Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանա-հայկական երաժշտական միության «դեսանտը»՝ Երեւանում

Մայիս 03,2013 13:59

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօրվանից մինչեւ մայիսի 9-ը Գերմանա-հայկական երաժշտական միությունը՝ Դետմոլդ քաղաքի երաժշտական համալսարանի պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդայի ղեկավարությամբ, կանցկացնի ջութակահարների վարպետության դասընթացներ: Իսկ այսօր երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը գերմանացի եւ հայաստանցի երաժիշտները հանդես կգան համերգով:

Մինչ հյուրերի հետ հանդիպումը, «Առավոտը» զրուցեց ալտահար, Երեւանի կոնսերվատորիայի դասախոս, գիտությունների թեկնածու Վաչե Հովեյանի հետ, ով Գերմանա-հայկական երաժշտական միության անդամ է: Մեր զրուցակիցը հայտնեց, որ միությունը ստեղծվել է 2011թ., Կարլառուհեում՝ ջութակահար Անի Աղաբեկյանի նախաձեռնությամբ, հավելելով, որ ջութակահարուհին 2004թ. մեր կոնսերվատորիան ավարտելուց հետո կատարելագործվել է Գերմանիայում՝ անվանի ջութակահար եւ մանկավարժ Յոզեֆ Րիսինի ղեկավարությամբ, իսկ 2006-ից՝ կատարողական գործունեությանը ավելացրել է նաեւ մանկավարժությունը:

Անի Աղաբեկյանը՝ շեշտելով, որ ի թիվս հայաստանցի երաժիշտների, միության պատվավոր անդամ է նաեւ Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը, տեղեկացրեց. «Անցյալ տարի աշնանը Կարլառուհեում կայացավ Գերմանա-հայկական երաժշտական միության կազմակերպած համերգաշարի բացման արարողությունը, որին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ հայաստանցի երաժիշտներ: Համերգին ներկա էին Կարլառուհեի քաղաքապետը, Գերմանիայում Հայաստանի հյուպատոս Գյունթեր Պիլարսկին, պաշտոնական այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տեղացի ու հայ համայնքի երաժշտասերներ: Հուրախություն ինձ ու միության անդամների, հաջորդ օրը կենտրոնական լրատվամիջոցները արձագանքել էին միջոցառմանը»: Հարցին, թե միության աշխատանքները սահմանափակվում են միայն վարպետության դասընթացներով եւ համերգներ կազմակերպելո՞վ, մեր զրուցակիցը նշեց, որ իրենք ձեռնամուխ են եղել նաեւ հայ կոմպոզիտորների նոտաների եւ երաժշտական այլ ձեռնարկների տպագրման աշխատանքներին, հավելելով. «Հայաստանցի ստեղծագործողները իրենց երկերը կարող են ուղարկել մեր հասցեով եւ ընտրության արդյունքում նրանց կտեղեկացվի հետագա ընթացքի մասին: Ի դեպ, դա արվում է Գերմանիայում հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստը տարածելու նպատակով եւս»:

Դիտարկմանը՝ հաճախ Հայաստանում արտերկրյա դեսպանությունները խոչընդոտում են հայաստանցի երաժիշտների մուտքն իրենց երկիր, միության նախագահը հակիրճ պատասխանեց. «Մեր ոչ երկարամյա գործունեության ընթացքում նման դեպք չի գրանցվել»:

Պրոֆեսոր Քոհ Գաբրիել Կամեդան հատուկ նշեց, որ դասընթացներին ինքն ու կոլեգաները սիրով խորհուրդներով կօգնեն երաժշտական դպրոցների լավագույն սաներին եւս. «Չի բացառվում, որ մայիսի 9-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք եզրափակիչ համերգի ընթացքում ուսանող ջութակահարների կողքին ելույթ ունենան նաեւ դպրոցահասակ շնորհալի երաժիշտներ»:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ հիշյալ միության անդամ կարող են լինել ոչ միայն երաժիշտներ, այլեւ մշակույթի մյուս ոլորտները ներկայացնող արվեստագետներ, նույնիսկ երաժշտասերներ: Այդ առիթով Անի Աղաբեկյանը մեզ ներկայացրեց իրենց միության անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Ալեքսանդր Էմերիշին: Հետաքրքրությանը, թե տնտեսագետը ի՞նչ դեր ունի միության աշխատանքներում, նա ժպտալով պատասխանեց. «Իմ եւ իմ նմանների դերը շատ մեծ է: Իսկ առանց մեր ներկայության ի՞նչ պետք է անի արվեստագետը. խոսքս պատրաստված ունկնդրի մասին է: Ես կոչ եմ անում դասական երաժշտության հայաստանցի սիրահարներին՝ անկախ մասնագիտությունից, համալրել մեր շարքերը՝ դառնալով միության անդամ: Մեր հասցեն գաղտնիք չէ՝ Գերմանիա, քաղաք Կարլառուհե, Գերմանա-հայկական երաժշտության միություն»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում`  Վաչե Հովեյանը (ձախից), Անի Աղաբեկյանը, Քոհ Գաբրիել Կամեդան

եւ Ալեքսանդր Էմերիշը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031