետք փորձը, երբ ընդամենը պետք է հսկել, թե առկա գումարները արդյոք ծախսվում են նպատակային, չեն գրպանվում և այլն… Այս ռումով բուհը նոր ավարտած, բայց այդ խարդախությունների փորձը չունեցող երիտասարդը ավելի մաքուր կաշխատի… Առաջին նախագահը չուներ փորձ, երբ նա ընտրվեց գերագույն խորհրդի նախագահ… Այնպես որ ձեր նախասիրած թեկնածուի նախկին տարիների փորձն ու աշխատանքը ոչ մի առավելություն չեն տալիս նրան, և ավելի վկայում են այն մասին, որ բոլոր փորձառու տնտեսագետները լավ են տիրապետում բյուջեն իրենց գրպանը ուղորդելու տեխնոլոգիաներին…

  11. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի խմբագրություն, ընհանուր առմամբ համաձայն լինելով խմբագրապետի հայտնած մտքերին և եզրակացությանը, չէի ցանկանում իմ մեկնաբանությամբ միջամտել ձեր՝ տրանսլիտը հանգամանաորեն ջախջախելու պատասխանատու գործին, սակայն թռուցիկ կերպով ծանոթանալով ՛՛Առավոտի՛՛ երեկվա լրահոսին, տարօրինակ կերպով հայտնաբերեցի, որ չկա որևէ անդրադարձ ՀՀԿ-ի մայիսի 3-ին չկայացած հանրահավաքի մասին:
    Քանի որ խմբագրակազմի արհեստավարժության վերաբերյալ կասկածներ չունեմ, ինձ մնում էր դիտարկել ընդամենը երկու տարբերակ.
    Կամ խմբագրությունը դրսևորել է մեծահոգություն ընկճված վիճակում հայտնվածների նկատմամբ, կամ էլ համարել է, որ դա շատ աննշան երևույթ է, ըստ էության հասարակության վրա որևէ ազդեցությությունից այլևս զուրկ, սակայն միաժամանակ չեմ բացառում այն, որ ՛՛Առավոտի՛՛ հարկաբաժնում դեռևս թևածում է այն միտքը, թե ՛՛նրանց՛՛ դեմ խաղ չկա և ընտրվողն ընտրվել ա…
    Ինչև է, քանի որ վերոնշյալ մտասևեռումներից որևէ մեկն ինձ առնվազն հոգեհարազատ չէ, ինչպես նաև ելնելով մեր համաքաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքից, առաջարկում եմ այցելել այստեղ.
    https://www.7or.am/am/news/view/51345/ ,

  12. Նունե says:

    Հիմա ավելի շատ հենց ՈՉ երևանցիների ձայնն է հաշվի առնվում…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031