«Քարոզարշավն ընդհանուր առմամբ անցավ դրական, չհաշված այն, որ որոշ մարդիկ փորձում էին մարտնչել Անդրանիկ Մարգարյանի շիրիմի դեմ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն էր խոսել այն մասին, որ Տարոն Մարգարյանի հոր`Անդրանիկ Մարգարյանի դամբարանատունն ամենաճոխն է:
Լրագրողները հետաքրքրվեցին`ինչո՞ւ ՀՀԿ-ն ամփոփիչ հանրահավաք չարեց: Սահակյանը նկատեց. «Բակային հանդիպումներն այնքան մարդաշատ են, որ հանրահավաքի կարիք մեծ հաշվով չկա, իննսունհիգ հազարից ավելի մարդկանց հետ է հանդիպել»:
Բանավեճերից խուսափելու մասին էլ ասաց, որ Տարոն Մարգարյանն ինքն է որոշում իր ռազմավարությունը. «Հանդիպումների ընթացքում կարողացել է իր ասելիքը, իր գործունեության լավ եւ վատ կողմերը ներկայացնել: Եթե խնդիր ունեին դեբատների միջոցով հասնել ինչ-որ բանի, չենք խանգարել, թող ինքը որոշի իր գործողությունների հաջորդականությունը»:
Կարդացեք նաև
ՀՀԿ խմբակցության քարտուղարը վստահ է, որ Երեւանի ավագանիում ՀՀԿ-ն իր դիրքերը կպահպանի: Լրագրողները նկատեցին, որ քիչ առաջ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, որ ԲՀԿ-ն է առաջին տեղը զբաղեցնելու, Հովհաննես Սահակյանն ասաց. «Ստեփան Մարգարյանն ուշացել է այդ հայտարարության առումով, չեմ կարծում, որ ընդդիմադիր, հալածյալի կեցվածք որդեգրելով՝ պետք է լինեն առաջինը»:
Ինչ մնում է Տարոն Մարգարյանի ունեցվածքի բազմաչարչար հարցին, Սահակյանն ասաց, որ նա ազնիվ կերպով է հայտարարագրել իր ունեցվածքը ու խորհուրդ տվեց անհանգստանալ նրա համար, թե ովքե՞ր եւ ինչո՞ւ իրական ունեցվածքը չեն հայտարարագրել. «Ազնվությամբ ամրագրելը հիմք է տալիս, որ թերահավատները դիմեն իրավապահ մարմիններին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ